Մեծ քանակությամբ ալկոհոլի և ծխախոտի օգտագործումն իրոք հանգեցնում է այն բանին, որ մարդիկ սկսում են ծերանալ «արտաքուստ» և իրենց տարիքից անհամեմատ ավելի մեծ են երևում: Այդ մասին բժիշկները հայտարարում են Journal of Epidemiology & Community Health հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մեզ առաջին անգամ հաջողվեց ցույց տալ, որ ոգելից խմիչքները և սիգարետները արագացնում են մարդու դեմքի և մարմնի նկարագրում այն առանձնահատկությունների հայտնվելը, որոնք սովորաբար կապվում են ծերության հետ: Դրա հետևանքով ծխախոտի և ոգելից խմիչքների սիրահարներն իրենց տարիքից զգալիորեն ավելի մեծ են երևում: Դա կարող է լինել այն բանի հետևանքը, որ և՛ այս, և՛ այն սովորույթը կարող է արագացնել ամբողջ մարմնի ծերացումը»,- հայտարարել է Կոպենհագենում Հարավային Դանիայի համալսարանի աշխատակցուհի Աննա Շոուն:
Վերջին տասնամյակում գիտական մամուլում հայտնվել են մի քանի տասնյակ ուսումնասիրություններ, որոնց հեղինակները հայտարարում էին ալկոհոլային խմիչքների օգտագործման և մի շարք օրգաններում քաղցկեղի զարգացման միջև կապի առկայության մասին:
Օրինակ՝ 2010 թվականին գիտնականները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ գարեջրի օգտագործումը կարող է արագացնել աղիների քաղցկեղի զարգացումը, 2011 և 2013 թվականներին բացահայտել են կապը ալկոհոլի և կրծքագեղձի քաղցկեղի միջև: Մյուս դիտարկումները ցույց են տվել, որ ծխախոտի և ալկոհոլի զուգորդումն ուժեղացնում է վերջինիս քաղցկեղածին ազդեցությունը:
Շոուն և նրա գործընկերները մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ և սիգարետներ օգտագործելու ևս մեկ բացասական ազդեցություն են բացահայտել՝ վերլուծելով այն տվյալները, որոնք հավաքվել են սրտի և անոթների առողջության երկարատև դիտարկումների ընթացքում, որոնք Կոպենհագենի բնակիչների շրջանում կատարվել են 1976-ից մինչև 2003 թվականը:
Դանիայի սոցիալական ծառայությունները, որոնք անցկացրել են այս դիտարկումները, հետևել են ոչ միայն 11 հազար դանիացիների արյունատար համակարգի առողջությանը, այլև ամենատարբեր տեղեկություններ են հավաքել նրանց նկարագրի, սննդակարգի և վնասակար սովորությունների մասին: Դա գիտնականներին թույլ է տվել գնահատել այն, թե ինչպես է մեծ քանակություններով ծխախոտի և ալկոհոլի օգտագործումն ազդում դանիացիների առողջության վրա:
Բացի լյարդի, թոքերի և մյուս օրգանների աշխատանքի տիպիկ փոփոխություններից, գիտնականները նկատել են մի քանի անսովոր բաներ, որոնք բնորոշ են մոլի ծխողներին և անզուսպ հարբեցողներին: Օրինակ, նրանցից շատերի մոտ հայտնվել են այսպես կոչված եղջերաթաղանթային աղեղներ՝ աչքերի եղջերաթաղանթի մեջ խոլեստերինի և այլ ճարպերի նստվածքներ, ինչպես նաև դեղնավուն թիթեղիկներ՝ կոպերի ու մաշկի մյուս հատվածների վրա, և կնճիռներ՝ ականջների բլթակներին: Շաբաթական միջին հաշվով 350 գրանից ավելի մաքուր սպիրտի օգտագործումն այս բոլոր շեղումների զարգացման հավանականությունը մոտավորապես 33-35 տոկոսով մեծացրել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Նմանօրինակ փոփոխություններ դիտվել են այն ծխողների շրջանում, որոնք մի քանի տասնամյակի ընթացքում օրական 20-ից ավելի սիգարետ են օգտագործել:
Հետաքրքրականն այն է, որ մարդու նկարագրի այս բոլոր փոփոխությունները, ինչպես նշում են գիտնականները, սովորաբար բնորոշ են բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց՝ տարեցներին և գենետիկական տարբեր արատներ ունեցողներին, որոնք մարդուն ստիպում են ժամանակից շուտ ծերանալ և մեռնել դեռ պատանեկան տարիքում: Հետևաբար, կարելի է խոսել այն մասին, որ ոգելից խմիչքների և ծխախոտի չարաշահումն իրոք ծերացնում է մարդու մարմինը, ընդ որում, ինչպես նշում են հետազոտողները, դա կարող է իր կնիքը թողնել մարդու թե՛ արտաքինի, թե՛ ներքինի վրա: