Երիտթուրքերի դատավարությունը
Advertisement 1000 x 90

Երիտթուրքերի դատավարությունը

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է երիտթուրքերի դատավարության պատմությունը:

1918 թվականի հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ Հուսեյն Ռաուֆը, Հիքմեթը և Սաադուլլան, հունական Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստային քաղաքում` բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա,Թուրքիայի կողմից ստորագրեցին զինադադար, որով փաստորեն, Թուրքիան իրեն պարտված ճանաչեց առաջին համաշխարհային պատերազմում ու դուրս եկավ պատերազմից: Անտանտի կողմից պայմանագիրն ստորագրեց բրիտանական ծովակալ Կանտլոպը: Փաստորեն, սույն ակտով աշխարհի քաղաքական քարտեզից վերացավ Օսմաանյան կայսրությունը, որ ձևավորվելով 1299 թվականին, ավելի, քան 600 տարի տարածաշրջանի ազգերի ու ժողովուրդների բանտն ու կառափնարանն էր հանդիսանում:

Օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ 1915-1918 թվականներին Թուրքիայում իշխող երիտթուրքերի՝ ,,Միություն և առաջադիմություն,, կուսակցության ղեկավարները ձեռնարկեցին և իրականացրեցին հայության Մեծ Եղեռնը: Հայաթափվեց Արևմտյան Հայաստանը, մեկուկես միլիոն հայեր զոհ գնացին թուրքական յաթաղանին:

Պատերազմի ավարտով Թուրքիայում տապալվեց Երիտթուրքերի ,,Միություն և առաջադիմություն, կուսակցությունն ու նոր ձևավորված Ահմեդ Թևֆիկ փաշայի, հետագայում նրան փոխարինած Դամադ Ֆերիկ փաշայի կառավարությունները Անտանտի երկրների, համաշխարհային հանրության ճնշման տակ ձեռնարկեցին երիտթուրքերի կուսակցության պարագլուխների դատավարությունը: Քիչ չէր նաև ճնշումը թուրքական հասարակության կողմից, սակայն թուրքերը տվյալ դեպքում մտածում էին ոչ թե հայկական ջարդերի մեղավորներին պատժելու մասին, այլև նրանց քավության նոխազներ էին հարկավոր՝ որպես պատերազմում Թուրքիայի կրած ծանր պարտության մեղավորներ: Այդ իմաստով նոր ձևավորված կառավարությունը Անտանտի մոտ փորձում էր իմիջ ստեղծել՝ համամարդկային արժեհամակարգի և արդարության կողմից հանդես գալով: Բացի այդ, թուրքերը այդ քայլով փորձում էին մեղմացնել սպասվող Փարիզի վեհաժողովում /Սևր/ Թուրքիայի նկատմամբ ակնկալվող պատժամիջոցները:

Արդեն 1918 թվականի դեկտեմբերի կեսերին թուրքական կառավարությունը հանձնախմբեր ստեղծեց, որոնց առաջ խնդիր էր դրված հավաքել հայության կոտորածներն ապացուցող փաստեր: Պետությունը բաժանվեց 10 դատաքննչական շրջանների, ամենուր նշանակվեցին դատախազներ, քննիչներ. սուլթան Մեհմեդ VI Վահիդէդդինի (1918–1922) հրամաններով հանցագործներին դատելու համար ռազմական արտակարգ ատյաններ ստեղծվեցին: Այս դատարանները պետք է քննության առնեին Երիտթուրքերի կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամների և ,,Թեշքիլաթ –ը մահսուսե,, -ի՝ ցեղասպանությունն փաստացի իրականացրած Հատուկ կազմակերպության անդամների գործունեությունն ու դատավճիռներ իրականացներ:

Սուլթանի հրամանով հաստատվում է երեք ռազմական արտակարգ ատյանների կազմը. նախագահ է նշանակվում գեներալ-լեյտենանտ Մուսթաֆա Նազմ փաշան, անդամների մեջ էր նաև Թուրքիայի գլխավոր դատախազ Մուսթաֆա Նազմի բեյը:

