Հայերը Հնդկաստանում
Advertisement 1000 x 90

Հայերը Հնդկաստանում

Հեքիաթային Հնդկաստանը բոլոր ժամանակներում մեծ դեր և նշանակություն է ունեցել: Եվրոպական Մեծ աշխարհագրական բացահայտումների դարաշրջանի հիմքում հենց նույն՝ հեքիաթային Հնդկաստանն է եղել: Հայ ժողովուրդը դեռ վաղնջական ժամանակներից կապ է ունեցել Հնդկաստանի հետ: Հայ-հնդկական կապերի պատմությունն է ներկայացնում պատմաբան Վահե Անթանեսյանը, ով իր տեսակետը շարադրել է միկրոբլոգում:

Հայ-հնդկական հարաբերությունները հազարամյակների խորքից են գալիս: Դեռևս մթա 5-րդ դարում հույն պատմիչներն են վկայում, որ պարսից արքաները վարձում էին հայ առևտրականներին որպես թարգմաններ՝ Հնդկաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնելու համար: Սա ուշագրավ փաստ է համոզվելու համար, թե որքան սերտ են եղել հայ-հնդկական առևտրատնտեսական և մշակութային առնչությունները հնագույն ժամանակներում:

Հայ-հնդկական առևտրային կապերը առավել զարգացան միջնադարում: Հայտնի է, որ հայոց Սմբատ Բ Տիեզերակալ արքան (977-990) Անիի Մայր տաճարի համար Հնդկաստանից բերել է տվել հսկայական ու թանկարժեք ջահ:

Նոր շրջանում Հնդկաստանի հայ գոաղթօջախը մեծացավ հատկապես Պարսկաստանից ներգաղթած հայության հաշվին: Հայերը հաստատվեցին հիմնականում Ագրայում, որի տիրակալները ոչ միայն սիրաշահում էին եկվորներին՝ նրանց անգամ վստահելով պետության բարձրաբերձ պաշտոններ, այլև՝ խնամիական կապեր հաստատում հայերի հետ:

Եվ 17-րդ դարի սկզբին՝ 1614 թվականին,  Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստր Հեղինեն, ով   ծնվել է 1597 թվականին, ամուսնանում է Մողոլների թագաժառանգ Խորամի խանի` ապագա Շահ Ջահանի հետ: Հեղինեն գեղեցկուհի իշխանադստեր հայկական անունն էր, տեղացիները  նրան կոչում էին նաև Արջոմանդ Բանո Բեգում:

Շահ Ջահանը շատ էր սիրում իր կնոջը, և Հեղինեի անժամանակ մահը նրան շատ վշտացրեց: Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար Շահ Ջահանը ձեռնամուխ եղավ մի հսկայական կառույցի ստեղծմանը, որ շատերն այսօր իրավամբ, աշխարհի ութերորդ հրաշալիքն են համարում: Շատ չանցած Ագրայում վեր խոյացավ նշանավոր Թաջ Մահալը…

Իսկ Հնդկաստանում հայկական հոծ գաղթօջախ հաստատվեց սկսած 17-րդ դարից, երբ Նոր Ջուղայի հայ առևտրականները հսկայական կապիտալ կուտակելով՝ նոր շուկաներ որոնելու ձգտումով հաստատվեցին Հնդկաստանում՝ այնտեղ հոծ համայնք ձևավորելով: Հայերը հաստատվեցին հատկապես Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր քաղաքներում: Հայերը լինելով հաջողակ առևտրականներ, իրենց ներկայացուցչություններն ստեղծեցին աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Անգլիական արևելահնդկական ընկերությունը Հնդկաստանում հաստատվելու համար պայմանագիր կնքեց տեղի հայ առևտրականների հետ՝ արտոնելով նրանց օգտվել բոլոր արտոնություններից անգլիական տարածքներում: Սակայն հաստատվելով Հնդկաստանում՝ անգլիացիները աստիճանաբար փորձեցին դուրս մղել հայությանը համաշխարհային առևտրից:

Մինչ այդ, դեռևս 1662 թվականին, Մալաբար նահանգում հաստատված հայերը սուր բարձրացրին ու պայքարի ելան Հնդկաստանը գաղութացնել փորձող պորտուգալացի նվաճողների դեմ: Պայքարը հաղթական ավարտ ունեցավ, որից հետո հայերի առաջնորդ Մարկոսը դարձավ Մալաբարի կառավարիչ:

18-րդ դարի կեսերին, երբ անգլիացիները կամեցան վերջնականապես իրենց ենթարկել Հնդկաստանը, նրանց դեմ Բենգալիայում հուժկու ապստամբություն բռնկվեց: Հայությունը կանգնեց հյուրընկալ հնդիկ ժողովրդի կողքին: Հայազգի Գորգին (Գրիգոր Հարությունյան) խանն իր զինակից-հրամանատարներով (Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը) և հայոց զորքով առաջնորդեց բենգալացիների պայքարը նվաճողների դեմ:

19-րդ դարում իր ռազմական հանճարով փայլեց ևս մեկ հայորդի՝ Հակոբ Պետրոսյանը, ով իր գնդերով քաջաբար կռիվներ էր մղում անգլիական գաղութարարության դեմ: Հակոբի օրինակին հետևեցին նաև նրա զավակները…

Առհասարակ, հայությունը հնդիկների հետ կողք-կողքի միշտ եղել է զինված պայքարի առաջին շարքերում:

