Փոխվել են ժամանակները: Փոխվել են կյանքի պահանջները: Փոխվել են մարդկային արժեհամակարգերն ու փոխհարաբերությունների դրսևորումները: Փոխվել են առաջ տանող դրդապատճառներն ու մարդկային մտածողությունը: Միայն մի բան է անփոփոխ մնացել՝ երեխայի ծնունդն ու մանկությունը: Երեխան համարվում է ամենամաքուր էակը, ով դեռ թաթախված չէ հասարակական նորմերի, շահ հետապնդող հարաբերությունների և աղավաղված արժեհամակարգերի մեջ: Եվ նա միշտ ունի նույն պահանջները և ցանկությունները, որոնք բնությունն է սերմանել բանական էակի մեջ: Դա սերն է, միմյանց նվիրած ժամանակը, քնքշանքը, միմյանց ինքնազարգացման մղելու ունակությունը, և այլն:
Մենք՝ ծնողներս, լինելով այսօրվա ակնթարթային կյանք ունեցող ժամանակի գերին, հիմնականում լինում ենք աշխատանքի վայրում՝ երեխաներին տեսնելով մի քանի ժամ: Իսկ այդ մի քանի ժամը, փոխարենը հարցնելու, թե ինչպե՞ս է երեխան անցկացրել իր օրը, ի՞նչ դրական իրադարձություններ են տեղի ունեցել, շտապում ենք «դաստիարակել»: Ամենամեծ սխալը, որ կատարում ենք, դա շեշտումն է այն բանի, որ մեր բացակայությունը հիմնականում նրա բարեկեցության համար է արվում: Երեխան, լինելով հուզականորեն դեռ այդքան չկայունացած, իր ուսերին մեծ պատասխանատվություն է վերցնում, որն իր ուժերից և իրականության ընկալման սահմաններից դուրս է: Ժամանակի ընթացքում ծնողի և երեխայի միջև տարածություն է գոյանում, որը շտկելը շատ բարդ է, քանի որ նման տարածությունը փոխհարաբերությունների, միմյանց ապրումակցելու, հուզական կապվածության բացակայության հիմքում է գոյանում: Ինչպես նաև գոյանում է այն պատճառով, որ մենք չենք ճանաչում սեփական երեխային և չենք էլ փորձում, քանի որ ժամանակը բավականացնում է միայն ծնողական պարտքը կատարելու՝ դաստիարակելու համար: Իսկ նման վարքից հետո արդյո՞ք ծնողն ունի նման իրավունք:
Քանի որ մենք չունենք ժամանակ երեխայի համար, մենք փորձում ենք լցնել նրա օրը՝ դարձնելով բազմազբաղ, միաժամանակ՝ տալիս ենք նրան ազատություն, որում երեխան չի կարողանում իրականացվել: Մենք սահմանափակում ենք երեխայի շփումը բացասական մարդկանց հետ, փորձում ենք պաշտպանել վատ ազդեցություններից, սակայն, միաժամանակ, չենք կարողանում նրա հետ երկուստեք շփում կազմակերպել և խոսել: Մեր ծնողական դերը գերակշռում է մարդկայինին և հրաժարվում երեխային ընկալել՝ որպես անհատականություն, այլ ոչ թե՝ մեր ցանկությունների և պատկերացումների մարմնավորում: Հարց է առաջանում. Ի՞նչ անել:
Նախևառաջ՝
- Ժամանակի մի մասը հատկացնել երեխային, որի ընթացքում չեք սովորեցնելու, քննադատելու, ուղղելու: Թող այն լինի տևողությամբ կես ժամ, սակայն ոչ թե` մեքենայի մեջ, խցանման ընթացքում, կամ՝ նույն տան առանձին սենյակներում, այլ միասին, դեմ-դիմաց, գրկախառնված և միմյանց երջանկություն պարգևելու տրամադրությամբ:
- Հնարավորություն տալ երեխային լինել պատասխանատու և իր ավանդն ունենալ ընտանեկան կյանքի մեջ: Հնարավորություն տվեք, որ այդ պահից սկսած նա իր վրա վերցնի տան որևէ ընդունված գործողության հանդեպ պատասխանատվություն՝ խնամել ծաղիկները, մաքրություն անել, և այլն:
- Լինել ընդօրինակելի սեփական երեխաների համար: Ոչ այնքան` նյութական ապահովվածության տեսանկյունից, որքան` մարդկային որակների: Քանի որ երջանկության հիմքը ոչ թե տան մեծությունն է, այլ մարդիկ, ովքեր ապրում են նրանում: Մարդիկ, որոնք դիմացիններին կարող են օգտակար լինել և օգնել:
- Սովորեցնել երեխաներիn ուրախանալ ամենասովորական իրերից: Օրինակ, ուրախանալ, որ երկնքում կա արևը, կա ջերմություն, կա ընտանիք, կան տարբեր կենդանիներ, կա կյանքը:
- Բարձրացնել երեխայի անձի կարևորությունn իր իսկ համար: Ցույց տալ, թե որքան պետքական մարդ է նա՝ կերակրելով կենդանիների, տնկելով ծառեր, կատարելով բարեգործություն, նվիրելով իրենից փոքրերին խաղալիքներ, և այլն:
- Եթե երեխան փոքր է, օգնել գտնել հետաքրքրություն որևէ զարգացնող խաղի մեջ, այլ ոչ թե տանել խմբակներ: Եթե երեխան ավելի մեծ է, օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում:
- Եթե ընտանիքում կան սեռադերային հարցերի շուրջ խոսելու դժվարություններ (բացակայում է ծնողներից մեկը, երեխան չունի հայր կամ մայր), ապա փնտրեք և դիտեք ֆիլմեր, որտեղ կա հստակ տարանջատված դերային ցուցադրում: Որտեղ երեխան կհասկանա թե ինչ նշանակություն ունի հայրիկի դերը, ինչ հատկանիշներ պետք է ունենա նա, և ինչ նշանակություն ունի մայրիկի դերը:
Սկսեք լսել Ձեր երեխային, հասկացեք, թե ինչ է իրականում թաքնված նրա կամակորությունների, բողոքների ներսում: Դուք միակ մարդն եք, որ կարող եք սնել և առողջ անհատականություն մեծացնել՝ նրա իրական ցանկությունները լսելով:
Կամիլա Խաչատրյան
Հոգեբան