Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթև Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթև Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին. life.panorama.am

Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվեց վերանորոգված մայր թատրոնում՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, և  նվիրված էր անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին: Ամեն տարի այս մրցանակաբաշխությունը իսկական տոն է դարձնում թատերական գործիչների, դերասանների օրը: «Արտավազդ 2017»-ը դերասանուհի Տաթև Հովակիմյանի համար այսուհետ ջերմ հիշողույթյուններով կնշանավորվի: «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար Տաթևն արժանացավ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչմանը:

Life.panorama.amի հետ զրույցում Տաթև Հովակիմյանը պատմեց, որ իր անունը լսեսլիս շփոթվել է և միայն ընկերուհու արձագանքից է հասկացել, որ այդ կոչմանը հենց ինքն է արժանացել.

«Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը և երևի հենց այդ անսպասելիությունն է ամենամեծ հաճույքը: Իրոք, չեմ կարող նկարագրել, թե ինչքան չէի սպասում այս մրցանակին, անգամ, երբ հայտարարեցին իմ անունը, սկզբում շփոթվեցի, և կողքիս նստած գործընկերուհուս արձագանքից հասկացա, որ իսկապես ճիշտ եմ լսել անունս: Նման պահերին ամենակարևորը չխառնվելն  է ու հիշել և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քո այդ հաղթանակի համար ներդրում են ունեցել: Ինչ խոսք, հիմա հուզմունքս շարունակվում է, հաճելի է այս մրցանակը: Ընդ որում ուզում եմ հատում շեշտել, որ հաճելին ոչ թե բուն իրեղեն մրցանակն է, այլ այն փաստը, որ դու գնահատվել ես ոչ միայն հանդիսատեսի, այլև տարիների փորձ ունեցող մասնագեների կողմից»,- պատմեց Տաթևը:

Նոր մրցանակը դերասանուհու համար նոր խթան է լինելու ավելի լավ աշխատելու համար.

«Տեսակով այնպիսինն եմ, որ ամեն մի նոր հաջողությունից հետո դեպրեսիա եմ ապրում ու մտածում, թե այդուհետ ինչպե՞ս եմ աշխատելու, որպեսզի ոչ միայն նոր հորիզոնների հասնեմ, այլև արդարացնեմ ինձ վստահողների սպասելիքները: Սա ինձ համար նոր խթան է առաջիկայում էլ ավելի լավ ու ճիշտ աշխատելու համար, ես հիմա իրավունք չունեմ ինձ հավատացողներին ու գնահատողներին հիասթափեցնել»,- հավելեց նա:

Հետաքրքրվելով, թե ի՞նչն է պատճառը, որ Տաթև Հովակիմյանին հաճախ չենք տեսնում էկրաններին, պատասխանեց.

«Կարծում եմ, որ դերասանը անընդհատ չպետք է խաղա՝ մի կերպարից մյուսին անցնելով: Ես անգամ թատրոնում եմ աշխատում փոքրիկ ընդմիջումներ տալ, առաջարկված կերպարն էլ խորապես մարսել ու հետո նոր ներկայացնել: Իմ կյանքը Տիկնիկային թատրոն ընդունվելուց հետո փոխվել է: Առաջ ինձ թվում էր՝ ռուսական թատրոնները լավագույնն են, իսկ այսօր վստահ եմ, որ այն աշխատանքը, որ կատարում է այս թատրոնը, ռուսական շատ թատրոններ կցանկանային նույն կերպ աշխատել: Ի դեպ՝ այս շարքում ինձ համար կարևոր տեղ են զբաղեցնում նաև Հ. Մալյանի անվան թատրոնն ու Վահան Բադալյանի՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը: Ինչ վերաբերվում է էկրաններին, հաճախ եմ հրաժարվում առաջարկներից, դեռևս չեմ կարող ընդունել սերիալների առաջարկը, քանի որ դրանք իմ մտքերի հետ չեն համապատասխանում: Ուրախ եմ, որ այսօր ստեղծվում են արդեն 20 մասանի սերիալներ, որոնք գնալով ավելի որակյալ են դառնում: Եթե դրանցում լինեն լավ սցենարով գործեր, ինչու ոչ, մի օր ինձ էլ կտեսնեք էկրաններին»:

Անդրադառնալով թատրոնի գործունեությանը՝ Տաթևը նկատեց, որ երեխաների համար ներկայանալը կրկնակի դժվար է.

«Մի անգամ ներկայացումներից մեկի ժամանակ սխալ բառ ասացի, ու դրանից հետո ողջ օրը ինձ մեղադրում էի, քանի որ այդ օրը ներկա երեխաներն արդեն լսեցին ու միգուցե այդուհետ այդ բառը օգտագործեին: Իսկապես դժվար է, երբ հանդիսատեսի շարքում երեխաներ են, այդ ժամանակ պատասխանատվությունը քառակի է դառնում»,- նշեց նա:

Մեր նկատառմանը, թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեց Տիկնիկային թատրոնը, Տաթևը անկեղծորեն պատմեց.

«Որոշ ժամանակ առաջ, երբ ավարտեցի ինստիտուտը, փորձեցի ընդունվել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, սակայն ինձ այնտեղ չընդունեցին: Դրանից հետո Ռուբեն Բաբայանի հրավերով՝ ուժերս փորձեցի Տիկնիկային թատրոնում ու հասկացա, որ անչափ շնորհակալ եմ դրամատիկականին, որ ժամանակին ինձ չընդունեցին»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր