Ջազ աշխարհի «Մոցարտն» ազգությամբ հայ թմբկահար է 
Advertisement 1000 x 90

Ջազ աշխարհի «Մոցարտն» ազգությամբ հայ թմբկահար է 

Ջեյքոբ Արմենը թմբկահար է։ Ոչ թե շարքային թմբկահար, ում մասին կարելի է խոսել միայն այն պատճառով, որ նա ազգությամբ հայ է, այլ, ինչպես գրում է միջազգային մամուլն ու փաստում են լեգենդար երաժիշտները, պարզապես մի հրաշամանուկ է, ջազ աշխարհի «Մոցարտը»: Նա կարողացավ շշմեցուցիչ աղմուկ հանել ջազի երկրում՝ Ամերիկայում, ցույց տալով, թե ինչ ձայներ կարող է հանել թմբուկը։ Ապացուցեց, որ նույնիսկ 6 տարեկանում կարելի է հասնել մեծ հաջողությունների և հայտնվել հեղինակավոր People ամսագրի շապիկի վրա: 26-ամյա Ջեյքոբ Արմենի մասին ինֆորմացիա պեղելիս մենք կարողացանք կապ հաստատել նրա հետ: Ավելին, Ջեյքոբի միջոցով կարողացանք հանդիպել նրա հոր՝ Ալբերտ Արմենի հետ, ով այս տարվա սեպտեմբերին՝ կյանքում առաջին անգամ այցելել էր Հայաստան: «Ես երկկողմանի հայ եմ: Մեծացել եմ Պարսկաստանում, սակայն ինձ դաստիարակել են հայկական ոգով: Ես ապրել եմ նահապետական ընտանիքում, և այդպիսին է այսօր նաև իմ ընտանիքը, թեպետ մենք ապրում ենք ԱՄՆ-ում: Ես ունեմ երեք երեխա՝ երկու տղա և մեկ դուստր, և նրանք բոլորն էլ շատ լավ տիրապետում են հայերեն լեզվին, քանզի մենք հայկական ոգով դաստիարակված մարդիկ ենք»,- մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց Ալբերտ Արմենը։ Ի դեպ, նա նույնպես երաժիշտ է և ամերիկյան հեռուստաալիքներից մեկով հաղորդում է վարում հայտնի հայաստանցիների մասին (հաղորդաշարը կոչվում է Albert’s Show): Բացի այդ,1966թ., երբ ԱՄՆ-ում ազգային խտրականությունը խիստ արտահայտված էր, Ալբերտն ամերիկյան հեռուստաեթերներից մեկով հայկական ժամ ուներ, որը, սակայն, հեռարձակվում էր անգլերենով:

Նախքան Ջեյքոբի մասին խոսելը, Ալբերտից փորձեցինք պարզել, թե ինչպես է հայկական այս ընտանիքը հասել ԱՄՆ և հիմնվել այնտեղ: «Փոքր հասակում ես բուժքրոջ ձեռքից ընկել էի և արդյունքում լուրջ խնդիրներ ունեցա տեսողությանս հետ: Երբ 17 տարեկան էի, մեկնեցի ԱՄՆ՝ հույս ունենալով, որ այստեղ բժիշկներն ինձ կկարողանան օգնել: Սակայն, ինչպես հետո պարզվեց, այլևս շատ ուշ էր. պետք է հաշտվեի, որ մինչև կյանքիս վերջ տեսողությունս շատ վատն է լինելու: Եվ այդպես ես մնացի ԱՄՆ-ում»,- պատմեց Ալբերտը: Երաժիշտ, կոմպոզիտոր Ալբերտը երաժշտությունից ու հեռուստաշոուներից բացի զբաղվում է նաև բիզնեսով: Նա ունի ռեստորան, որը հավաքատեղի է ինչպես հայ, այնպես էլ այլազգի արվեստասերների և արվեստագետների համար: «Իմ ազգի «նախանձն» ինձ դրդեց երաժշտությունից բացի՝ բիզնեսով զբաղվել: Հատկապես, երբ տեսա, որ ԱՄՆ-ում հայերը ռեստորաններ են բացում՝ «Ալի Բաբա» և այլ արաբական անուններով, այն դեպքում, երբ, օրինակ, հույներն իրենց ակումբների և ռեստորանների անուններն անպայման «Greek»-ով են սկսում: Որոշեցի ինքս էլ բացել մի հավաքատեղի և անվանել այն՝ Ալբերտ Արմենի փոքրիկ Հայաստանը: Շատ հայտնի մարդիկ են այստեղ հաճախել և շարունակում են հաճախել: «System of a Down» խմբի տղաները փոքր ժամանակ իրենց ծնողների հետ շատ են եկել մեր ռեստորան»,- պատմում էր Ալբերտը: Վերադառնալով Ալբերտի տաղանդավոր որդուն՝ Ջեյքոբին, նշենք, որ հենց այս ռեստորանում է նա 3 տարեկանից սկսած թմբկահարել: Ասում են, Ջեյքոբը հանճարեղ թմբկահար դարձավ հոր երազանքով: 2 ամսական երեխայի ձեռքին թմբուկի փայտիկները դրել է հայրը և այդ ժամանակից սովորեցրել, թե ինչ ասել է՝ տակտ: Ունենալով 36 աշակերտ` Ալբերտ Արմենը համոզված է, որ Ջեյքոբի նման աշակերտ չի ունեցել: «Այդպես չեմ ասում, որովհետև նա իմ որդին է: Իրոք, հետագայում էլ մեծանուն երաժիշտներն առիթ ունեցան տեսնելու, որ այս երեխան պարզապես հրաշք է: 18 ամսականից Ջեյքոբը նվագում էր թմբուկների վրա: Դրանք սովորական երեխայական հարվածներ չէին,- պատմում է թմբկահարի հայրը,- Նվագում էր բարդ ջազային մեղեդիներ, արտակարգ հասկանում էր` ինչ ասել է՝ տակտ»:

