Վերջերս հայրիկ եմ դարձել, դրանից մեծ հաճույք աշխարհում չկա. Վրեժ Կիրակոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Վերջերս հայրիկ եմ դարձել, դրանից մեծ հաճույք աշխարհում չկա. Վրեժ Կիրակոսյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է «Մշակույթի պետական քոլեջի» տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

-Վրեժ, մեր զրույցը ուզում եմ սկսել՝ խոսելով այս շրջանում Ձեր պասիվ գործունեությունից: Ինչն է պատճառը, որ արդեն երկար ժամանակ է էկրանային դադար եք վերցրել:

– Արվեստագետի կյանքում լինեում են էտապներ, որոնք Տիրոջ կողմից կարգավորվում են: Այո, հիմա էկրանային դադարի շրջան է իմ կյանքում, բայց, փոխարենը, ակտիվ ընթացք է ընտանիքում և «Մշակույթի պետական քոլեջում»: Վերջերս հայրիկ եմ դարձել, ու աշխատում եմ ժամանակիս մեծ մասը նվիրել երեխայիս, իսկ դրանից առավել մեծ հաճույք աշխարհում չկա: Միաժամանակ՝ աշխատանքս քոլեջում բավականին ծանրաբեռնված է, որին զուգահեռ հասցնում եմ նաև որոշ ստեղծագործական գործունեություն ծավալել՝ քոլեջի երեխաների հետ մեկնում եմ տարբեր երկրներ, միջազգաին մրցույթներում ներկայացնում ենք մեր երկիրը, նման միջոցառումներում նաև որպես ժյուրի եմ ներկայանում: Իհարկե, կարող եմ որոշ քայլեր ձեռնարկել նաև էկրաններին, սակայն չեմ ուզում խառնվել այն միօրինակությանը, որը կա այսօր երաժշտական արվեստում: Ես ունեմ իմ ձեռագիրը, ինձ ճանաչում են որպես դասական երաժշտության մարդ, ուստի կցանկանամ այնպիսի ճանապարհներ հարթվեն, որ կարողանամ դասական արվեստը զարկ տալ մեր երկրում:

-Մտավախություն չունե՞ք, որ երկարատև լռությունը կարող է Ձեզ մոռացության մատնել:

–  Ինչ, խոսք, որքան շատ ես հեռուստատեսությամբ երևում, ստեղծագործական գործունեություն ծավալում, այնքան պոպուլյար ես դառնում, հետևաբար նոր առաջարկներ ու հեռանկարներ ես ունենում: Չեմ կարծում, որ բոլորովին մոռացության մատնվեմ, բայց չեմ էլ պատրաստվում շատ երկար լռել: Հաճելի է, երբ դուրս եմ գալիս փողոց, գրեթե բոլորն էլ ճանաչում են, հարցնում ու հետաքրքրվում, որից հասկանում եմ, որ պարտավոր եմ շարունակել ու ներկայացնել իմ արվեստը: Միաժամանակ, հասկանալի է, որ տեսահոլովակներ նկարահանելն ու էկրաններին անընդհատ լինելը միջոցներ է պահանջում: Երբ ընտանիք ես ունենում ու պարտավորություն ես զգում՝ հոգալու ընտանիքիդ կարիքները և չունես հարուստ ազգական, ապա միջոցներդ գերադասում ես հենց ընտանիքիդ բարօրությանը ուղղել: Ինչևէ, հուսամ գործունեությունս ավելի ակտիվ կազմակերպելու համար միջոցներ կգտնվեն:

-Վրեժ, նկատեցիք, որ ասպարեզը միօրինակ է, ինչը Ձեզ հաճելի չէ: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, ինչպես կարելի է բարձրացնել այսօրվա հայկական շոու բիզնեսի մակարդակը:

–  Մի լավ ժողովրդական խոսք կա՝ «Ձուկը հոտում է գլխից»: Ցավալի է, բայց այսպես է: Երբ ես նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը և ամեն ինչ պատրաստ էր պրեմիերայի համար, հեռուստաընկերությունները բավականին կլորիկ գումարներ էին ուզում՝ տեսահոլովակս իրենց եթերում պտտացնելու համար: Իհարկե, այդ ժամանակ ես կարող էի վճարել, բայց հրաժարվեցի: Չէ որ, ես դրանով ոչ կոմերցիա էի անում, ոչ էլ Ռոսինիի ստեղծագործությունը երգելու էի ինչ-որ մեկի հարսանիքին: Այսինքն՝ հեռուստաընկերությունների համար կոնկրետ խնդիր կա, թե ինչպիսի՞ երաժշտության են նրանք նախապատվություն տալիս: Օրինակ, վերջերս Հանրային հեռուստաընկերության աշխատանքն ինձ շատ է դուր գալիս, այն իսկապես շատ է մաքրվել ու կարգավորվել: Ինչ խոսք, ես չեմ ասում, որ հեռուստաընկերությունները ամբողջ օրը դասական արվեստ պետք է ցուցադրեն, բայց դա էլ է պետք, ինչը կբարձրացնի նաև ոլորտի ու ժողովրդի մակարդակը: Ես շատ եմ հարգում մեր Մշակույթի նախարար Ա. Ամիրյանին, նա իսկապես մշակույթը զարգացնող անձ է ու վստահ եմ, որ շատ շուտով նա մեծ փոփոխություններ է իրականացնելու:

-Հիմա «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «X-Factor» նախագիծը: Հենց այս նախագծի շնորհիվ դուք հայտնի դարձաք, միակն էիք, որ ձեռք բերեցիք պայմանագիր «Sony music» ընկերության հետ: Հետաքրքիր է՝ հետևո՞ւմ եք նախագծի այսօրվա ընթացքին ու ովքե՞ր են Ձեր ֆավորիտները:

– Իհարկե, հետևում եմ: Այս պահի մասնակիցներից երկուսին եմ նախապատվությունս տալիս: Ճիշտ է՝ շատ կցանկանայի, որ այս տարի խումբ հաղթեր, բայց իմ ֆավորիտ խումբը շատ շուտ դուրս մնաց: Իսկ այսօրվա գործող մասնակիցներից շատ եմ հավանում Տյոմին և Աբրահամ Խուբլարյանին: Նրանք երկուսն էլ ինձ համար բավականին տարբերվող են. Տյոմը շատ խարիզմատիկ տղա է, ունի լավ ձայն ու լավ է ներկայացնում իր տվյալները, իսկ Աբրահամը շատ ուժեղ է՝ որպես ոկալիստ, թեև աճելու տեղ էլ շատ ունի:

-Ի դեպ՝ «Sony music» ընկերության հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:

– Այո, շարունակվում է, մենք աշխատում ենք միասին, և այս տարի հետաքրիքր, նոր ու անսպասելի իրավիճակներում կներկայանանք: Բայց գաղտնիքներ այլևս չեմ բացի:

-Վրեժ, վերջում կցանկանամ խոսել նաև ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն է կյանքը հայրիկի կարգավիճակում:

–  Սա անհասկանալի մի բան է, որը բառերով հնարավոր չէ նկարագրել: Սա մի աշխարհ է, որը պարգև է Աստծո կողմից: Մի շատ լավ խոսք կա՝ «Երեխաները Աստծո ժառանգներն են»: Իսկապես, երբ նայում ես երեխայիդ, միայն ուզում ես Տիրոջը շնորհակալություն հայտնել, որ նման հարստություն է նվիրել ինձ, որը գոյի շարունակություն է: Ուզում եմ խորհուրդ տալ բոլորին ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ: Ինքս էլ չեմ պատրաստվում մեկով բավարարվել: Ես ու կինս շատ երեխաների մասին ենք երազում:



Նման նյութեր