Ռաֆայել Թերմուրազյանի հրապարակումը:
Ստորև կփորձեմ անդրադառնալ բերվող հիմանվորումներին և հնարավոր հետևանքներին.
Հիմնավորումների մասին
- Տարկետման իրավունքը պետք է վերացվի, որովհետև միայն «վերևների մարդիկ» են դրանից օգտվում։
- Բացի այն, որ սխալ է պնդումը, թե դրանից միայն «վերևների մարդիկ» են օգտվում, այն նաև իր մեջ միամտության տարր ունի։ Ըստ այսպես մտածողների, եթե «վերևների մարդիկ» զրկվեն ասպիրանտուրայի միջոցով բանակից խուսափելու հնարավորությունից, ապա գնալու են բանակ։ Մի՞թե պարզ չէ, որ «վերևների մարդիկ» միևնույն է բանակ չեն գնալու՝ անկախ նրանից տարկետում կա, թե՝ ոչ։
- Գիտությամբ զբաղվողը բանակից հետո էլ կզբաղվի գիտությամբ։
- Այս հարցադրումը գուցե տեղին լիներ (որոշ մասնագիտությունների գծով), եթե պետությունն ապահովեր գիտությամբ զբաղվելու համապատասխան միջավայր՝ աշխատանք, բարձր աշխատավարձ, խրախուսական այլ մեխանիզմներ։ Մինչդեռ գործ ունենք ճիշտ հակառակ գործընթացի հետ։ Հայաստանում գիտությամբ զբաղվելն այսօր շահավետ չէ, և այդ ուղին ընտրած երիտասարդը պետք է միայն խրախուսվի։
- Այսքան տարի որ տարկետում կար, գիտությունը դրանից զարգացա՞վ։
- Ներկա պայմաններում Հայաստանում գիտության զարգացման մասին խոսելու համար պետք է շատ լավատես լինել, սակայն պետք է առնվազն ձգտել պահել եղածը, որ ապագա լավ օրերում հնարավոր լինի ակտիվանալ ընթացքից, ոչ թե սկսել զրոյից։ Մենք գիտական զգալի պոտենցյալ ունենք, կառույցներ, որոնք այսօր գոյատևման պայքար են մղում։ Պետությունը ոչ միայն չի օգնում, այլև շարունակ բարդացնում է իրավիճակն ու լրացուցիչ խնդիրներ ստեղծում։
- Հաստատվում է սոցիալական արդարություն. բոլորը պետք է ծառայեն (պաշտոնական հիմնավորում)։
- Սա լուրջ ընդունելը դժվար է։ Հակառակ դեպքում՝ տես 1։
- Անվտանգության հարցն այսօր առաջնային է։
- Նախ, անվտանգության հարցը միայն բանակի թվաքանակով չէ պայմանավորված, հետո էլ՝ այս օրենքով բանակը թվային հավելում չի ստանալու։ Գործող օրենքով ծառայության են ենթակա բոլորը՝ բացառությամբ տարեկան առավելագույնը 140 անձի, որոնք պաշտպանում են թեկնածուական թեզ և աշխատում իրենց մասնագիտությամբ:
- Այս օրենքով կվերացվի կոռուպցիան կրթական համակարգում։
- Սա պարզապես իրավապահ համակարգի ամլության արձանագրում է։ Կարելի է նաև ենթադրել, թե կոռուպցիայի աղբյուրը միայն տղաներն են։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար համապատասխան կառույցներ փող են ստանում, և ամենևին կարիք չկա մի ողջ հատված քանդել՝ կոռուպցիան վերացնելու նպատակով։ Դա մատնում է, որ նպատակն իրականում այլ է։
- Նրանք (ցուցարար ուսանողները) բոլորն ուզում են բանակից խուսափել։ Ի՞նչ գիտություն, ի՞նչ բան։ Բա ինչի՞ էսքան անարդարության դեմ չէին բողոքում, հենց սրա դեմ են բողոքում։
- Կարծում եմ՝ պիտի երկրորդական լինի հարցը, թե ով ինչից ելնելով է միավորվել ընդդեմ այս ձեռնարկի։ Փոխարենը պետք է փորձ արվի պատասխանել հարցին, թե ի՞նչ հարց է լուծում իշխանությունը և թե սա ինչի կարող է հանգեցնել։ Իսկ ազնիվ նպատակներով մարդկանց կողքին միշտ էլ կգտնվեն այլ ծրագրեր ունեցող անձինք։
- Նաև ճիշտ չէ պնդումը, թե ուսանողները ոչ մի այլ առիթով բողոքի դուրս չեն գալիս։ Հիշեք օրինակ 2008, 2013-ի կեղծված ընտրություններին հետևած դասադուլները, Երևանի կենտրոնական փողոցները ողողած կաշառակեր դասախոսների նկարները։ Վերջին տարիների բոլոր քաղաքացիական շարժումների առանցքը ուսանողությունն է եղել։ Որքան էլ ուսխորհրդներով ու հարակից կառույցներով փորձում են ուսանողներին վերահսկողության տակ պահել, այնուամենայնիվ մի զանգված միշտ դուրս է մնում վերահսկողությունից։ Փուլ առ փուլ հետևողականորեն հանրային դիմադրությունը հասցվել է նվազագույնի։ Միայն գովասանքի են արժանի այս վերջին մոհիկանները։ Վաղը սա էլ կարող է չլինել։
Հետևանքների մասին
Իմ կարծիքով՝ տարկետման վերացման արդյունքում
ա/ գոյատևման եզրին գտնվող գիտական համակարգը զրկվելու է շնորհալի կադրերից,
- որովհետև այս օրինագիծը բացառում է շարունակական կրթության հնարավորությունը։
բ/ ընկնելու է բուհերի որակը,
- որովհետև կադրերի՝ այսօր արդեն առկա սուր պակասն օրհասական վիճակի է հասնելու:
գ/ ընկնելու է բանակի կրթական մակարդակը,
- որովհետև շատերը նախընտրելու են ծառայության մեկնել մինչև կրթություն ստանալը. հակառակ դեպքում կծառայեն առաջնագծում՝ մեկ տարի էլ ավել։
դ/ խթանվելու է արտագաղթը,
- որովհետև մարդիկ ձգտելու են իրենց երեխաներին վաղ տարիքում այլ երկրի քաղաքացի դարձնել:
ե/ կրթությունն ընկալվելու է որպես գլխացավանք,
- որովհետև պետությունը համալսարանն ընտրած տղաներին «սպառնում է» զորակոչել մեկ տարի ավելի ժամկետով և այն էլ՝ պարտադիր առաջնագիծ. չկարողացա գտնել որևէ երկրի օրինակ, որտեղ կրթություն ստանալու նման հակախրախուսանք լինի:
զ/ ընկնելու է հասարակության դիմադրության պոտենցյալը,
- որովհետև պակասելու է կրթություն ստացածների կշիռը։ Եթե մինչ 2010-ը հասարակության արական հատվածի 20-25%-ը նախ անցնում էր կրթական համակարգով, հետո՝ բանակի, 2011-ից այն դարձրեցին մոտ 3-4%, իսկ այս փոփոխությամբ այդ թիվը հասցվելու է նվազագույնի. միջնակարգ կրթությամբ տղաները նախ պետք է «հղկվեն» բանակում, որից հետո «ազատ են»:
է/ որպես այս ամենի հետևանք՝ հասարակությունը դառնալու է ավելի կառավարելի. հենց այստեղ էլ, ըստ իս, թաղված է շան գլուխը։
Մի օրինաչափություն եմ նկատել. նախագծին կողմ արտահայտվողների գերակշիռ մասը հումանիտար կրթություն ունի, իսկ դեմ արտահայտվողների մեջ գերակշռում են բնական գիտությունների ներկայացուցիչները։ Պատճառը թերևս Հայաստանում այս երկու ճյուղերի միջև գիտական որակի էական տարբերությունն է. Հայաստանի գիտական որակը կուտակված է բնական գիտություններում, ինչը հանգեցնում է նրան, որ բանասերն ու ֆիզիկոսը գիտական իրականության մասին տարբեր պատկերացումներ ունեն։ Հաճախ են ասում, թե նշեք վերջին 25 տարվա մեջ մի հայաստանցի գիտնականի անուն, որ լուրջ ներդրում է ունեցել գիտության մեջ։ Կարելի է տասնյակներով ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների անուններ նշել։ Վստահ եմ, որ այլ մասնագիտությունների գծով էլ կան, պարզապես տեղյակ չեմ։ Մեծ մասն աշխատում է արտերկրի գիտական կենտրոններում։ Պետությունը ոչ միայն չի մտածում գիտնականին Հայաստանում պահելու և համապատասխան օգուտը ստանալու մասին, այլև ձեռնարկել է մի գործընթաց, որը նվազագույնի է հասցնելու ապագա հնարավոր նման կադրերի թիվը։
Այսքանը։ Կարծում եմ՝ սա լոկալ բնույթի հարց չէ և ավելի մեծ կոնտեքստում է պետք նայել։ Սա օրենք չէ բանակի մասին։ Սա օրենք է այն մասին, թե ինչպես է այս իշխանությունը պատկերացնում Հայաստանի ապագան։