Կոնստանտին Տեր-Նակալյանի Facebook-յան գրառումը.
«Լինելով տարկետման վերացման կողմնակից, մի բանում ես համաձայն եմ ընդդիմախոսների հետ․ տարկետումը միայն քաղաքացիական մասնագիտությունների ներկայացուցիչների համար չէ, որ պետք է սահամանափակվի ու բերվի «Պատիվ ունեմ»-ի մակարդակի։
Լինելով ՀԱԵ մկրտված հետևորդ, ես վստահ եմ, որ մեր ապագա հոգևորականներին միայն ի օգուտ կլինի զինվորական ծառայությունն անցնելը։ Ու հարցը այն չէ, որ այդ 50-60 սեմինարիստները գլոբալ հարց չեն լուծում։ Հարցն այն է, որ կենսագրությունում կամուֆլյաժային հատված ունենալը օգտակար է ինքակայացման ու աշխարհընկալման տեսանյունից ցանկացած մարդու համար՝ առավել ևս, եթե մարդը հոգևորական է ու մետաֆիզիկական մեծությունների հետ գործ ունի։ Բանակը այդ մետաֆիզիկական հասկացությունները ավելի առարկայական դարձնող ու դրանց ընկալման մակարդակը բարձրացնող միջավայր է։
Ու հետո, սա լավ մաղ կարող է լինել, որի միջոցով կառողջանա նաև եկեղեցին։ Եթե մարդը ունակ չէ պահել իր հավատն ու առաքելության զգացումը 2 տարի ծառայելու արդյունքում, ապա ավելի լավ է, որ առհասարակ չհավակնի հոգևոր հովվի կարգավիճակի։
Մարզիկների ու առանձնակի շնորհավոր երեխաների մասով էլ համաձայն եմ, որ նրանց միանգամից բանակ տանել պետք չէ, բայց մեկընդմիշտ ազատելն էլ սխալ է։ Շնորհավորների մասով հոյեցակարգը դեռ մշակվում է, բայց մարզիկների մասով արդեն կա ու ըստ իս՝ արդյունավետ է․ էլ չկան սպորտային վաշտեր, կա տարկետում, որի համար մարզիկը պետք է ամեն տարի եվրոպայի առաջնությունում զբաղեցնի առնվազն 4-րդ տեղ ու չվատացնի այդ արդյունքը։ Սպորտը իրոք այնպիսի բան է, որ ամենօրյա ռեժիմային մարզումներ չանելու դեպքում, մարզիկը դադարում է լավը լինել ու շատ դժվար է դա շտկել երկու տարի հետո։
Ի մի բերելով մտքերս՝ նշեմ, որ թե՛ օրինագծի դրական ընկալման տեսանկյունից, թե՛ պետության համար օգտավետության տեսանկյունից, թե՛ Եկեղեցու առողջացման տեսանկյունից, տարկետումից պետք է զրկվեն նաև սեմինարիստները ու մատների վրա պետք է կարողանանք հաշվել այն շնորհավոր երիտասարդներին, ում ակադեմիական ու սպորտային հաջողություններն այնքան տպավորիչ են, որ նրանք արտոնյալ կարգավիճակում են հայտնվել»: