Մարզիկի օրագրից. Նոր կյանքը Դանիայում
Advertisement 1000 x 90

Մարզիկի օրագրից. Նոր կյանքը Դանիայում

She may be the face I can’t forget, the trace of pleasure or regret, may be my treasure or the price I have to pay” … Ավարտել ենք առավոտյան մարզումն ու երաժշտության տակ ձգողական վարժություններ ենք անում: Իսկ Ազնավուրի “She” երգը Էլվիս Կոստելոյի կատարմամբ հնչում է ոչ թե իմ, այլ Նոր Զելանդիայից ժամանած Ջեքի հեռախոսից: Իհարկե սկզբում զարմացա, հետո ձայնից հասկացա, որ Ազնավուրի տարբերակը չէ: Բայց էն հպարտությունը, երբ հայի հետ կապված ինչ-որ բան ես լսում, ու հենց էդ հպարտության զգացումը, որ կա ցանկացած հայի գեների մեջ, անբուժելի հիվանդություն է…

Նոր տուն, նոր ընտանիք

Բոլորս ապրում ենք նույն տանը՝ յուրաքանչյուրս մեր սենյակում: Ունենք ընդհանուր խոհանոց ու մի ընդհանուր սենյակ, որտեղ հեռուստացույց ենք դիտում, խոսում ենք, խաղեր ենք խաղում ազատ ժամանակ: Մշակութային տարբերությունները շատ են, բայց միջազգային լեզուն՝ անգլերենը բոլորիս ստիպում է ենթարկվել միևնույն մշակույթին: Մի խոսքով, հիանալի թիմ է հավաքվել:

Առաջին մեկ շաբաթը wifi չունեինք: Ազատ ժամանակ նստում էինք, խոսում, ծիծաղում: Հենց միացավ, բոլորը քաշվեցին իրենց սենյակները: Մարզիչն ասում է՝ <<ինտերնետը եկավ, լռություն է>>:

Թոստրուպն ու հայերը

“…One promise you made, one promise that always remains…no matter the price, a promise to survive, persevere and thrive…as we’ve always done…”. Chris Cornell–ի «Խոստումը» երգը՝ համանուն ֆիլմի սաունդթրեքը, նորից հիշում եմ այդ ֆիլմը նայելուց հետո: Առավոտյան մինչ մարզումներն սկսելը լսում եմ այդ երգը: Հիանալի մոտիվացիա է:

Գնացել եմ Թոստրուպ՝ ապագա ակումբիս մրցաշրջանի առաջին հանդիպումը նայելու: Կյանքում չէի մտածի, որ նույնիսկ էնտեղ հայ կտեսնեմ: Տասը օր Դանիայում ապրելուց հետո վերջապես հանդիպեցի երեք հայի: Խոսում ենք, խաղերն ենք նայում, էլի խոսում ենք…ու հայերեն: Վերջապես հարազատ մարդիկ:

Մի քանի օր անց՝ գնացել եմ պարապելու նույն ակումբում: Միջանցքում կանգնած եմ, մեկ էլ հետևից հայերեն բառեր եմ լսում: Երկու աղջիկ են, հայերեն են խոսում: Միանգամից շրջվեցի ու…

-Էրեխեք, հայ ե՞ք:- Մի քիչ զարմացան, չորս վայրկյան հետո՝

-Հա, դուք է՞լ եք Դանիայում ապրում:

Այ էսպիսի պատահական հանդիպումներն են ցանկացած ճանապարհորդության ամենահետաքրքիր մասը: Մի քիչ խոսեցինք, իսկ իմ առաջին ռեակցիան էր՝ գնամ տուն, անպայման գրեմ էս հանդիպման մասին:

Դրանից օրեր առաջ լիտվացի խաղացողի հետ գնացել էինք բասկետբոլ նայելու:

— Մրցավարները լիտվացի են:- ասում է նա:

— Իսկապե՞ս: Խաղից հետո գնալու ես խոսե՞ս:

— Չէ, չեմ ճանաչում:

— Դե իմ երկրում ընդունված է, որ եթե ուրիշ երկրում հայ ես տեսնում, ուզում է անծանոթ լինի, գրեթե միշտ խոսում ենք: Դրա համար եմ հարցնում:

Տարբերությունը հենց սա է: Վիլյամ Սարոյանը մի քանի բառով հրաշալիորեն բացատրել է դա. «…երբ նրանցից երկուսը հանդիպում են աշխարհի ցանկացած վայրում, տեսեք, թե արդյո՞ք նրանք մի նոր Հայաստան չեն կառուցի»:

Վազքեր, անձրև ու գնացք

Չորեքշաբթի ցերեկը վերականգնողական մարզում էր ծանր multishuttle-ից հետո: Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ աշխատում է մեկ խաղացող, մյուսը վոլաններն է գցում, որ դիմացինն աշխատի: Մոտ 15 վարժություն էր, իրար հետևից պիտի անենք: Մահացու աշխատանք էր:

Մի քանի օր անց Թոստրուպում մարզումն ավարտելուց հետո վերադառնում ենք տուն: Գնացքը մեր տվյալներով պարապմունքի ավարտից 30 րոպե անց էր շարժվելու: Մի փոքր ուշ վերջացրինք ու ստացվեց, որ ուշանում ենք գնացքից: Ես եմ, Իլիասը Կիպրոսից ու Թոնին Շոտլանդիայից: Բառիս բուն իմաստով «մեռած ենք» (մարզիկները կհասկանան): Հազիվ ենք քայլում, բայց դե եթե ուշանանք գնացքից, մյուսն արդեն 1 ժամ անց կգա ու կգիշերենք դրսում, ինչը ամենաքիչն ենք ուզում:

Դե իհարկե, սկսեցինք վազել: Լացելով, ծիծաղելով…բայց ՊԻՏԻ վազենք, ուշանում ենք: 7 րոպեից գնացքը կանցնի: Արագությունն ավելացնում ենք…

Հասանք կայարան: Նայում ենք ժամատախտակին՝ 13 րոպե անց կգա գնացքը: Չենք խոսում, որովհետև հոգնած ենք ահավոր: Նստում ենք, մի քանի րոպե անց՝ բայց ինչիիիիիի՞: Ախր ինչի՞ վազեցինք էդքան: Ծիծաղում ենք ինքներս մեզ վրա: Դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ էստեղ ենք: Կսովորենք…գնացքների ժամերը ճիշտ ստուգելն էլ կսովորենք:

lilpoghosyan.wordpress.com



Նման նյութեր