Նոր Երևան. սրճարան ու խանութ անիվների վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր Երևան. սրճարան ու խանութ անիվների վրա

Բրիտանական երկհարկանի ավտոբուսն ու սովետական «պազիկ»-ը վերածվել են տեսարժան վայրերի՝ և ոչ միայն զբոսաշրջիկների համար

Երևանում գտել են անսարք ավտոբուսների կիրառման նոր եղանակ: Աշխարհում հայտնի և վաղուց ընդունված են քաղաքով մեկ անիվների վրա տեղաշարժվող սրճարաններն ու խանութները: Այժմ այդպիսի շարժական սրճարան-խանութ կա և Հայաստանի մայրաքաղաքում: Բայց դրա հեղինակները խոստովանում են, որ երևանցիների համար դեռ փոքր-ինչ անսովոր է ավտոբուսից շապիկ գնելը կամ այնտեղ սրճելը:

21-ամյա Ռաֆայել Ղազարյանը վարդագույն երկհարկանի սրճարանի հեղինակն է: Մի քանի տարի առաջ, երբ այցելել է Մեծ Բրիտանիա, ոգեշնչվել է Լոնդոնի հայտնի կարմիր ավտոբուսներից ու հենց նրանցից մեկը բերել է Երևան:

«Ավտոբուսը գնել եմ Լոնդոնի ավտոպարկից, երբ գնեցի, այն կիսաքանդ վիճակում էր, 1970թ.-ի մեքենա է, բավական հին է, միայն շարժիչն էր աշխատում: 5 ամիս է պահանջվել, որ ավտոբուսը դառնա սրճարան: Դիզայնը ինքս եմ արել: Սկզբում ուզում էի հենց կարմիր էլ ներկել, հետո մտածեցի, որ վարդագույնը Երևանին ավելի շատ է սազում»,- պատմեց նա:

Ռաֆայելն ասում է, որ 20 նստատեղ ունեցող սրճարանի անվան շուրջ երկար չի մտորել, իսկզբանե որոշել էր, որ իր շարժական սրճարանը պետք է ունենա պարզ ու հիշվող անուն՝ «Ավտոբուս»:

Սրճարանի մենյուն առանձնահատուկ չէ՝ աղցաններ, սենդվիչներ, սուրճ, թեյ, գներն էլ մատչելի են:

«Ավտոբուսը» մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում կայանում է բոլոր մեքենաների պես: Ամեն ամիս Ռաֆայելը վճարում է համապատասխան գումար, որպեսզի մեքենան կանգնի թույլատրված հատվածում: Երբեմն սրճարանը տեղափոխվում է մեկ այլ հայտնի վայր, որը ևս քաղաքի կենտրոնում է գտնվում՝ Ամերիկյան համալսարանի մոտ: Բայց երբ հրապարակ է վերադառնում, հաճախ կայանելու ազատ տեղ էլ չի լինում:

«Սա մեր մշտական տեղը չէ, երբ ավտոբուսը քշում ենք համալսարանի դիմաց, այլ մեքենաներ են այստեղ կանգնում, ու սպասում ենք մինչև նրանք դուրս գան այդ տեղից»,- պատմում է «Ավտոբուսի» հեղինակը:

Նա նկատել է, որ մարդիկ շատ հաճախ անցնելիս ժպտում ու ուրախանում են, երբ տեսնում են վարդագույն «Ավտոբուսը»: Ասում է, լավ է, որ դրանից դրական տպավորություն են ստանում, նույնիսկ եթե սրճարանից չեն օգտվում:

«Մշտական հաճախորդներ չունենք: Մեր հաճախորդները հիմնականում պատահական անցորդներ են: Հարակից նախարարության շենքի աշխատակիցներն են հաճախ այստեղ լանչ անում, գալիս են նաև տեղացիներ, ովքեր «Ավտոբուսի» նկարները համացանցում տեսնում են ու ուզում են անձամբ զգալ երկրորդ հարկում սուրճ խմելու հաճույքը: Զբոսաշրջիկներ ևս պարբերաբար այցելում են, քանի որ մեքենան կանգնած է զբոսաշրջային ակտիվ վայրերից մեկում»,- ասում է Ռաֆայելը:

Ավելին, եղել են դեպքեր, երբ «Ավտոբուսը» շփոթել են հենց ավտոբուսի հետ, ցանկացել են տոմս գնել, որ նստեն, հարցրել են, թե ո՞րն է հաջորդ կանգառը:

«Մի անգամ մի ընտանիք վազելով գալիս էր դեպի սրճարանը: Շնչակտուր վազում էին, կարծես մի բանից ուշանում են, հասան տեղ, ընտանիքի հայրը հարցրեց. ե՞րբ եք շարժվում: Ասացինք, որ չենք շարժվելու, տխրեցին, շարունակեցին վազել»,- հիշում է Ռաֆայելը:

Երևանի մյուս արտասովոր ավտոբուսը՝ հուշանվերների խանութն է: Այն ոչ միայն առաջին խանութն է, որն անիվների վրա է, այլև առաջինն է, որն աշխատում է բացառապես արևային էներգիայով: Տանիքին տեղակայված են արևային պանելներ, որոնք խանութն էլեկտրաէներգիայով են ապահովում:

Հեղինակը երիտասարդ գործարար Գուրգեն Վարդանյանն է: Նա պատմեց, որ խանութի հիմքում սովետական հին մի «պազիկ» է և բացի հուշանվերների վաճառքից այն ծառայում է զբոսաշրջիկների համար որպես ինֆորմացիոն կենտրոն:

«Խանութում կա ինտերնետ, բջջային հեռախոսի մարտկոցը լիցքավորելու սարքեր, որոնք զբոսաշրջիկի համար շատ կարևոր են: Մարդիկ, երբ այցելում են որևէ երկիր, նրանք ուզում են իրենց հարազատների հետ կապի մեջ լինել, նկարներ ուղարկել, և մենք նրանց համար ապահովում ենք այս հնարավորությունները: Բացի այդ, մենք տրամադրում ենք նաև քարտեզներ, ուղեցույցներ, թե ուր կարելի է գնալ Երևանում, ինչ տեսարժան վայրեր այցելել, որտեղ հանգստանալ երեկոյան և այլն»,- պատմեց Գուրգենը:

Նա ասում է, որ հուշանվերի խանութի ստեղծման համար մոտ 20000 դոլար է ծախսել, դրա մեծ մասը՝ սովետական «պազիկը» ժամանակից տեսքի բերելու վրա:

«Ներքին հարդարման բավական մեծ աշխատանք ենք կատարել: Պատերը հայկական զարդանախշերով են պատված, անգամ դարակներն ու կախիչները պատահական չեն ընտրված: Ամեն մեկը ներկայացնում է Հայաստանի մի ժամանակակաշրջանի պատմություն: Փորձել ենք այնպես անել, որ խանութը դառնա պատմության փոքրիկ թանգարան, որպեսզի ամեն մի զբոսաշրջիկ դուրս գա լիովին տեղեկացված»,- ասում է Գուրգենը:

Խանութում ցուցադրված բոլոր հուշանվերները հայկական արտադրության են: Այստեղ կարելի է ձեռքբերել ինչպես սառնարանի մագնիսներ, կավից փոքրիկ բաժակներ, այնպես էլ՝ հայ արքաների դիմանկարներով շապիկներ ու անգամ եղնիկի եղջյուրից պատրաստված դանակներ:

Կարևորը, երկու ավտոբուսն էլ արդեն զբաղեցրել են քաղաքում իրենց տեղը և գրավել թե տեղացիների, թե զբոսաշրջիկների ուշադրությունը:

Լուսանկարում հուշանվերների խանութի վաճառող խորհրդատուն է հոդվածի հեղինակի հետ:

jam-news.net