Չնայած նրան, որ ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական գրությունների և հրահանգների մի զգալի մասը դոկտոր Նազիմի հրահանգով տեղում ոչնչացվել էր, մի քանի ամսվա ընթացքում հավաքվեց բավականաչափ նյութ և 1919 թվականի ապրիլի 27-ին սկսվեց դատավարությունը: Դատավարության ողջ ընթացքը տևեց շուրջ երկու ամիս՝ մինչև հունիսի 26-ը, և այդ ընթացքում դատարանը գումարեց 13 նիստ:
1919 թվականի հուլիսի 5-ին հրատարակվեց դատավճիռը. Երիտթուրքերի պարագլուխներ ներքին գործերի նախարար և 1916–1918 թթ. Օսմանյան կայսրության մեծ վեզիր վարչապետ Թալեաթը, ռազմածովային նախարար Ջեմալը, հանրակրթական նախարար ու կուսակցության կենտկոմի անդամ դոկտոր Նազիմը, ռազմական նախարար Էնվերը, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ և «Հատուկ կազմակերպության» նախագահ Բեհաէդդին Շաքիրը հեռակա կարգով մահվան դատապարտվեցին: Սակայն նրանք կարողացել էին խույս տալ թուրքական դատարանից և պատսպարվել տարբեր երկրներում: Ճիվաղների մահապատիժն իրականացրեց Հայ վրիժառու բազուկը՝ հայ գրող, հրապարակախոս Շահան Նաթալու ձեռնարկած ,,Նեմեսիս,, շարժումը…

Դատարանի առջև կանգնեցին օսմանյան կայսրության 20 նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ կայսրության մեծ վեզիրի պաշտոնը 1913–1916 թվականներին զբաղեցրած Սայիդ Հալիմ փաշան, «Իթթիհադ վե թերակկի» երիտթուրքական կուսակցության գլխավոր քարտուղար Միդհատ Շուքրի բեյը, թուրքական պառլամենտի` մեջլիսի նախագահ Իբրահիմ բեյը, սենատի նախագահ Ռիֆաթ բեյը, տարբեր ժամանակներում կայսրության բարձրագույն կրոնական ղեկավարի` շեյխ ուլ-իսլամի պաշտոնը զբաղեցրած Մեհմեդ Էսադը, Մուսա Քյազիմը, արդարադատության նախարար Խալիլ էֆենդին, արտաքին գործերի նախարար Ահմեդ Նեսիմին, ներքին գործերի նախարար Իսմայիլ Ջանփոլադը, հասարակական աշխատանքների, պարենավորման, փոստի և հեռագրատան նախարարները, «Իթթիհադ վե թերակկի» կուսակցության կենտկոմի ու «Հատուկ կազմակերպության» այլ անդամներ: Շատ այլ մեղադրյալներ դատապարտվեցին ազատազրկման՝ տարբեր պատժաչափերով, մի քանիսն ազատ արձակվեցին հանցանշաններ չլինելու պատճառով:

Մինչ դատավճռի հրապարակումը անգլիական զինվորական մարմինները 77 մեղադրյալների աքսորեց Մալթա կղզի՝ դրանով իսկ նրանց ազատելով դատապարտումից:

Հետագա ամիսներին դատավարությունը շարունակվեց և դատապարտյալների աթոռներին հայտնվեցին Երիտթուրքերի կուսակցության շրջանային պարագլուխները, Օսմանյան կայսրության գավառներում կոտորածների կազմակերպիչներն ու մեղավորները:

Սակայն, որպես կանոն, դատարանը մահվան էր դատապարտում հիմնականում միայն գլխավոր մեղավորներին, որոնք կարողացել էին ժամանակին խույս տալ ձերբակալությունից, ու այդպիսով դատավարությունը ձևական բնույթ էր կրում: Մնացյալները դատապարտվում էին միջին և ցածր չափերի պատժաչափերի:

Մեղադրական եզրակացության մեջ դատարանը անդրադարձավ հայերի կոտորածներին, նշելով, որ պետական պաշտոնյաները, «Իթթիհադ վե թերակկի» կուսակցության կոմիտեների ներկայացուցիչները, «Թեշքիլաթ-ը մահսուսեի» գործակալները «Առանց ազգի և հավատքի խտրականության սկսեցին ժողովրդին կոտորել, կողոպտել, ունեցվածքը այրել և շատերին տանջամահ անել: Չնայած որ ահաբեկման սլաքը հիմնականում ուղղված էր հայերի դեմ, այդուհանդերձ, տուժեցին նաև այլ տարրեր»:

Այնուհանդերձ, այսօր ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևորագույն կետ է դատարանի եզրակացությունը, որ՝ . «Ներկա հետաքննության գլխավոր հարցն այն է, որ հայերի տեղահանության ընթացքում, տարբեր ժամանակներում և զանազան վայրերում տեղի ունեցած հանցագործությունները և հատկապես յուրաքանչյուր հանցագործության նկատմամբ օրենքի հիման վրա կատարված քննությունները ցույց են տալիս, որ դրանք ոչ թե սահմանափակ կամ տեղական բնույթ են ունեցել, այլ կանխամտածված իրականացվել են վերոհիշյալ անձերից բաղկացած և միասնական ուժ հանդիսացող «Հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգերով և գաղտնի հրամաններով»:

Դատական ատյանի եզրափակիչ խոսքով Թուրքիայի գլխավոր դատախազ Մուսթաֆա Նազմի բեյը նշեց, որ արդար դատավարության նպատակն է «ջնջել հայերի կոտորածների և չարաշահումների հետևանքով օսմանցիների արժանապատվության վրա ընկած արյունոտ հետքերը և օսմանցիների ճակատը մրոտած սև բծերը»:

Տեղին է նշել, որ Երիտթուրքերի դատավարության արձանագրությունները թուրքական կառավարությունը չհրատարակեց: Թուրքական մամուլում հրատարակվեցին միայն դատարանի կայացրած վճիռները, այն էլ՝ «Թաքվիմ-ի վեքայի» թերթի արաբատառ հավելվածի մեջ միայն: Սակայն այդ դատավճիռը բարեբախտաբար թարգմանվեց Ժան-Մարի Կարզուի կողմից նաև ֆրանսերեն լեզվով ու պահպանվեց: Հետագայում նվիրյալ մտավորական Կարպիս Ջրբաշյանը մեծ դժվարություններ հաղթահարելով՝ ձեռք բերեց «Թաքվիմ-ի վեքայի» ողջ հավաքածուն և բերելով Հայաստան՝ հանձնեց Ազգային արխիվին:

Ըստ էության, թուրքական դատարանի 1919–1920 թվականների որոշումը ոչ այլ ինչ է, քան Հայոց ցեղասպանության ուղղակի ճանաչում և դատապարտում թուրքական պաշտոնական իշխանությունների կողմից: Սակայն խնդիրն այն է, որ 1920 թվականին դեռևս ցեղասպանություն եզրը շրջանառված չէր իրավական հարթակում: Թուրքական դատարանը հանդիսանալով թուրքական պետության իշխանական մաս՝ 1919–1920 թվականների դատավարության ժամանակ հանդես է եկել թուրքական պետության և սուլթանի անունից ու իր վճիռն արձակել է հանուն Թուրքիայի և նրա սուլթանի: Այդ որոշումը չի բեկանվել թուրքական կառավարության կողմից: Դա չի բեկանվել նաև թուրքական պետության սուլթանի կողմից, որն օժտված էր նման լիազորություններով: Ավելին. թուրքական բարձրագույն իշխանությունները և պետական մարմիններն ընդունել են դատավճռի օրինական լինելը ու իրականացրել նրա որոշումներն այն մասով, որը վերաբերում էր հարյուրից ավելի հանցագործների բանտարկությանը: