Հոկտեմբերի 31-ին Երևանի փողոցները լցվելու են վամպիրներով, փոխակերպուկներով, հեքիաթներից ու ֆիլմերից փախած կերպարներով․ վաղը Հելոուին է։
Ըստ պատմաբանների՝ Հելոուինը ծագել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որը նշել են Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Կելտերը հավատում էին, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ի գիշերը ողջերի ու մեռյալների աշխարհները բաժանող պատը ծակոտկեն էր դառնում, և չար ոգիները կարող էին ներթափանցել մեր աշխարհ։ Այդ իսկ պատճառով նրանք կրում էին կենդանիների կոտոշներ և մորթիներ՝ ոգիներին վախեցնելու և մեր աշխարհից վռնդելու համար։ Այսօր տոնը կրում է ավելի ժամանցային բնույթ, և այն նշում են գրեթե ամենուրեք, անկախ կրոնից և մշակութային առանձնահատկություններից՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և այլուր։
Իսկ թե ինչ կապ ունենք հայերս այս տոնի հետ և ինչպես է հայ առաքելական եղկեղեցին վերաբերվում այս տոնին, պարզեցինք Տեր Եսայի քահանա Արթենյանից։
– Մենք՝ հայերս, ի՞նչ կապ ունենք Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից եկող այս տոնի հետ։ Ինչու՞ է տարեցտարի ավելի ընդունելի դառնում այս օտար տոնը։ Ինչպե՞ս է հայ առաքելական եկեղեցին վերաբերվում Հելոուինին։
– Հայերս ոչ մի կապ չունենք այս տոնի հետ: Այս տոնն ավելի շատ տարածում ունի երիտասարդների շրջանում, ովքեր, ցավոք, խարամուխ չեն տոնի հեթանոսական ու հակաքրիստոնեական երանգների մեջ, այլ ավելի տարված են տոնի ժամանցային բնույթով: Գաղտնիք չէ, որ այս տոնը իր բնույթով հակաքրիատոսնեական է, իսկ իր բովանդակությամբ՝ անհեթեթ: Հելոուինը Ամերիկայում ավելի շատ տարածվեց որպես կոմերցիոն տոն Ս. Ծննդյան տոնից հետո. իր այդքան մեծ տարածումը պայամանավորված է դրանով։ Մեզանում այն, իբրև նորամուծություն, հետաքրքրություն է առաջացնում, իսկ երիտասարդները հաճախ կարևորում են նորամուծությունն՝ առանց դրա բովանդակութանը անրադառնալու: Խնդիրը ինչ-որ տոն չնշելը չէ, եկեղեցին դեմ չէ տոներին, սակայն հարց է՝ այս մեկը տո՞ն է, թե՞ տոնի անվան տակ իրականացվող քարոզչություն, որին տրվում են երիտասարդները կամա թե ակամա:
– Ի՞նչ նկատի ունեք «քարոզչություն» ասելով։ Այսինքն՝ բացի կոմերցիայից ու ժամանցից, Հելոուինն ունի՞ այլ գաղտնի միտումներ։
– Չեմ ուզում մտածել, որ հատուկ է արվում, սակայն ուզենք թե չուզենք՝ այս տոնը ներմուծվելով մեր հասարակություն, կամա թե ակամա տարածվում է նաև տոնի խորհուրդը, սնոտիապաշտական հավատալիքները, ինչն էլ հակաքրիստոնեական քարոզչություն է:
– Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր խոսքերով՝ հակաքրիստոնեական քարոզչության դեմ և արդյոք մեր եկեղեցին ունի այնպիսի տոներ, որոնք կարող են փոխարինել հելոուինին երիտասարդության ժամանցի տեսանկյունից։
– Հելոուինն այլ տոնով փոխարինել պետք չէ: Դա չէ մեր նպատակը, եթե տոնը ոչ մի աղերս չունի քրիստոնեության հետ, ինչպե՞ս է հնարավոր այն համատեղել որևէ քրիստոնեական տոնի հետ: Հայ եկեղեցին իր գոյությամբ ու ծիսակարգով, քարոզներով ու կրթական ծրագրերով է պայքարում ամեն տեսակ հակաքրիստոնեական դրսևորումների դեմ։
Նյութը կազմեց Հովհաննես Եսայանը