Իմ արևին մեկուսացել եմ, փախել քաղաքից, քաղաքականությունից: Բնությանն առավել մերձենալու մտքով վերջին անձրևից առաջ անգամ սարերը գնացի: Վերադարձա փշրված տրամադրությամբ՝ երանի տալով նրանց, ովքեր միայն լավն են տեսնում: Բայց ես աչք ունեմ, ինչպե՞ս չնկատեի:
Գնում եմ ոտքով, դեպի վեր բնակավայր չկա, Ողջաբերդի, Գեղադիրի խոտհարքներն են: Տասնամյակներ առաջ գազամուղ են անցկացրել, իսկ ավերը մինչ օրս մնում է: Նույնպիսի վայրագությամբ է գործել անցյալ տարի հեռուներից ջրագիծ բերած գործարարը: Խրամատն, իբր, ծածկել է: Ի՜նչ վերստին տեսքի բերել. տասնյակ կիլոմետրերով մնում են բզկտածը, խառնշտորածը, և անձրևաջուրն իր գործն անում է՝ տանելով սևահողը; Ո՞վ է բնության, շրջակա միջավայրի մասին մտածում, երբ պահանջող-պարտադրող չկա: Թղթերով՝ գուցե: Հաշվետվությամբ, թերևս, ամրակայելու հաար անգամ սիզախոտ են ցանել, վերականգնել նախկին վիճակը, մինչևիսկ թուփ տնկել… Ասում են՝ նոր ջրագիծը նաև Ջրվեժ-Ձորաղբյուրի ամառանոցների համար է: Գոնե բարի նպատակի կծառայի,-ինքս ինձ սփոփելով՝ շարունակում եմ ճամփաս:
Վարչապետը վերջերս հրահանգել է երկիրը մաքրել աղբից: Ողջունելի, գովաբանության արժանի հանձնարարական է՝ իջած լավ վերևից, ներքևից էլ արդեն ծրագրեր, զեկույցներ են գնում բուրգի գագաթ՝ այս է արվել, այսքանն էլ հետագայի համար նախատեսված է: Կպակասե՞ն աղբանոցները, համատարած դարձող աղտեղանքը կնահանջի՞: Թերահավատ եմ, որովհետև կյանքն այլ բան է հուշում, որովհետև սովետի տարիներից առ օրս ամեն գարունքի, աշնան մայրաքաղաքում երեսուն-քառասուն հազար ծառ ու թուփ են, իբր, տնկում, բայց գիտենք, տեսնում ենք, չէ՞, որ կանաչ տարածքները տարի տարվա վրա չքանում, անէանում են, ծաղկանոցներն էլ ընդամենը անճաշակ տիկնոջ շպար են հիշեցնում: Տպավորությունը նույնն է այս հանձնարարականի կատարումից. ասես միակուսակցական երկրի հերթական միջոցառում լինի:
Արամ Հովհաննիսյան