Պետք է անել արագ ու ճիշտ քայլեր. Կարեն Ադոնց
Advertisement 1000 x 90

Պետք է անել արագ ու ճիշտ քայլեր. Կարեն Ադոնց

Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան էջից

«Ձեզ ասում են, դուք ասում եք, Ձեզ ասում են, դուք ասում եք…

  1. Ձեզ ասում են՝ հենց թուրքերը զգացին (հաշվարկեցին), որ Ռուսաստանը բավարար թուլացելա, մեր հարավում բացելու են «2-րդ ճակատ»։ Համբերատար դրան են սպասում։ Սյունիքով միանալը, իրենց համար դա դեռ միայն «պլացդարմ» է՝ ճանապարհը դեմ է առնում Կասպից ծովին (որտեղ Ռուսաստան ու Իրանն են)։ Իրենց հաջորդ կարևոր նպատակը՝ դա Իրանի հյուսիսը կտրելով, մերձկասպյան ցամաքով, Միջին Ասիային միանալն է՝ բացելով «3-րդ միջինասիական ճակատը»։ Ու իրենք իրենց նպատակներում մենակ չեն։

Ասում եք՝ «խաղաղության դարաշրջան», խաղաղության օրակարգ։

Բոլորս էլ «խաղաղությունից» ենք խոսում՝ մոտեցումներն են տարբեր։

  1. Ձեզ ասում են՝ Թուրքիայով ու Ադրբեջանով անցնող ճանապարհները չեն կարող մեզ համար ունենալ ռազմավարական նշանակություն, չի կարելի դրանք կապել մեր զարգացման որևէ հեռանկարի հետ։ Ճանապարհներ են, բացվում են թող բացվեն, բայց ասել, որ դրանք մեզ տրանզիտային փողեր կբերեն, 30% տնտեսական աճ կապահովեն և այլն՝ միամտություն է։

Ասում եք՝ «հյուսիս-հարավ», մաքուր պղինձ, էլեկտրատեխնիկա, ատոմակայան…։

Մենք շա՜տ խելացի պետք է դեռ գտնվենք, որ «ապաշրջափակումը» չդառնա մեզ համար մեծ «գլխացավանք»։

  1. Ձեզ ասում են՝ ստեղծեք «Ռազմատնտեսական կոմիտե» անկախ մարմին, որ կարողանա անկաշկանդ համակարգել տնտեսության արագ ու նպատակային վերակառուցումը։ Սա բարդ և նուրբ գործ է՝ պահանջում է բոլոր ուժերի, մասնագետների համախմբում, բացառելով քաղաքական հայացքների ազդեցությունը։

Ասում եք, մենք «աննախադեպ» լավ ենք կառավարում՝ «երկնիշ աճ» ունենք, տուրիզմը «թռավ», քիմիան 30% աճ, պղինձը «մեր նավթնա», բյուջեն աճումը, շինարարությունն աճումա, աշխատատեղերն աճում են, դրամն էլ ուժեղանումա….։

Դե էլ ի՞նչ ասես։

  1. Ձեզ ասում են՝ արհեստականորեն սահմանափակելով կանխիկի շրջանառությունը, չաշխատացնելով բորսան, չձևավորելով բաժնետոմսերի լայն շրջանառություն, էապես ավելացնելով վարկային բեռը՝ ակամայից օժտում եք բանկային համակարգին մենաշնորհային դիրքով։ Եթե սա խորացավ, վաղը, մի բան պատահեց բանկային համակարգին, պետության «շարժիչը» լռվելու է։ Մի բան էլ ասեմ՝ սրա հաջորդ փուլը «ֆինանսա-բանկային օլիգարխիայի» գոյացումն է։

Ասում եք՝ սա ծրագրավորված, ֆինանսական համակարգի աննախադեպ ռեֆորմներից մեկն է։

Դե, ի՞նչ ասեմ։

  1. Ձեզ ասում են՝ փոխարժեքը պետք է կարգավորել «կառուցվածքային գործիքներով», ապահովելով արագ զարգացում։ Արտարժույթի մեծ ներհոսքը՝ ամենալավ պայմանն է վերակառուցման ու արագ զարգացման համար։

Ասում եք, թող արդյունավետ աշխատեն՝ չենք կարող անզգույշ քայլերով գնաճը խթանել։ Մյուս կողմն էլ իրենն է պնդում՝ թող պետությունը փող տպի, գնի «դոլարի ավելցուկը», հետո թող պարտատոմս թողարկի, հետ բերի «դրամի ավելցուկը»՝ պարտքը դնելով բյուջեի ուսերին։ Կամ էլ՝ թող փոխարժեքի տատանումներով պայմանավորված արտահանողների կորուստները պետությունը բյուջեյով փոխհատուցի։

Տխուրա, տխուր։

  1. Ձեզ ասում են՝ «դրոնները» պետք է ինքնուրույն արտադրել, մեծ քանակներով։ Դրա համար պետք է զարգացնել և միավորել «5 ռազմավարական ճյուղ, որի մասին բազմիցս խոսվել է։ Դրոններն ու հեռահար հրետանին որոշիչ են լինելու նոր պաշտպանական համակարգում՝ մեր տարածաշրջանում առավել ևս։

Ասում եք՝ կգնենք Հնդկաստանից, Չինաստանից և այլն։

Անհրաժեշտ քանակներով չենք կարող գնել, պետք է գոնե այս ապրանքատեսակը արտադրել Հայաստանում։

  1. Ձեզ ասում են՝ շտապ անհրաժեշտ է խթանել ներդրողների համար պատրաստի արդյունաբերական տարածքների (շինությունների) կառուցումը, ինչն էապես կհեշտացնի ներդրումների ներգրավումն ու ճիշտ տեղաբաշխումը։

Ասում եք՝ նախ ուսումնասիրենք, թե ինչպես են աշխատում արդյունաբերական գոտիները այլ երկրներում հետո կվորոշենք։

Ու գնացին անգործ տարիները։

  1. Ձեզ ասում են՝ պետությունը, հողատարածքների միավորման հենքի վրա, պետք է ձևավորի և վերցնի հավատարմագրային կառավարման՝ կոպերատիվներ կամ ԲԲԸ-ներ, որպեսզի կարողանա զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսություն։ Մի սպասեք, որ գյուղատնտեսությունը մնացած ոլորտներից աճելու է ավելի արագ։ Ընդհակառակը՝ տնտեսության զարգացմանը զուգընթաց, գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում, 13%-ից իջնելու է 2%-ի։ Այդպես է ողջ աշխարհում։

Ասում եք՝ կաթիլային ոռոգում, ջերմոցներ, խելացի գոմեր, վարկեր..։

Երկար է տևում, շատ երկար։

  1. Ձեզ ասում են՝ եթե շարունակեք պահպանել տնտեսության այսօրվա նեղ, սահմանափակ կառուցվածքը, դեգրադացնելու եք աշխատաշուկան։ Համալսարաններում հազարավոր թափուր մնացած տեղերը՝ դրա արդյունքն են։

Ասում եք՝ կրթական համակարգի «ռեֆորմ» ենք իրականացնում։

  1. Ձեզ ասում են՝ պարզեցրեք կապիտալի շուկայի օրենսդրությունը, բաժնետիրական կապիտալը թող ընդլայնվի։ Հասարակ բաժնետոմսը, դրա շրջանառությունը՝ դա նախ «կապիտալի» շրջանառություն է, ոչ թե «ֆինանսի»։ Այն ոչ մի բանով չի տարբերվում սահմանափակ պատասխանատվության ընկերության բաժնեմասի վաճառքից ու վերավաճառքից։ Ավելին՝ քիչ ռիսկային է (ունի ավելի մեծ տեղեկատվական թափանցիկություն), 1000 անգամ ավելի պակաս ռիսկային է, քան «կազինոյի խաղադրույքը»։ Ի՞նչ գործ ունի Կենտրոնական Բանկը դրա հետ, ո՞ւր եք փակել մեծածավալ ներդրումների դռները։

Ասում եք՝ բորսան վաճառել ենք, ռեֆորմներ ենք անում….

Ոչ մի արդյունքի չի բերելու։

  1. Ձեզ ասում են՝ առանց համայն հայության մասնագիտական, սպառողական և ներդրումային միավորման, մեծ զարգացում չի լինելու։ Գիտե՞ք, ինչ հենքի վրա են ազգերն ու պետությունները միավորվում։ «Արտադրական կոպերացիայի», ոչ թե վերացական գաղափարների։ Եթե Արևմուտքում սերտ արտադրական կոպերացիա չլիներ, այսօրվա քաղաքական միասնությունը չեր լինի (ողջ պատմության ընթացքում, մինչև 1945թ., Արևմուտքը մշտապես եղել է մասնատված, հակամարտությունների մեջ խրված)։ Եթե Գորբաչովը մեկ ամսում բաժնետիրական դարձներ սովետի արտադրական ձեռնարկությունները, բաժանելով բաժնետոմսերը և արգելելով 15 տարի վաճառել դրանք՝ Սովետական միությունը չէր փլուզվի և եթե Ռուսաստանի տնտեսությունը Արևմուտքի հետ ունենար արտադրական կոպերացիայի առավել բարձր մակարդակ՝ հիմա Ռուսաստանի տնտեսությունը կանգնած կլիներ անհաղթահարելի կոլապսի առջև։

Համահայկական տնտեսական միավորման իմ առաջարկության հիմքում ընկած է եղել հենց այս գաղափարը՝ բաժնետիրական սպառման միավորում+պահանջարկ+մասնավոր շահ+ներդումներ+արտադրական կոպերացիա։ Միավորմանն առնչվող մնացած բոլոր խոսակցությունները՝ «հեքիաթների» ժանրից են։

Ասում եք՝ նախ «կոնֆերանս» կազմակերպենք, որ հասկանանք, թե ով է ժամանակակից հայը, ինչ դեր պետք է ունենա սփյուռքը Հայաստանի կյանքում և այլն և այսպես շարունակ։

Ու գնացին տարիները…։

Հ. Գ.Առաջին անգամ զգացողություն կա, որ «պահը» արդեն բաց ենք թողել ու ժամանակը չի հերիքելու։ Ամեն դեպքում, պետք է անել արագ ու ճիշտ քայլեր»։



Նման նյութեր