Իզաբելլա Աբգարյանի գրառումը.
«Տան պահած, փայփայած, «ջերմոցային» երեխաները ավելի շատ են ձգվում դեպի վատ շրջապատ, քան ազատ մեծացածները։
Ինձ կարդացողների մեջ կան մարդիկ, որ ծնված օրվանից են ինձ ճանաչում ու կհաստատեն, որ ծնողներս չափազանց խիստ են վարվել ինձ հետ, թեպետ ոչ գոռացել են, ոչ ծեծել, ոչ էլ դասերս ստուգել։
Բայց դրել էին այնպիսի սահմանափակումներ, որոնք ինձ խեղդում էին՝ բակ չիջնել (որ տեսան չի ստացվում, սահմանափակեցին դրսում մնալու ժամը), դասարանի հետ քաղաքից դուրս չգնալ, հյուր գնալիս սեղանից ինքնուրույն բան չվերցնել՝ մինչև մայրս չդնի ափսեիս մեջ, ձնագնդիկ չխաղալ (կհիվանդանամ), գնդակի չդիպչել (ինֆեկցիա կստանամ), իսկ մինչև 10 տարեկան առհասարակ ծորակից ջուր չէր կարելի խմել (արեգակի ջուր խմող էին մեզ ասում)… Ու էլի լիքը նման բաներ…
Այդ պատճառով էր, որ ինձ երջանիկ էի զգում Ախալցխայում՝ տատիկիս մոտ։ Տատիկիս էլ հետո մեղադրում էին, որ ինձ ըմբոստ է դաստիարակել…
Ու ահա ես, ջերմոցային ծաղիկս, երբ մտա հասարակություն՝ բակ, դպրոց, մագնիսի պես սկսեցի ձգվել ամենաչար երեխաներին։ Բակում մի աղջիկ կար, ում համարում էին սարսափ ու ձգտում արգելել նրա հետ ընկերությունը։ Իհարկե, ես ընտրեցի հենց նրան ու ծնողներս ինչ արեցին, չկարողացան արգելել մեր ընկերությունը։ Բայց մայրս այլ ճամփով գնաց. այդ աղջկան դարձնելով մեր տան աղջիկ ու նրան ընտելացնելով մեր դրվածքին ու զբաղմունքներին։ Բանը հասավ նրան, որ ես ասում էի գնանք բակ, իսկ նա կլանված էր տարբեր կոլեկցիաներով, որ մայրս էր սովորեցրել հավաքել, ձեռագործ էր անում…
Վերցրեցի՞ արդյոք նրա վատ համարվող կողմերը։ Ըհը…Եթե նախկինում հավ էի ու ինձ նեղացնելուց լացելով տուն էի գնում, սովորեցի քարով լարել կողքի թաղի տղաներին, լանցետով շենքի հետևը կռիվ անել, նույնիսկ մկրատով մի աղջկա մազեր կտրեցի…
Այդ աղջիկն աճեցրեց իմ ճանկերը, որոնք ինձ մինչ օրս շատ են պետք եկել։
Առակս ի՞նչ կուսուցանե։ Ճիշտ դաստիարակված ու առողջ մթնոլորտում մեծացած մարդուն փչացնել չի կարող շրջապատը։ Վաղ թե ուշ, ավազը նստում է, ջուրը զուլալվում։ Մեկուսացնել չի կարելի կյանքից՝ իր բոլոր դրսևորումներով»։