Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի դիտարկումը:
Անհիշելի ժամանակներից մեր հեռավոր նախնիների կարևոր զբաղմունքն էր հողագործությունն ու այգեգործությունը, որոնք երկուսն էլ Հայկական Բարձրավանդակի բնակլիմայական պայմաններում առանց ջրարբիացման խնդրին անդրադառնալու հնարավոր չէր լուծել:
Հենց այս պատճառով դեռ հազարամյակներ առաջ հայը ստեղծել է ոռոգման համակարգեր. կառուցել է ջրամբարներ, ամբարտակներ, ջրանցքներ և դուրս բերել անհամրելի քանակությամբ առուներ:
Արդ, փորձենք մտաբերել ոռոգման խնդիրը կարգավորած ոչ թե մասնավոր (իմ ու քո բոստանը ջրելու առուների մասին չէ խոսքը), այլ համապետական նշանակության ջրանցքների անունները: Անշուշտ առաջինը պարտավոր ենք հիշել արդեն ավելի քան 2800 տարի անխախտ իր նշանակությանը ծառայող` 55,3 կմ երկարությամբ Մենուայի (ժողովրդական անվամբ` Շամիրամի) ջրանցքի անունը: Ապա դարձյալ Վանի թագավորության շրջանում ծնունդ առած մոտ 30 կմ երկարություն ունեցող Կողնկեսի ջրանցքը, ջրի հոսքը կարգավորող Ոսկեբակի և Ռուսածովի հզոր ամբարտակները, բազմաթիվ այլ ջրանցքների պահպանված առանձին հատվածները Վասպուրական, Այրարատ, Տուրուբերան և այլ նահանգներում: Սրանցից յուրաքանչյուրը ջրարբիացնում էր հարյուրավոր բնակավայրերի ոռոգելի հողերը, ուստի և սրանք գյուղատնտեսությունը խթանող իր ժամանակի համապետական նշանակության կառույցներ էին:
Երկար ընդմիջումից հետո, նույն մակարդակի, այսինքն` համապետական նշանակության ջրանցքներ ու ջրամբարներ կառուցվել են Խորհրդային Հայաստանում (Ախուրյանի, Սարդարապատի, Ստորին Հրազդանի, Կոտայքի, Արզնի-Շամիրամի և այլն):
Ի՞նչն է պատճառը, որ քրիստոնեացած հայը նույնիսկ թագավորություն (օր.` Բագրատունյաց, Արծրունյաց և այլն) ունեցած ժամանակ երբևէ նման նշանակության ջրանց չի կառուցել (զանց ենք առնում այս ու այն վանքի համար քաշված ջրագծերը): Կատակ բան չէ, 17 դար ապրես մի հողակտորի վրա, որ առանց ջրարբիացման բերք չունի ու ջրանցք չկառուցես: Ի դեպ, հարկ է նկատել, որ 1991 թ.-ից ի վեր, ինչ վերստին արժևորել ենք եկեղեցին` դարձյալ դադարել ենք ջրանցք կառուցել: Առավելագույնը, որ 301-1920 թթ. և 1991-ից ցարդ այս բնագավառում արվում է` դա նախկին ջրանցքների ինչ-ինչ նորոգություններն են:
Սա լրջագույն խնդիր է, ըստ իս չափազանց խոսուն փաստ, այն մասին, որ քրիստոնյա հայը հավատում է, թե ջրանցք կառուցելու փոխարեն կարելի է պարզապես աղոթել և աստված հարկավոր անձրևը կպարգևի, էլ ինչու քրտնել, ջանք թափել…
Եվ, ահա արդեն 1619 (301-1920 թթ.) գումարած 26 (1991-2017 թթ.) տարի աղոթում ենք, որ տարին չորային չլինի, որ կարկուտն ու չոռը չվնասի, աղոթում ենք ու գաղթում, հետո ավելի շատ աղոթելու համար էլի մի նոր եկեղեցի կառուցում ու ավելի շատ գաղթում…