Սանահինն անձրևաջրերի մեջ է. haymedia.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սանահինն անձրևաջրերի մեջ է. haymedia.am

Սանահինի վանական համալիրը կրկին հայտնվել է ուշադրության կիզակետում: Այս անգամ առիթը վանքի գմբեթի վերանորոգման աշխատանքների դադարեցումն է, ինչի մասին բարձրաձայնել է Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, ով Սանահինի այցելու քահանան է:

Շինաշխատանքների դադարեցման պատճառի մասին տեղյակ չէ ո՛չ հոգևոր հովիվը, ո՛չ էլ՝ մշակույթի նախարարությունը: Ի դեպ՝ հենց նախարարությունն է պատասխանատու պատմամշակութային հուշարձանների պահպանության համար ու հենց նրա վերահսկողության տակ է գտնվում Սանահինի վանքի գմբեթի վերանորոգման աշխատանքների իրականցումը:

ՀայՄեդիա.AM-ի հետ զրույցում Տեր Միքայելն ասաց, որ շինարարները գմբեթի վերանորոգման աշխատանքները դադարեցրել են դեռևս սեպտեմբերին, երբ արդեն գմբեթի սալիկները հանված են եղել:

«Ինձ հետ զրույցում՝ աշղեկն ասաց, որ հին սալիկներն, ըստ անհրաժեշտության, կա՛մ կփոխարինվեն, կա՛մ որոշակի մշակվելուց հետո՝ կրկին իրենց տեղում կամրացվեն: Բայց մինչև այս պահը որևէ բան չի արվել այդ ուղղությամբ: Մեր բողոքն այն է, որ հորդառատ անձրևներն արդեն սկսվել են, և եթե տանիքը հանված է, հետևաբար՝ ավելի է մեծացել ջրերի ներթափանցման վտանգը»,- ասաց Տեր Հայրը:

Խնդրի առնչությամբ ՀայՄեդիա.AM-ը պարզաբանում խնդրեց նաև մշակույթի նախարարությունից: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր պատասխանի մեջ Ալավերդիի հոգևոր սպասավորին նախ խորհուրդ է տալիս մեղադրանքի լեզվով չխոսել, ապա հավելում. «Ես խորհուրդ կտայի ոչ թե մեղադրեինք մեկս մյուսին, այլ փորձեինք գտնել լուծման ճանապարհներ: Մեղադրել միշտ էլ կարելի է որևէ կողմին, խորհուրդ կտայի մեղադրանքի լեզվով չխոսել: Ինչ վերաբերում է Սանահինին և ընդհանրապես պատմամշակութային ժառանգության պահպանմանը, մենք առաջիկայում լրագրողների հետ այցելելու ենք բոլոր այն պատմամշակութային հուշարձանները, որտեղ նորոգության աշխատանքներ են կատարվում և փորձելու ենք շինարարներից պահանջել հաշվետվություն, այդ մասին մենք արդեն բարձրաձայնել ենք: Մենք միասին կբացահայտենք բոլոր թերություններն, ու անպատասխանատու անձանց կենթարկենք պատասխանատվության»:

OLYMPUS DIGITAL CAMERA

Մշակույթի նախարարի մեկնաբանությանն ի պատասխան՝ Տեր Միքայելն արձագանքեց. «Իսկ մշակույթի նախարարը չի՞ հասկանում, որ հոգևոր հովիվը սեփական տան համար չի ահազանգում, այլ ահազանգում է դարավոր հոգևոր ժառանգության համար: Ի՞նչ աներ բա հոգևորականը, լռե՞ր»:

Քահանան ասաց նաև, որ Սանահինի վանքի գմբեթի մասին հայտարարություն անելուց առաջ խոսել է իր վերադասի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, ապա նոր հրապարակավ հայտարարություն արել իրավիճակի մասին:

Վերջինս ասում է, որ զբոսաշրջիկներն ու վանական համալիր այցելողները, եթե որևէ խնդիր են նկատում վանքի տարածքում, զանգում են իրեն, այլ ոչ թե նախարարություն: Հետևաբար՝ այս խնդրի մասին իր կողմից բարձրաձայնելն առավել քան տրամաբանական է:

Տեր Միքայելը նաև չի ընկալում, թե ինչպե՞ս կարելի է «մեղքը քահանայի» վրա բարդել, եթե այնտեղ իրավասու որևէ մեկ այլ մարդ չկա այս պահին. տեղի սպասավոր քահանայի լիազորությունները դադարեցվել են դեռևս հուլիս ամսին:

«Թող գային ու տիրություն անեին, որ չգային սալիկները հանեին ու իրար վրա լցնեին որպես աղբակույտ: Երբ որ հարց է լինում, որևէ տեր չկա, երբ որ ինչ-որ մեկը մի բան է հայտարարում, արդեն բոլորը տե՞ր են դառնում…
Եթե ինձ մեղադրում են, թե ես ինչի եմ եզրակացություններ անում, ապա ասեմ, որ ես եզրակացություններ չեմ անում: Ես իրական պատկերը փորձել եմ տեղ հասցնել: Այնպես չէ, որ ես իրենց մեղադրում եմ տանիքը չվերանորոգելու մեջ, ես ընդամենը բարձրաձայնել եմ խնդրի մասին: Իսկ եթե դրանից որևէ մեկն իրեն վատ է զգում, դա իր խնդիրն է»:

ՀայՄեդիա.AM-ի հարցին, թե շինարարական ո՞ր ընկերությունն է այդտեղ աշխատանքներ իրականացրել, հոգևոր սպասավորն ասաց, որ տեղեկություն չունի: «Վանքի տարածքում միայն աշղեկին եմ տեսել: Այնտեղ մեծավորի ես չեմ տեսել, որ ինչ-որ մի բան իմանամ: Աշղեկի տեղեկացմամբ՝ աշխատանքներն իրականացնում է մշակույթի նախարարությունը, կառավարությունը, բայց կոնկրետ ինֆորմացիա չուներ, թե ինչ ընկերություն է»,- նշեց նա:

Վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության մասին տեղեկություն փորձեցինք ճշտել մշակույթի նախարարությունից: Փոխնախարար Արև Սամուելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերության անունը «Արհովշին» ՍՊԸ է: «Կոնտակտային համարներ կարող ենք տալ տվյալ ՍՊԸ-ից, բայց 5-օրյա ժամկետում՝ ըստ նախատեսված կարգի»,- ասաց տիկին փոխնախարարը:

Նկատենք, որ վերոնշյալ կազմակերպության մասին համացանցում սակավաթիվ տեղեկություն կա, դա էլ միայն այն մասով, թե որ գերատեսչությունը որ ժամանակահատվածում ու ինչ պայմաններում է համագործակցել ընկերության հետ: Իսկ կոնտակտային հեռախոսահամարները բացակայում են իսպառ:

Սանահինի վանքի գմբեթի վերանորոգման աշախատանքները թե երբ կվերսկվեն, հայտնի չէ: Հստակ է սակայն՝ անձրևները նախարարի կողմից «անպատասխանտու անձանց պատասխանատվության ենթարկելուն» չեն սպասելու: Իսկ մենք սպասելու ենք, որ 5-օրյա ժամկետում մշակույթի նախարարությունը կպատասխանի մեր մեկ հարցանոց խիստ կարճ հարցադրմանը՝ կոնտակտային տվյալներ տրամարդելու մասին:

Սևակ Վարդումյան

haymedia.am