Հնդկաստանում հատկապես լավ էր կազմակերպված  Մադրասի համայնքը: Այստեղի հայերը 18-րդ դարում Շահամիր Սուլթանում Շահամիրյանի (Հակոբ Սուլթանումյան), Մովսես Բաղրամյանի գլխավորությամբ անգամ Հայաստանի ազատագրության ծրագրեր մշակեցին: Նրանք 1773 թվականին հրատարակեցին ապագա Հայաստանի սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը», որ ուղղեցին ժամանակի աչքի ընկնող բոլոր հայերին: Հայաստանի ազատագրման գաղափարը կապելով ռուսական կայսրության հետ՝ Մադրասի խմբակը սերտ կապեր ստեղծեց Պետերբուրգի կառավարության հետ:

1771 թվականին հենց մադրասահայ Խոջա Չաքիկենցի նվիրատվությամբ Վաղարշապատում հիմնվեց առաջին տպարանը, որ առաջինն էր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև՝ ողջ Առաջավոր Ասիայում:

1772-ին Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ աշխատությունը, որ դարձյալ Հայաստանի ազատագրության ծրագրերին էր նվիրված:

Մադրասի խմբակը կապեր էր հաստատել նաև վրաց արքունիքի, հատկապես՝ Հերակլ Բ Բագրատունի (1764-1795) թագավորի հետ: Շահամիր Շահամիրյանի կարողությունն այնքան մեծ էր, որ նա մեկ ադամանդ նվիրեց վրաց թագավորին, որն արժեր վրաց պետական գանձարանի ուղիղ կեսը… փոխարենը Հերակլը Շահամիրյանին կարգեց Լոռվա իշխան… Իհարկե, Շահամիրյանը երբևէ չտեսավ իր «տիրույթները»:

Մադրասահայերը 1783 թվականին նաև իրենց ներքին կանոնակարգն էին նաև ստեղծել՝ «Տետրակ, որ կոչի նշավակ…», ըստ որի համայնքի բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն էր (գումարվում էր ամեն տարի), գործադիր մարմինը՝ 3 կառավարիչները:

Հնդկահայերի ամենանշանավոր ներկայացուցիչը թերևս, Հովսեփ Էմինն էր: Լինելով հարուստ վաճառականի որդի՝ նա կամավոր հրաժարվելով անգամ հայրական ժառանգությունից՝ իրեն նվիրեց հայ ազատագրական պայքարին: Եվրոպայում ռազմական գործ սովորելուց հետո Հայաստան այցելեց՝ այստեղ կազմակերպելու հայության ապստամբությունը թուրքական և պարսկական տիրակալության դեմ: Սակայն ցավոք, Հայ առաքելական եկեղեցին, հանձինս կաթողիկոս Սիմեոն Երևանցու՝ ոչ միայն վիժեցրեց հայության ազատագրման այդ ծրագիրը, այլև խաբեբայությամբ կողոպտեց Էմինին և նրան զրկեց այն միջոցներից, որ հանգանակել էր՝ Հայաստանի ազատագրության համար:

Տեղին է նաև հիշել, որ հենց Մադրասում 1794 թվականին, Հարություն Շմավոնյանի ջանքերով ծնվեց հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարար» թերթը: Հետագա տասնամյակներում Հնդկահայերը լույս ընծայեցին շուրջ երկու տասնյակ անուն թերթեր: Վերջին թերթը փակվել է  ոչ հեռավոր 1980-ականներին…

Առհասարակ, հայերը Հնդկաստանում ոչ միայն աչքի են ընկել գործարարությամբ և ռազմի ասպարեզներում, այլև մշակութային ակտիվ կյանքով են ապրել: Հնդկաստանում գործել են տասնյակ դպրոցներ, թատրոններ, մշակութային միություններ, որ ապահովել են հնդկահայերի հոգևոր-մշակութային կյանքի գրավչությունը:

Այսօր Հնդկաստանում սակայն, ընդամենը չորս հարյուր հայ է բնակվում (հիմնականում՝ Կալկաթայում, ուր հայկական ծերանոց է գործում):

Ներկայումս Հնդկաստանում կա գործող վեց հայկական եկեղեցի և երկու մատուռ:   Կալկաթայում (Սուրբ Նազարեթ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Երրորդության մատուռ), Բոմբեյում (Սուրբ Պետրոս առաքյալ), Մադրասում (Սուրբ Աստվածածին): Սակավաթիվ համայնք և եկեղեցիներ, որոնց դռները օրերով ոչ ոք չի բացում…

Սփյուռք ունենալն իհարկե բախտավորություն չէ, բայց եղելությունից կարելի է շատ դրական բան քաղել… Սփյուռքահայությունն իսկապես, Հայաստանի համար կարող է յուրօրինակ ազդեցության գործակալ հանդես գալ համայն աշխարհում: Սակայն ցավոք, աշխարհում ունենալով սփռված բազմամիլիոն հայություն, մենք այսօր չունենք միասնական ազգային արժեհամակարգ, որը կարող է համախմբել հայությանը ազգային նպատակների շուրջ: Այդպիսի համահայկական գեթ մեկ կառույց չունենք…

Եկեղեցին և ազգային կուսակցությունները վաղուց արդեն որպես համահայկական միասնական կառույց կամ սիմվոլ հանդես չեն գալիս… ավաղ…