Հայերը Բուլղարիայում
Advertisement 1000 x 90

Հայերը Բուլղարիայում

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է դարեր առաջ Բուլղարիայում հիմնադրված հայ համայնքի պատմությունը:

Հայերը Բուլղարիայի տարածքում բնակվել են բուլղարներից շատ դարեր առաջ: Բուլղարները (հոները) ծագումով թյուրքական ցեղախմբեր են, որ Բալկաններում հաստատվեցին 4-5-րդ դարերում՝ Ժողովուրդների մեծ գաղթի տարիներին, խառնվեցին տեղի սլավոնական ցեղերի հետ և ձևավորվեց բուլղար ժողովուրդը: Բուլղարական առաջին պետությունը 618 թվականին հիմնել է Խան Ասպարուխը:

Հետաքրքիր պատում են հաղորդում հայ պատմիչները հայերի և բուլղարների վաղ միջնադարյան առնչությունների մասին: Բուլղարները Հոնագուրի առաջնորդությամբ ասպատակում են Սանանյան Պարսկաստանը: Խոսրով Անուշիրվան թագավորը մեծ զորք է հանում նրանց դեմ: Հոնագուրն առաջարկում է Խոսրով արքային՝ ավելորդ արյունահեղությունից խույս տալու համար մենամարտել: Խոսրովը վախենալով մենամարտել՝ իր փոխարեն Հոնագուրի դեմ ուղարկում է հայազգի Բաբիկին: Մենամարտը տևում է ողջ օրը, և արդյունքում Հոնագուրը հոգնում և պարտվում է…

Հետագայում՝ 6-րդ դարի վերջում, հայազգի Մուշեղ Մամիկոնյան զորավարն է բյուզանդական մեծ բանակով արշավում Թրակիա՝ հպատակեցնելու բուլղարներին: Մուշեղ Մամիկոնյանը մի քանի հաղթանակներ է տանում, բայցևայնպես՝ բուլղարները կարողանում են վճռական ճակատամարտում հաղթել, Մուշեղին գերել և կախել ծառից:

Վաղ միջնադարում Բուլղարիայի տարածքում հայկական հոծ գաղութ կար: Հայաստանում Արշակունիների թագավորության անկումից հետո շատ հայեր լքելով հայրենիքը, հաստատվեցին Բալկաններում:

Պատմությանը հայտնի է Բյուզանդիայի Մորիկ կայսեր նամակը պարսից թագավորին, ուր կայսրը խորհուրդ է տալիս Պարսկաստանի բաժնի հայերին քշել Միջին Ասիայի անապատները, քանզի ինքը Արևմտյան Հայաստանի հայերին Բալկաններ և Թրակիա է ուղարկում, ասելով, թե այդ ըմբոստ ռազմիկները եթե այնտեղ սպանեն՝ կսպանեն իրենց թշնամիներին, թե սպանվեն՝ կսպանվեն իրենց թշնամիները (հայերը)…

Առհասարակ, վաղ միջնադարից, Բյուզանդիայի անվտանգությանը հենց սպառնում էին սլավոնական ցեղերը, որ կարող էին Կոստանդնուպոլսին հարվածել Բալկաններից: Եվ բյուզանդական կայսրերը շատ հայ ազնվականների և զորականների բնակեցրին Բալկաններում՝ հյուսիսից ապահովելով կայսրության մայրաքաղաքի անվտանգությունը: Եվ միջնադարում Փիլիպպիկոս ամրոցը (ներկայիս Պլովդիվն է) դարձավ հայ զինվորականության կենտրոնը:

9-րդ դարում բյուզանդական բանակում ծառայող հայ զորավարներից, բուլղարների դեմ պատերազմներում աչքի ընկավ Տաճատ Անձևացին:

Եվ Բուլղարիայում հայության թվաքանակն այնքան ստվարացավ, որ հայերն այնտեղ անգամ իշխանության հասան: Կամսարականների տոհմից սերող Սամուել Կոմսաձագ իշխանը 997 թվականին բուլղարական գահ բարձրացավ: Նա թագավորեց մինչև 1014 թվականը և իր գահակալման ողջ ընթացքում արյունահեղ պատերազմներ մղեց Բուլղարիայի անկախության համար, ընդդեմ Բյուզանդական կայսրության, որի գահին, նույնպես հայ էր բազմած…

1014 թվականին Բյուզանդիան վճռական ճակատամարտում հաղթանակ տարավ: Վասիլ Բ կայսեր հրամանով տասնյակ հազարավոր բուլղարացի ռազմագերիներ կուրացվեցին և ազատ արձակվեցին Բուլղարիա… դա ահ ու սարսուռ տարածեց ողջ Բուլղարիայում… անմարդկային դաժան այդ գործողության համար Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ Բ ստացավ Բուլղարասպան մականունը, իսկ Սամուել Կոմսաձագը հավերժ մնաց բուլղար ժողովրդի սիրելին ու հերոսներից մեկը:

Ցավոք, Սամուել Կոմսաձագի ժառանգները գահի համար պայքարում գժտվեցին և չկարողանալով շարունակել պայքարը Բյուզանդիայի դեմ՝ անձնատուր եղան կայսրին: Կայսրը Սամուելի որդիներին կալվածքներ հատկացրեց Հունաստանում և Բուլղարիան առավ իր տիրակալության տակ:

Իր հերթին, բուլղարացի շատ զինվորականներ բյուզանդական բանակի կազմում մասնակցել են Հայաստանի դեմ մղվող պատերազմներին: Մասնավորապես, Նիկոլա Բուլղարը 1042 թվականին դեպի Անի արշաված բյուզանդական բանակի զորահրամանատարներից էր:

Բագրատունյաց թագավորության անկումից հետո էլ հազարավոր հայեր գաղթեցին Հայաստանից և հաստատվեցին Բուլղարիայում: Դեպի Թրակիա հայերի գաղթն ուժեղավավ հատկապես Գրիգոր Մագիստրոսի կողմից թոնդրակեցիների և արևորդիների համայնքների դեմ ձեռնարկած պատժիչ գործողությունների պատճառով:

Արդյունքում՝ հայերի միջոցով Բուլղարիայի տարածք թափանցեցին աղանդավորական շարժումներ և սկիզբ առավ բոգոմիլների շարժումը:
Բուլղարիայում նաև հայ գրչության կենտրոններ են գործել. Հայտնաբերված հնագույն ձեռագիրը, որ գրվել է Բուլղարիայի տարածքում՝ վերագրվում է 10-րդ դարին:

Շատ հայ ճանապարհորդներ իրենց ուղեգրություններում անդրադարձել են Բուլղարիային: Հատկանշական են՝ Սիմեոն Լեհացու և Մարտիրոս Ղրիմեցու նոթերը: Հատկապես վերջիս, որ մռայլ գույներով, անգամ ծաղրով է նկարագրում 17-րդ դարի բուլղարական կենցաղը, բուլղարական գյուղերի ու քաղաքների նիստ ու կացը…

Հայերը մեծ դերեն ունեցել Բուլղարիայի հասարակական կյանքում: Նրանք նաև ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի ազգային-ազատագրական պայքարին: Հատկապես 1912-1913 թվականներին՝ Բալկանյան պատերազմի ժամանակ, Բուլղարիայում թուրքական բանակի դեմ շատ հայեր էին մարտնչում Գարեգին Նժդեհի և Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ:

19-րդ դարավերջին Բուլղարիայում շուրջ 5000 հայեր էին բնակվում: Քսաներորդ դարասկզբին, հայոց եղեռնի արդյունքում, Բուլղարիայի հայության թիվը հասավ 50000-ի:

Հազարավոր հայ ընտանիքներ ապաստանեցին Բուլղարիայում: Այդ ժամանակ էր, որ բուլղարացի պոետ Պեյո Յավորովը գրեց իր հայտնի՝ ,,Հայերը,, բանաստեղծությունը…



Նման նյութեր