Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Թուրքիա են ժամանել Եվրոպայի հակառասիստական շարժման (EGAM) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ABGU) ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը և Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Բենյամին Աբթանը ապրիլի 22-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ստամբուլի Թաքսիմ վարդեր հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Թուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչները, Նոր Զարթոնք կազմակերպության, «Մարդու իրավունքների» կազմակերպության ռասիզմի և խտրականության դեմ պայքարի խորհրդի և ռասիզմի ու ազգայնամոլության դեմ պայքարի հարթակի ներկայացուցիչները:
«Հայերը 20-րդ դարում ցեղասպանության ենթարկված առաջին ազգն են: Եթե ասում են, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, ապա այս պարագայում դա անցնել չի կարող, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը չի ցանկանում առերեսվել կատարվածի հետ: Մեր նպատակը, թուրք ժողովրդի համար իր սեփական պատմությունն ուսումնասիրելու և ճանաչելու հնարավորություն ստեղծելն է: Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա կանխել ապագայում այլ ազգերի նկատմամբ կազմակերպվելիք ցեղասպանությունները»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ Հովսեփյանը:
Եվրոպայի հակառասիստական շարժման ներկայացուցիչ և Հայ Ավետարանչական ընկերակցության Եվրասիայի ներկայացուցիչ Ռենե Լևոնյանը, նշելով, որ 1980թ-ից սկսած գալիս է Թուրքիա և արդեն 4 անգամ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանն, ասել է. «Արդեն 40 տարի է պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար և այս անգամ նպատակահարմար գտա Ֆրանսիայում մնալու փոխարեն գալ Թուրքիա և լինել Ստամբուլում բնակվող քրդերի, ալևիների և այլ ազգերի կողքին, քանի որ մենք ինչքան լավ ճանաչենք միմյանց, ցեղասպանության ճանաչման հարցում հաղթանակը ավելի իրատեսական կլինի»:
Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Բենյամին Աբթանը, նշելով, որ 2011թ-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, ապա դրանից հետո որոշել ստեղծել այս միջազգային կազմակերպությունը նշել է. «Այստեղ Հայոց ցեղասպանությունը հիշողների և իրականությանը ծանոթանալ ցանկացողների կողքին լինելու և որպես Եվրոպա պայքարելու որոշումը կայացրել եմ այն ժամանակ: Ցեղասպանության ճանաչմանը պետք է հասնել՝ Թուրքիայի հասարակության ճանաչմանը գալով և իրականությանը առերեսվել ցանկացող մարդկանց օժանդակելով: Հայոց ցեղասպանության ճանաչման համար չպայքարելը նշանակում է սկիզբ դնել այլ երկրներում նոր ցեղասպանություններին: Մենք այստեղ ենք, որպեսզի պայքարենք ցեղասպանության ծանրությունն իր սրտում պահող, սակայն չճանաչող պետության դեմ: Թուրքիան այս հարցում ամենավատ օրինակն է մյուս պետությունների համար: Մենք այստեղ ենք, որպեսզի ներկայացնենք պատմությունը և վեր հանենք ճշմարտությունը՝ պայքարելով ժխտողական քաղաքականության դեմ»: