Հայաստանում խախտված է ժողովրդագրական բուրգը․ ԵՊԲՀ ռեկտոր
Advertisement 1000 x 90

Հայաստանում խախտված է ժողովրդագրական բուրգը․ ԵՊԲՀ ռեկտոր

Ժողովրդագրական առումով Հայաստանը ծերացող հասարակություն ունեցող երկրներից է, եւ դա անհանգստության տեղիք է տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ «Մանկաբուժություն եւ ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները եւ լուծումները» գիտաժողովի շրջանակներում։

Նա նշեց, որ սոցիալական պայմանների եւ առողջապահական հնարավորությունների բարելավման հետ մեկտեղ Հայաստանում տարեց մարդիկ ավելի երկար են ապրում, եւ դա լավ է, բայց մեզ մոտ խախտված է ժողովրդագրական բուրգը, որի հիմքում երեխաներն են, իսկ գագաթին՝ տարեցները։ Երբ տարեցները 12 տոկոսից ավելի են, դա ծերացող հասարակություն է։

Արմեն Մուրադյանը երկրում ծնելիության տարբեր տարիների ցուցանիշներ բերեց՝ 1990 թվականին Հայաստանում ծնվել է 80 000 երեխա, 2000 թվականին՝ 32 000 երեխա, 2021 թվականին՝ 36 000 երեխա։

«Սա պետք է շատ լուրջ քննարկման առարկա դառնա, քանի որ վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր կնոջը մեզ մոտ բաժին է ընկնում 1,6 երեխա։ Այսինքն՝ այս բուրգի հիմքը նոսրանում է, իսկ գագաթին մենք աճող թիվ ունենք, որոնց համար մեծ սիրով խնամք ենք ապահովում, բայց երկրի ուժը երեխաներն են»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ աճող սերնդի առողջության հետազոտությունը նույնպես տագնապ է առաջացնում՝ տասներորդ դասարանցիների միայն 7,5 տոկոսն է բացարձակ առողջ։

Երկրորդ խնդիրը մանկաբույժների պակասն է, որոնց միջին տարիքը Հայաստանում 68 տարեկան է կազմում։ Երիտասարդ մասնագետներին այս ոլորտ ներգրավելու համար, նրա խոսքով, պետք է հարցին գործնականորեն մոտենալ՝ նրանց համար նյութական բարեկեցություն եւ սոցիալական պաշտպանվածություն ապահովել։

Նրա խոսքով՝ տարեցները ոչ թե պարզապես պետք է երկար ապրեն, այլ այդ երկար տարիները պետք է արեւով լի լինեն։ Իսկ հավելյալ արժեք ստեղծելու եւ արժանապատիվ ծերություն ապահովելու համար անհրաժեշտ է երկրում բարձրացնել ծնելիությունը եւ առողջ սերունդ մեծացնել։

Paulmik GmbH կրթական կենտրոնի տնօրեն (Գերմանիա), թերապեւտ-սրտաբան Եվգենի Ավերինը, պարզաբանելով, թե ինչու է մեկ գիտաժողովի ընթացքում առողջապահության երկու «հերոսների»՝ մանկաբուժության եւ ծերաբուժության խնդիրները քննարկելու գաղափար ծագել, հիշեցրեց Ճապոնիայի փորձը, որտեղ միավորել են ծերերի եւ երեխաների պետական հաստատությունները։ «Այնտեղ մեծահասակներն իրենց խնամակալության տակ են վերցնում երեխաներին, նրանք միասին ժամանակ են անցկացնում, եւ դրանով իսկ երիտասարդ սերունդը մեծանում է սիրո մեջ, իսկ ավագ սերունդը հասկանում է, որ ինքը լքված չէ: Նա իր հմտություններն ու գիտելիքները փոխանցում է երեխաներին»,- ասաց նա՝ հավելելով, որ բժշկության մեջ այժմ գործում են նույն միտումները։