Պատմության մեջ առաջին անգամ գիտական աշխարհը ուշադրություն է դարձնում հինգ հազար տարվա պատմություն ունեցող հայկական Անի քաղաքի (գտնվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանին) ստորգետնյա գեղատեսիլ աշխարհին:
«Հյուրիեթ» օրաթերթը գրում է, որ հետազոտողներ, գիտնականներ, ակադեմիկոսներ են մասնակցել Կարսում տեղի ունեցած սիմպոզիումին՝ «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրով, քննարկելու համար քաղաքի ստորգետնյա աշխարհը, որը հին ձեռագրերում հիշատակվել է որպես հինմիջագետքյան գաղտնի դպրոցի գտնվելու վայր:
Տեղաբաշխված լինելով Ախուրյան գետի ափին գտնվող բլրի վրա` Անին Հայաստանի մայրաքաղաքներից ամենահայտնին է: Հռչակավոր իր վեհաշուք և պատկառազդու կերպարի համար` Անին հայտնի էր որպես հազար և մեկ եկեղեցիների և քառասուն դարպասների քաղաք: Իր լավագույն ժամանակներում Անին ազդեցությամբ և չափերով մրցակցում էր Կոնստանտինոպոլիսի, Բաղդադի և Կահիրեի հետ: 11-րդ դարում Անիի բնակչությունը աճել հասել էր հարյուր հազարի: Ավելի ուշ այն պիտի դառնար մրցակից կայսրությունների բախումների մարտադաշտ, ինչը հանգեցրեց նրա ավերմանն ու ամայացմանը:
Այսօր հարյուրավոր հնագույն եկեղեցիներ, զրադաշտական տաճարներ ու տարբեր շենքեր՝ մեծամասնությունը ավերված, սփռված են խորդուբորդ ու լքված տարածքների վրա: Պեղումները բացահայտել են, որ այս տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, առնվազն Բրոնզե դարից, բայց Անիի ամրոցի մասին առաջին գրավոր հիշատակությունը պատկանում է Ք.Ծ. 5-րդ դարին: 8-րդ դարի վերջում Անին իր մերձակա տարածքների հետ հայտնվեց Բագրատունիների հարստության հսկողության տակ: Քաղաքը սկսեց աճել Ք. Ծ. 961 թվականից, երբ Բագրատունի Աշոտ 3-րդ թագավորը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի: Ընդամենը 40-50 տարվա ընթացքում Անին փոքրիկ ամրոցից վերակերպվեց-դարձավ մեծ միջնադարյան քաղաք:
1880 թվականն էր, որ «Ընդհատակյա Անին», ինչպես տեղացիները կոչում են այն, առաջին անգամ հայտնաբերվեց: Գևորգ Գյուրջիևը, ով իր մանկության ու պատանեկության մեծ մասն անց էր կացրել Կարսում, Պողոսյան ազգանունով իր ընկերոջ հետ ճեղք նկատեց գետնի վրա: Նրանք սկսեցին փորել և հայտնաբերեցին մի նեղ անձավ: Դա դարձավ աննկարագրելի հայտնագործության սկիզբը. գաղտնի ջրագծեր, անհայտ վանականների խցեր, աղոթքի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների ցանց, որոգայթներ և փակուղիներ հայտնաբերվեցին հին հայկական Անի քաղաքի ավերակների տակ:
Սենյակներից մեկում Գյուրջիևը մագաղաթի մի կտոր հայտնաբերեց: Թեև նա շատ լավ հասկանում էր հայերեն, մեծ դժվարություններ ունեցավ մագաղաթի գրվածքը կարդալու հարցում: Ինչպես հետագայում պարզվեց, գրվածքը Հայոց հին լեզվով էր՝ առաջին նշանը, որ Անիի ստորգետնյա աշխարհը չափազանց հին է: Որոշ ժամանակ անց Գյուրջիևը կարողացավ վերծանել գրվածքի իմաստը: Նա պարզեց, որ դա մի վանականի գրած նամակ է՝ մեկ ուրիշ վանականի: Գրվածքի համաձայն, այս վայրում եղել է հնագույն Միջագետքյան գաղտնի (էզոթերիկ) դպրոց: Գյուրջիևը իր հայտնագործության մասին պատմել է ամսագրում: Նա գրում է. «Մենք հատկապես հետաքրքրված էինք մի նամակով, որի հեղինակը հիշատակում էր իր ունեցած խորհրդավոր տեղեկությունների մասին: Նամակի վերջին պարբերություններից մեկը հատկապես գրավեց մեր ուշադրությունը. «Մեր թանկագին Հայր Թավլենտը հաջողել է Սարմունգի եղբայրության մասին իր հետազոտություններում: Նրանց կազմակերպությունը իրականում գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում և հիսուն տարի առաջ, ժողովրդի գաղթից հետո, նրանք նույնպես գաղթել են և տեղավորվել Իզրումին գյուղի մոտակայքում, Նիվիսսի մոտից երեք օրվա ճամփորդության հեռավորության վրա», ապա նամակը շարունակվում է այլ թեմաներով: Ինչը մեզ ցնցեց ամենաշատը՝ «Սարմունգ» բառն էր, ինչին մի քանի անգամ հանդիպել էինք «Մերխավաթ» կոչվող գրքում: Սարմունգը մոգերի հանրահայտ դպրոցի անունն է, որ ավանդույթի համաձայն, հիմնադրվել է Ք.Ծ.Ա. 2500-ական թվականներին՝ Բաբելոնում: Համարվում է, որ այն գոյություն է ունեցել մինչև Ք.Ծ. 7-րդ դարը՝ ինչ-որ տեղ Միջագետքում: Բայց նրա հետագա գոյության մասին որևէ մեկը որևէ տեղից որևէ տեղեկատվություն չուներ: Ընդունված է կարծել, որ այս դպրոցը տիրապետում էր հսկայական գիտելիքների և ուներ բազմաթիվ առեղծվածների բանալիները»:
«Գյուրջիևի՝ 135 տարի առաջվա հայտնագործությունները չէին հաստատվում մինչև 1915 թվականի պեղումները: Տարիներ անց, իտալացի հնագետների խումբը հաստատեց, որ այդտեղ վանական համալիր է եղել»,- ասում է պատմաբան Սեզայ Յազիչին, ով ելույթ է ունեցել Կարսի սիմպոզիումի ժամանակ: Այդ ժամանակներից Անիի ստորգետնյա տարածքների նոր շերտեր են բացահայտվել: Յազիչին ասում է, որ ստորերկրյա կարևորագույն կառույցների թվում են «Գիդեն Գելմեզ» անվանակոչված թունելը, Ընդհատակյա Անին և Գաղտնի դուռը: Ընդհանուր առմամբ, այս պահին 823 ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել Անիում, ներառյալ բնակարաններ, պահեստներ, մթերային խանութներ, վանքեր, մատուռներ, ալրաղացներ, ախոռներ, ջրամբարներ: Յազիչին պնդում է, թե ժամանակն է, որ աշխարհը լրջորեն ուսումնասիրի Անիի ընդհատակյա աշխարհը և անհրաժեշտ է հետագա ուսումնասիրություններ կազմակերպել այդ վայրում: Կարսի սիմպոզիումը առաջին քայլ էր այդ նպատակին հասնելու ճանապարհին:
Ամբողջությամբ՝ armtimes.com