«Տղերք, դեմս 20 հոգի են ու ես մենակ, ո՞վ կա սաղ». քառօրյայում զոհված «Ռուսկիի» մայրը մանրամասներ է ներկայացնում. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տղերք, դեմս 20 հոգի են ու ես մենակ, ո՞վ կա սաղ». քառօրյայում զոհված «Ռուսկիի» մայրը մանրամասներ է ներկայացնում. news.am

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հրազդանցի Սարգիս Սահակյանին ծառայակից ընկերները «Ռուսկի» անունով էին կոչում: Պատերազմից մեկ տարի անց NEWS.amն այցելել է հերոսի մորը՝ Թամարա Ղազարյանին, որը հուշեր է պատմել որդու մասին:

«Դեռ 4 տարեկան էր Սարգիսը, երբ մենք ընտանիքով մեկնեցինք Ռուսաստան, Սարգիսն էնտեղ է մանկապարտեզ գնացել, դպրոց, ավելի քան 15 տարի մնացել ենք Ռուսաստանում: Սպորտով էր զբաղվում Սարգիսը, ֆուտբոլի էր հաճախում, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի: Նա շատ խելացի ու կարգապահ էր դպրոցում, ես հպարտությամբ էի մտնում դպրոց, ուսուցիչները միշտ նրան էին օրինակ բերում որպես կարգապահ աշակերտի: Նա ինձ միշտ ասում էր, մամ, որ մեծանամ, ամեն ինչ անելու եմ, որ դու ոչնչի մասին չմտածես: Երբ դպրոցը ավարտեց, ասաց, որ ուզում է Հայաստան գալ, ասում էր՝ միեւնույն է պիտի ծառայեմ, ես էլ ուզում եմ իմ երկրին ծառայեմ: Փորձում էի հետ պահել, ասում էի մնանք ստեղ, պատասխանում էր, ես էլ ինչ տղա եմ, որ չպիտի ծառայեմ»-պատմում է տիկին Թամարան:

Սարգսի մոր պատմելով՝ ինքը չի ընդդիմացել որդու որոշմանը եւ եկել են Հայաստան: Սարգիսը քիչ է ապրել Հրազդանում, բայց հասցրել է սիրել իր երկիրը եւ մորն ասել է, որ էլ երբեք չեն հեռանալու Հայաստանից: Անմիջապես անցել է ծառայության, սկզբից Մատաղիսում, հետո՝ Թալիշում.

«Երբեք չի դժգոհել ծառայությունից, շատ հանգիստ է անցել, ես երբեւէ չեմ լսել, որ ինքը զանգի ասի՝ էս ինչ բանը լավ չի, շատ փակ երեխա էր: Երբեք չի ցույց տվել, որ ինչ-որ բան է կատարվում, երեխան նենց էր անում, որ ես չզգայի: Արդեն մեկ ամիս էր մնացել, որ տուն գար: Ես չեմ լսել, որ ինքը ասի դժվար է»,-ասում է Սարգսի մայրիկը:

​Ապրիլյան դեպքերի առաջին իսկ օրերից Սարգիսը դիրքերում է եղել: Ընկերները մայրիկին պատմել են, որ թեժ մարտերի պահին անգամ կատակներ է արել, խորհուրդներ տվել ընկերներին: Վիրավոր ընկերը պատմել է, որ Սարգիսն ասել է. «Տղերք, դեմս 20 հոգի են ու ես մենակ, ո՞վ կա սաղ»:

Մոր խոսքով, վերջին անգամ որդու հետ խոսել է 2016թ. ապրիլի 3-ին. «Վերջին հեռախոսազրույցը ունեցել եմ ապրիլի 3-ին, ժամը 11 30-ին, բայց մինչ այդ ամսի երկուսին ինքը զանգեց ու ասաց, որ գնամ մերոնց տուն, ոնց որ ուզեր ինձ շեղեր, էդ օրվանից իմ մեջ անհասկանալի անհանգստություն կար: Ասեցի՝ գնում եմ, ճանապարհին նորից զանգեց, թե մամ չես hասել ու առաջին անգամ ասաց, որ բոլորին շատ է կարոտել: Նա երբեք չէր ասել նման բան, ու ես էլ ավելի անհանգստացա: Գնացի մերոնց տուն ու էլի զանգեց, բոլորի հետ խոսեց: Էդ օրն ինձ ասաց՝ մամ, պապիկենց տանը մնա, քեզ սյուրպրիզ ունեմ անելու, էտտեղի հասցեն մենակ գիտեմ ու… էտ էր իր սյուրպրիզը: Վերջին անգա խոսեցի ապրիլի 3-ին ու վերջ…»:

Սարգիսը բանակում գնդացրորդ էր: Նա տան միակ տղան էր, ուներ իրենից մեծ քույր: Վերջինները բնակարան չեն ունեցել, եւ Սարգիսը երազել էր բնակարան գնել: Հիմա արդեն բնակարանը գնված է, բայց առանց Սարգսի: Տան մեջ նրա անկյունն է՝ մոր միակ սփոփանքը. «Երբ անկյունը տեսնում եմ, մտածում եմ, որ տղաս տանն է: Միայն սրանով եմ սփոփվում ու իմ թոռնիկներով, որոնցից հատկապես մեծին շատ եմ նմանացնում տղայիս»,-ասում է տիկին Թամարան:

Սարգիս Սահակյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արիության համար» եւ «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի մեդալներով:



Նման նյութեր