jjj

Ի դեպ, Ջեյքոբ Արմենը բեմական կեղծանուն է, որը հետագայում վերածվել է իսկական անվան: Ջեյքոբը տղայի իսկական անունն է, այսինքն` Հակոբ: Ինչ վերաբերում է Արմեն ազգանվանը, ապա տղան այն ժառանգել է հորից և ի սկզբանե Արմեն (այսինքն` հայ) բեմական կեղծանունը եղել է Ալբերտինը: «Երբ դեռ Պարսկաստանում էի, պարսկական մի թերթում գրել էին իմ մասին, թե պարսիկ մի երաժիշտ 8 րոպե շարունակ արժանացել է ծափողջույնների: Հայրս բարկացավ ու ասաց, որ այլևս ինձ Ալբերտ Արմեն անվանեմ, որ բոլորն իմանան, որ ես հայ եմ»,- պատմում է Ալբերտը: Ջեյքոբը 6 տարեկան էր, երբ մի օր Ալբերտ Արմենի ռեստորան մի կին այցելեց: Ջեյքոբը նվագում էր թմբուկների վրա: Կինը շատ կոպիտ ու նյարդայնացած հրամայեց դադարեցնել երաժշտությունը: Հուզված Ջեյքոբի համար սա կարող էր սթրես լինել և պատճառ հանդիսանալ, որ նա այլևս չնվագի, հատկապես, որ մինչ այդ նրա ունկնդիրները միշտ հիացել էին իր ռիթմիկ հարվածներով: Դրությունը փրկեց հայրը` Ալբերտը, ով այդ պահին վերցրեց հեռախոսը և զանգահարեց հայտնի ջազ բենդերից մեկի ղեկավարին` տեղեկացնելով, որ կա մի փայլուն երաժիշտ, որին անհրաժեշտ է անպայման լսել: Ջազմենը հանրահայտ Պոնչո Սանչեսն էր, ով Ալբերտին պատասխանեց, թե 240 հոգի հերթի մեջ են, և այդ «փայլուն» երաժիշտը ստիպված է սպասել: Երբ Ալբերտն ասաց, որ երաժիշտն ընդամենը 6 տարեկան է, ջազմենը հաջորդ օրն արդեն Ալբերտի ռեստորանում էր: Երբ Ջեյքոբը վերջացրեց նվագելը, Սանչեսն ասաց՝ ո՞ր մոլորակից է այս երեխան:

Հայտնի թերթերը, հեռուստաալիքները, ռադիոները սկսեցին խոսել Ջեյքոբ Արմենի մասին. 6 տարեկան հրաշամանուկը ցնցել էր բոլորին: 1990թ. 9-ամյա տղան հոր հետ մասնակցեց 30 րոպեանոց մի շոուի, որը հեռարձակվում էր PBS հեռուստաալիքով։ Այդ շոուի շնորհիվ հեռուստաալիքն արժանացավ «Emmy» մրցանակին: 10 տարեկան հասակում Ջեյքոբն Իտալիայում մասնակցեց 2-14 տարեկան փոքրիկ տաղանդների մրցույթին, որին մասնակցում էին 300 երեխաներ՝ ամբողջ աշխարհից: Սակայն մեր հայրենակիցը կարողացավ ապացուցել, որ ինքը լավագույնն է. նա ստացավ առաջին մրցանակը և 20 միլիոն լիր մրցանակային պարգևի արժանացավ: Լեգենդար երգիչ Փրինցին Ջեյքոբը հանդիպեց յոթ տարեկան հասակում։ «Ամենասարսափազդու և տպավորիչ թմբկահարն է, որին ես մինչ օրս տեսել եմ,- տղայի մասին կարծիք հայտնեց Փրինցն ու ավելացրեց,- Աստված թերևս լավ տրամադրություն է ունեցել քեզ ստեղծելուց»: Ավելի ուշ լեգենդար երգիչը Ջեյքոբի հետ համագործակցելու առաջարկ արեց: «Այդ ժամանակ մեր տանը մեծ տարաձայնություններ սկսվեցին: Ես կարծում էի, որ դա հոյակապ շանս կլինի որդուս համար, սակայն կինս դեմ էր: Նա մտածում էր որդուս պատվի մասին` մտավախություն ունենալով, որ եթե նա աշխատի Փրինցի հետ, գուցե վտանգի իր պատիվը: Դե, հասկանում եք, մենք բավական նահապետական ընտանիք ենք»,- պատմում էր Ալբերտը: Ինչևէ, համագործակցությունը կայացավ: Այդ տարիներին Ջեյքոբն արդեն հասցրել էր ձայնասկավառակ թողարկել: Իսկ իր երկրորդ ալբոմը նա ձայնագրեց սեփական պիտակով` JAAR Records-ում։ Այդ ժամանակ նա այլևս չէր համագործակցում Փրինցի հետ: Տղայի ձայնասկավառակում տեղ գտած երաժշտություններից չորսի հեղինակը Ալբերտն է: Ի դեպ, ձայնասկավառակները հնարավոր է ձեռք բերել ինտերնետի միջոցով (280 եվրոյով): Այսօր էլ մեր հայրենակից թմբկահարը մեծ համբավ է վայելում ԱՄՆ-ում։ Ավելին, Ջ.Արմենի վերջին ձայներիզը, որ թողարկվելու է այս տարի հոկտեմբերի կեսերին, շատ երաժիշտների կարծիքով՝ մեծ աղմուկ է հանելու ջազի աշխարհում: Այստեղ 5 գործ Ջեյքոբը նվագում է «Գրեմմիի» մրցանակակիրների հետ: «Այս ալբոմում 40 երաժիշտներ նվագում են տարբեր ժանրերում: Եվ սա պետք է նոր մոտեցում լինի երաժշտական աշխարհում»,- ասում է Ալբերտը: Ավելացնենք, որ այս տարի Ջ. Արմենը որպես հյուր ներկայանալու է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: «Ներեցեք անհամեստությանս համար, բայց սա ես ասում եմ, որպեսզի Հայաստանում ապրող հայերն իմանան, թե ինչ հայեր են ապրում դրսում»,- ավելացնում է Ջեյքոբի հայրը:

Դեռ տարիներ առաջ Ջեյքոբ Արմենը պետք է գար Հայաստան` ջազ փառատոնին մասնակցելու, սակայն ամեն ինչ ձախողվեց: «Դա իմ փափագն է, որ իմ որդին գա այստեղ: Կցանկանայի, որ նա իր ամբողջ նվագախմբի հետ գար այստեղ և համերգ ունենար: Նվագախումբը բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, և նրանց այստեղ բերելու համար գումար է անհրաժեշտ: Իսկ երբ Հայաստանում խոսում ես գումարի մասին` փոքր-ինչ վերապահումով են մոտենում քեզ»,- պարզաբանեց Ալբերտը: Ալբերտի ճանապարհորդությունը դեպի իր պատմական հայրենիք կազմակերպել էր նրա ավագ որդին՝ Երվանդը, ով մեկ անգամ այցելել էր Հայաստան: «Եթե Հայաստանում չես եղել, ուրեմն ոչինչ չես տեսել»,- հորն ասել է Երվանդը: Մեր զրույցի ժամանակ Ալբերտը երբեմն չէր կարողանում զսպել արցունքները և արտասվում էր: «Այնքան անկեղծ գտա իմ հայրենիքը, որ շատ դժվարությամբ պետք է այստեղից հեռանամ»,- հուզված ձայնով ասում էր նա: Մեր այն հարցին, թե ԱՄՆ-ում ապրող հայերի հետ կա՞ արդյոք գործնական համագործակցություն, Ալբերտը պատասխանեց. «Ձեզ մի տխուր բան ասեմ: Թեպետ Չարենցն ասել է՝ ո՛վ հայ ժողովուրդ, քո միասնությունը հավաքական ուժիդ մեջ է, այսօր յուրաքանչյուրն անհատ է և չի ուզում միանալ: Այդ միասնականությունը չկա ո՛չ երաժշտական, ո՛չ էլ քաղաքական կյանքում: Իհարկե, ցավում եմ դրա համար»: Ջեյքոբի ընտանիքի անդամները միշտ տեղյակ են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հակառակ դեպքում հիմա ես ձեզ հետ անգլերեն կխոսեի: Սիրում եմ օտարերկրյա մշակույթը, սակայն պետք է պահել մեր արժեքները: Իսկ հիմա, անկեղծ ասած, թուրքական լադն այստեղ՝ Հայաստանում, շատ է»,– նկատում է Ալբերտը: Զրույցի վերջում նա հույս հայտնեց, որ նորից կգա Հայաստան, և ավելի մեծ վստահությամբ ասաց, որ իր որդին էլ մի օր անպայման ժամանելու է Հայաստան. «Իմ երազանքն է, որ իմ որդին արժանանա իր ազգի ջերմ ծափողջույնին,- ասաց Ալբերտ Արմենը,- Համոզված եմ, որ դա Ջեյքոբի սրտում էլ կա»:

Պատրաստեց Անուշ Մկրտչյանը

«3 Միլիոն»