Տիգրան Խզմալյան. «Սպորտ, սեքս և դոպինգ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Խզմալյան. «Սպորտ, սեքս և դոպինգ»

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գրառումը. «Միջազգային սպորտը հայտնվել է իր պատմության մեջ ամենածանր շրջանում: Դեռևս երբեք մարզական աշխարհը չէր ենթարկվել միանգամից երկու հզոր հարձակումների՝ քաղաքականության և արդարադատության կողմից: Եթե առաջին վտանգը միշտ առկա էր սպորտում՝ հիշենք Հիտլերի ստվերի տակ անցած 1936 թ. Բեռլինի Օլիմպիական խաղերը, կամ 1980 թ. Աֆղանական պատերազմի պատճառով բոյկոտված Մոսկովյան Օլիմպիադը, երբ մեծ քաղաքականությունը անմիջական ազդեցություն էր թողնում մարզական արդյունքների և ընդհանրապես սպորտային մթնոլորտի վրա, ապա հիմա դրան ավելացան սկանդալային բացահայտումները դոպինգի համատարած օգտագործման և սեռական բռնությունների մասին: Սակայն չի կարելի չտեսնել այս երևույթների սերտ կապը:

Այս օրերին Միջազգային հակադոպինգային գործակալությունը փաստորեն զրկել է Ռուսաստանը ոչ միայն գրեթե բոլոր հաղթանակներից և շքանշաններից, որոնք պետական հատուկ ծառայությունների օգնությամբ արգելված դոպինգի միջոցով էին ստացած Սոչիի 2014 թ. ձմեռային Օլիմպիական խաղերում: Հարցական է ընդհանրապես Ռուսաստանի մասնակցությունը առաջիկա Օլիմպիադայում և մոտակա տարիներին ռուս մարզիկների ճակատագրերը, քանի որ դրանց մեծ մասը որակազրկված է դոպինգ օգտագործելու համար:

Զուգահեռաբար խայտառակ սկանդալ բռնկվեց ԱՄՆ-ում, որտեղ մարմնամարզության հավաքականի երեք մարզուհիները մեղադրեցին թիմի բժիշկ Լարրի Նասարին պարբերական բռնաբարությունների մեջ: Նկատի առնելով, որ այդ սպորտաձևում մասնակցում են հիմնականում անչափահաս աղջիկները, ապա երեխաների ճակատագրերը ապականած այդ սրիկան դատապարտվելու է մանկապղծության համար:

Ինչո՞ւ է շաղկապված թվում բռնարար ամերիկացի բժիշկի դեպքը ռուսական մարզիկների հարցի հետ: Որովհետև երկու դեպքում էլ երիտասարդ մարզիկների, հանարյա երեխաների կյանքն անշրջելիորեն քայքայում են մեծահասակ, նաև բարձր պաշտոնյա հանդիսացող տականքները:

Սոչիի խայտառակ պատմությունը, երբ ռուս մարզիկների արյան ու մեզի սրվակները միջազգային լաբորատորիայի սենյակից գիշերը գողանում և փոխարինում էին հատուկ գործակալության աշխատողները, հնարավոր դարձավ միայն երկրի քաղաքական ղեկավարության համաձայնության, ավելի ճիշտ ուղիղ հրամանի արդյունքում: Հենց նրանց հրահանգով էլ ռուս բժիշկները ստիպում էին մարզիկներին արգելված դոպինգային նյութեր ընդունել հանուն «հաղթանակի և ազգային փառքի» մասին Պուտինի անձնական պատկերացումների: Սպորտսմենների առողջությունը և ճակատագիրը նրան բացարձակապես չէր հետաքրքրում: Այսօր էլ Մոսկվան ոչ միայն չի ընդունում իր պաշտոնյաների մեղքը, այլ հայտարարում է, որ այս ամենը «միջազգային դավադրություն է ռուսական սպորտի և Ռուսաստանի դեմ»: Ինչո՞վ է այդ դեպքում տարբերվում Ռուսաստանի «մարզասեր» նախագահը ամերիկացի հանցավոր բժշկից»: