Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Կիլիկյան Հայաստանի հիմնասյուներից՝ Թորոս Ռուբինյանի պատմությունը:
Հայ ժողովրդի պատմությունը զուրկ է օրինաչափությունից: Եղել են իրավիճակներ, երբ հայոց պետականությունը գտնվելով իր փառքի գագաթնակետին` արագ անկում է ապրել, եղել են դեպքեր, երբ կազմալուծված, հյուծված ու կեղեքված հայությունը հանկարծ զարթնել է նիրհից և մի ոստյունով դարձյալ անկախ պետականություն ծնել: Նման դեպքեր շատ կարելի է թվարկել:
Այս շարքում յուրօրինակ է Կիլիկիայի հայոց անկախ իշխանապետության ծնունդը:
Դեռ ոչ վաղ անցյալում` 1045 թվականին եղավ Բագրատունյաց թագավորության անփառունակ վախճանը: Դարերի թափած արյան ու մաքառումների գնով ձեռք բերած անկախությունը հայ կղերի թեթև ձեռքով կործանվեց: Սակայն Բագրատունյաց թագավորության կործանման մեջ միայն հայ եկեղեցին չէ որ մեղավոր էր: Հայոց հասարակարգը սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամ էր ապրում: Շատ անվանի ու ազդեցիկ իշխաններ Գագիկ Բ Կրտսեր Բագրատունի թագավորից (1042-1045) հետո ուղղակի իրենց հայրենական կալվածքները հանձնեցին բյուզանդական կայսրությանն ու լքեցին երկիրը: Մասնավորապես` Գրիգոր Մագիստրոս Պահլավունի իշխանը, Վանանդի Գագիկ թագավորը…
Հայաստանից սկիզբ առավ հոծ արտագաղթ, և թվում էր` հայությունն այլևս ընդունակ չի լինի ոտքի կանգնել և անկախ պետականություն արարել:
Սակայն կատարվում է անսպասելին. Բագրատունյաց թագավորության անկումից անգամ կես հարյուրամյակ չէր անցել, երբ Կիլիկիայում` օտար հողի վրա ծլեց հայոց նոր պետականությունը` Կիլիկիայի իշխանապետությունը:
Այս նոր պետության սկզբնավորողը հենց Գագիկ Բ թագավորի թիկնազորի իշխաններից Ռուբենն էր` հավանաբար դարձյալ Բագրատունյաց տոհմից: Սակայն պատմությունը փառաբանելով Ռուբենին` իր ստեղծած նոր հարստությունը հենց իր անունով կոչվեց` Ռուբինյան:
Ռուբեն Ա 1080 թվականին ապստամբության դրոշ պարզեց Բյուզանդիայի դեմ ու Լեռնային Կիլիկիայում հռչակեց իր անկախությունը: Նա իր կառավարման տասնհինգ տարիների ընթացքում ընդարձակեց իր տիրույթներն ու որդուն ու ժառանգին` Կոստանդին Ա, կտակեց արդեն կայացած ու ճանաչում ստացած հզոր իշխանություն:
Կոստանդին Ա (1095-1100) շարունակելով հոր քաղաքականությունը` կարճ իշխեց ու նրան հաջորդեց որդին` Թորոս Ա Ռուբինյանը (1100-1129):
Գահ բարձրանալով` Թորոս Ա ժառանգեց հզոր ու բարգավաճ մի երկիր, ուր սակայն անպակաս էին նաև խնդիրները:
Կիլիկիայի իշխանապետության հարատևման համար պարտադիր էր Դաշտային Կիլիկիայի նվաճումը, որը կամրապնդեր հայոց իշխանապետության ոչ միայն ռազմավարական դիրքերն ու միջազգային հեղինակությունը, այլև ձեռք գցելով Դաշտային Կիլիկիայով անցնող առևտրային հարուստ ճանապարհների հսկողությունն ու եկամուտները, երկիրը դուրս կգար Միջերկրական ծով: Ահա այս խնդիրը պետք է լուծեր Թորոս Ռուբինյանը: Սակայն նրա ծրագրերին մի շարք խանգառող հանգամանքներ կային. ընդդիմացող Բյուզանդիան, սելջուկների Իկոնիայի կայսրությունը, խաչակիրները և Կիլիկիայի տարածքում հաստատված հայ և հույն անջատողական ձգտումներով առանձին իշխանություններ:
Սակայն Թորոս Ա բավականաչափ կամք ու եռանդ ուներ` իր առջև դրված խնդիրների լուծման համար:
Գահակալման առաջին տարիներին ևեթ` 1104 թվականին Թորոս Ա նախահարձակ եղավ Բյուզանդիայի վրա և նախ ամրապնդեց իր դիրքերը Լեռնային Կիլիկիայում` նվաճելով Սիսը և Անարվազան: Ապա Դաշտային Կիլիկիան մաքրելով բյուզանդական կայազորներից` երկրամասը կցեց իր պետությանը: Թորոս Ա իր իշխանապետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Անարբազա քաղաքը, որը գեղեցիկ շինություններով ու ապարանքներով պատեց: Նա այստեղ կառուցեց Սուրբ Զորավարաց եկեղեցին:
Դրանով հայոց իշխանը ազդարարեց իր նվաճողական նկրտումների մասին: Դա բնականաբար, չէր մտնում հարևան տերությունների ծրագրերի մեջ և շուտով Իկոնիայի սուլթանության մեծաթիվ բանակը ներխուժում է Կիլիկիա:
Թորոս Ա իշխանին օգնության է փութում մեկ այլ ականավոր հայ իշխան և զորական` Գող Վասիլը: Կամսարականներ տոհմից սերող այս իշխանը Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի տարածքում ստեղծել էր լայնասահման անկախ մի իշխանապետություն և Թորոսի պես ինքն էլ հավակնություններ ուներ վերականգնելու հայոց թագավորությունը: Երկու հայկական անկախ իշխանությունների միջև առկա հակամարտություններն ու առաջնության համար մղվող մրցակցությունը չխանգարեց նրանց միավորվել սելջուկների դեմ պայքարում: Գող Վասիլը լավ էր հասկանում, որ տվյալ դեպքում Կիլիկիայի իշխանապատությունը ապահովում է իր պետության թիկունքն ու Թորոսին ընկճելով` թշնամին կանգ չի առնի: Եվ նրա բանակը միացավ Թորոսի զորքերին և 1107 թվականին Բերդուսի վճռական ճակատամարտում հայերը ջախջախեցին սելջուկյան զորքերին ու դուրս շպրտեցին Կիլիկիայից:
Թորոսը նաև հմուտ դիվանագետ էր. Նա հակաբյուզանդական պայքարում իր պետության արևելյան սահմաններն ամրապնդելու և դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով իր դուստր Արտային կնության տվեց Եդեսիայի դուքս Բալդուին Բ-ին: Սա նպաստեց Թորոս Բ դիրքերի ամրապնդմանը, քանի որ հետագայում իր ձեռնարկներում հաճախ էր ներգրավվում Անտիոքի դքսության զինուժը, որ բաղկացած էր խաչակիր ասպետների ծանրազեն հեծելազորից:
Թորոս Ա ոչ միայն հայրենասեր ու զորեղ իշխանավոր էր, այլև պատվախնդիր:
Նա վրեժխնդիր եղավ հույն Մանդալե եղբայրներից` Բագրատունյաց արքայատոհմի վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքայի նենգ սպանության համար:
Գահազուրկ Գագիկ արքան իր կյանքի մայրամուտին շարժում էր սկսել Կիլիկիայում` հայոց երկրի ազատագրման նպատակով: Դա աննկատ չմնաց բյուզանդական արքունիքից և հենց արքունիքի սադրանքով ազգությամբ հույն Մանդալե եղբայրները հյուրընկալության պատրվակով 1080 թվականին ձերբակալեցին հայոց արքային, սպանեցին ու մարմինը մետաղալարով կախեցին իրենց ամրոցի պատից: Հայոց արքայի դիակը հետագայում ամփոփվեց Պիզու վանքում: Հայոց իշխանները հավաքվեցին և պաշարեցին Մանդալեների ամրոցը, բայց գրավել չկարողացան:
Նենգ հույներից վրեժ լուծելը Թորոս Բ իշխանի պատվի խնդիրն էր: Նա 1111 թվականին գրավեց հույն եղբայրների Կնդռոսկավիս բերդը, երեք եղբայրներին տանջամահ արեց, սրակոտոր արեց նրանց ցեղն ու բռնագրավեց կալվածքները: Ժամանակակից պատմիչների վկայությամբ` նա ձեռք բերելով հայոց արքայի թուրն ու հանդերձանքը` երկար ժամանակ դառնաղի արտասվում էր:
Հիրավի` արժանի պատիժ նենգ եղբայրների նկատմամբ:
Բյուզանդիան տեսնելով Թորոսի հաջողությունները և հայոց իշխանապետության ամրապնդումը` ստիպված էր հաշտվել ստեղծված իրականության հետ և Կոստանդնուպոլսի արքունիքը քայլեր ձեռնարկեց` Թորոսին սիրաշահելու: Ալեքսիոս կայսրը պատգամավոր ուղարկեց Թորոսի մոտ` հաշտության առաջարկով: Թորոսին կայսրը շնորհեց ՙԱռաջին Սեբաստոսի՚ կոչման:
Թորոսը լինելով քաջարի ռազմիկ` միաժամանակ շինարար էր ու գիտության, մշակույթի հովանավոր: Իր պետության մեջ նա աչքաթող չարեց նաև հոգևոր-մշակութային կյանքը: Սիս քաղաքի մոտ նա հիմնադրեց Մաշկևորի և Դրազարկի հռչակավոր վանական համալիրները: Դրազարկի վանքը հետագայում դարձավ նշանավոր գիտա-մշակութային կենտրոն: Թորոսը իր կտակի համաձայն հետագայում` 1129 թվականին թաղվեց հենց Դրազարկի վանքում, որ դարձավ Ռուբինյանների տոհմական տապանատունը նաև:
Թորոս Ա մահացավ 1129 թվականին` ողջ կյանքում մաքառելով հանուն հայության ու փառավորելով իր իշխանությունը:
Քանի որ Թորոս Ա որդիները` Կոստանդինն ու Օշինը մահացել էին մանկահասակ տարիքում, նրա գահը ժառանգեց կրտսեր եղբայրը` Լևոն Ա (1129-1137):