Հնարավո՞ր է 2017 թվականին 5-րդ դարի եկեղեցի կառուցել: Պատասխանն է՝ ոչ և շատ պարզ է, թե ինչու: Հայաստանում, սակայն, այդպիսի երևույթ հնարավոր է:
Դրա վառ օրինակն է Հին Երևան նախագիծը: Ոչ նորակառույց քաղաքները հիմնականում ունենում են այսպես կոչված Հին քաղաք, որը քաղաքի զբոսաշրջային հատվածն է:
Խելացի քաղաքները պահում և փայփայում են այն, անհեռատեսները՝ ոչնչացնում (խոսքը, իհարկե, ինքնաշեն բարաքների մասին չէ): Քաղաքի այդ հատվածում պահպանված են մեկ, երկու դարի կամ ավելի վաղ շրջանի շինությունները՝ տվյալ ժամանակահատվածի ճարտարապետական, քաղաքաշինական ավանդույթներով: Շինությունները, բացառությամբ եկեղեցիների, սովորաբար լինում են ցածրահարկ՝ 1-5 հարկ, փողոցները՝ սալարկված, պահպանվում է ողջ ատրիբուտիկան՝ հին դռները, պատուհանների շրջանակները, տանիքները, փողոցային լույսերը:
Քաղաքները հպարտանում են իրենց այդ հարստությամբ և ջանքեր չեն խնայում այն վերականգնելու, պահպանելու համար: Երևանում, սակայն, տրամաբանությունն այլ կերպ աշխատեց: Նախ քանդվեց պատմական և ճարտարապետական արժեք ունեցող շենքերի մի մասը, մյուս մասի վրա ժամանակակից բարձրահարկեր կառուցվեցին:
Եվ ահա, Երևանի իշխանությունները և քաղաքաշինության համար պատասխանատու մարմինները որոշել են նոր Հին քաղաք կառուցել, անունն էլ՝ Հին Երևան: Իհարկե, դա ոչ մի դեպքում չի արտացոլի 100-150 տարի առաջվա մթնոլորտը և պարզապես խղճուկ պատճեն կլինի:Երկրորդ այդպիսի նախագիծը Նոյ ազգագրական թաղամասն է, որի արժեքը մոտ 150 միլիոն դոլար է: Թաղամասի ներդրումային ծրագրի մասին այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի զարգացման հիմնադրամը: Դրա հեղինակը վարչապետ Կարեն Կարապետյանն է:
Այսինքն, քաղաքում կառուցվում է գյուղ, որը պետք է արտացոլի Հայաստանի տարբեր շրջանների մշակույթն ու կենցաղը: Իհարկե, կարելի էր ավելի հեշտ ճանապարհով գնալ՝ գտնել գյուղեր, որտեղ կա այդ ամենը, վերականգնել ու խնամել այդ շինությունները, սալարկել փողոցները, անհրաժեշտության դեպքում ենթակառուցվածքներ ստեղծել, գովազդել, և զբոսաշրջիկներն իրենց ոտքով կգնային այնտեղ: Ինչպես Հին Երևանը, այնպես էլ Նոյ թաղամասը Գորիսի կամ Լոռու գյուղի կոլորիտի խղճուկ պատճենն է լինելու: Ոչ ոք չի գնալու Նոյ թաղամաս, այնուհետև Գորիս: Որևէ երկիր գնացող զբոսաշրջիկը պլանավորում է իր առավելագույնը մի քանի օրը:
Զբոսաշրջիկը Գորիս չի գնում, որովհետև չկա լավ ճանապարհ և չկա տրանսպորտ: Զբոսաշրջիկին Գորիս տանելու համար պետք է նախ պատշաճ տեսքի բերել հին թաղամասը, ժամանակի ոգուն համահունչ վերականգնել շինությունները, բարեկարգել միջավայրը, ապահովել տրանսպորտ և այլն:
Երևանի մեջ գյուղ կառուցելու փոխարեն լավ կլիներ այդ 150 միլիոնը ներդնել գյուղերում կամ փոքր քաղաքներում, որոնք հաճախ հետապոկալիպսիս են հիշեցնում: Այդ գյուղերում ներդրումը կնպաստեր գզարգացմանը, գյուղացիների համար եկամուտի լրացուցիչ աղբյուր կդառնար, կաշխուժացներ բնակավայրը, աշխատատեղեր կստեղծեր, հնարավոր է նպաստեր արտագաղթածների մի մասին վերադարձին:
2007 թվականին Չինաստանում սկսվեց Տյանդուչեն քաղաքի շինարարությունը, որը կրկնօրինակում է Փարիզը՝ Էյֆելյան աշտարակով ու շենքերով: Բնականաբար, դա Փարիզ չդարձավ, չբնակեցվեց և ոչ մի զբոսաշրջիկ էլ չի գնում կեղծ Փարիզ տեսնելու: Նույն ճակատագիրն է սպասվում նաև կեղծ Հին Երևանին և Երևանում կառուցվելիք կեղծ գյուղին:
Վրաստանում ոչ ոքի մտքով չանցավ Թբիլիսիում գյուղ կառուցել, որը կարտացոլի Սղնախի և Մցխեթի կոլորիտը: Վրաստանում պարզապես ռեստավրացիա արեցին, ենթակառուցվածքներ ստեղծեցին, և հազարավոր զբոսաշրջիկներն իրենք են իրենց ոտքով հասնում այդ վայրերը, ծանոթանում վրացական կոլորիտին, մշակույթին, խոհանոցին: