«Ռոլանդիս մարմինը Հայաստանի ու Ղարաբաղի քարտեզն է դարձել»
Advertisement 1000 x 90

«Ռոլանդիս մարմինը Հայաստանի ու Ղարաբաղի քարտեզն է դարձել»

Մատաղիս, 2016 թվական, ապրիլի 2, լուսաբաց… Զորամասում տագնապ է հայտարարված:

Ռոլանդը քնից վեր է թռչում, հագնվում ու հրամանի համաձայն՝ ծառայակից ընկերների հետ շտապում դեպի խրամատներ: Նա դեռ չէր գիտակցում, որ իսկական պատերազմ է սկսվել: Պատերազմ… Երբ փոքր էր, շատ էր ուզում, որ Արցախյան պատերազմի ազատամարտիկ հայրն ու հորեղբայրը պատմեն, թե դա ինչ բան է, բայց հայրն ասում էր.

«Ինչի՞դ է պետք, որ իմանաս, տղե՛ս: Աստված չանի՝ իմանաս, թե դա ինչ է»: Բայց 18-ամյա Ռոլանդը, որ ընդամենը երկուսուկես ամսվա զինծառայող էր, ոչ միայն իմանում է, այլև տեսնում ու սեփական մաշկի վրա զգում բառի ողջ ծանրությունը…

*** – Ամբողջ դիրքերի ուղղությամբ կրակում էին՝ Մատաղիսով, Թալիշով, Մարտակերտով,- հիշում է Ռոլանդ Սահակյանը:- Առավոտյան ժամը 8-ի կողմերը շարժվեցինք դիրքերի կողմը: Ես «Ուրալի» շոֆեր էի, իմ մեքենայի հետևից պուշկա էր կապած՝ Д-30, գնում էինք դեպի Թալիշի պոստեր, որ մոտիկ լինենք հակառակորդին ու կարենանք ավելի լավ նշանառության տակ պահել նրանց դիրքերը:

Բայց ճանապարհին մոտ 3 հաշվարկ իմ մեքենայի ուղղությամբ աշխատում էր, անընդհատ ուզում էին ավտոն խփեն: Արդեն ծայրահեղ իրավիճակ էր: Որպեսզի զոհ չդառնանք, ավտոն կանգնեցրինք Թալիշ գյուղի մեջ ու դուրս եկանք»:

– Թալիշն այդ ժամանակ գրավված չէ՞ր: Հարցս ակնհայտորեն դուր չի գալիս Ռոլանդին:

Նա տոնը փոխած ու հայտարարության ձևով ասում է.

– Թալիշը երբեք գրավված չի եղել, էդպիսի բան է՛լ չասեք: Ուղղակի հակառակորդը մտել է, իր սև գործն արել ու դուրս շպրտվել: Բայց էդ չի նշանակում, որ Թալիշը թուրքերինն է եղել: Թալիշը մերն է եղել, մերն էլ կմնա: Դիտողությունն ընդունում եմ ու խնդրում, որ շարունակի: –

Մեքենայից դուրս եկանք ու փորձեցինք պատսպարվել: Անընդհատ կրակում էին: Մի կերպ վազելով մտանք գյուղի դպրոց:

Մեկ էլ դպրոցում ոտնաձայներ ենք լսում,- Ռոլանդն ընդհատում է ու սկսում ծիծաղել:- Ամենահետաքրքիրն էն էր, որ նոր ենք նկատում՝ ոչ մեկիս մոտ զենք չկա, էնքան խառնված էինք, որ զենքը թողել էինք մեքենայի մեջ:

Նայում էինք իրար ու չգիտեինք՝ խնդա՞նք, թե՞ լանք: Չորս հոգով էինք՝ ես, սերժանտը, նավոդչիկն ու պուշկա կրակողը:

Վերջը, մեկ էլ աստիճաններով մեկն իջավ: Վազեցի առաջ: Հայերեն ասեց՝ տղե՛րք, չկրակե՛ք, հայ եմ»:

Իջնողը «սպեցնազի» տղաներից էր, որոնց շնորհիվ էր Թալիշը շատ կարճ ժամանակում ազատագրվել:

– Սպեցնազի տղերքից մեկը վիրավորվել էր, պիտի շտապ հասցնեինք Մատաղիս: Իրենց մեքենաները շարքից դուրս էին եկել: Պիտի իմ մեքենայով տանեինք, բայց էնպես ստացվեց, որ ես մնացի Թալիշում, վիրավորին իմ մեքենայով մեր սերժանտը տարավ:

Սերժանտը տանում է, վիրավորին բարեհաջող հասցնում տեղ, բայց վերադարձին հակառակորդը մեքենան պայթեցնում է, սերժանտը զոհվում է: Ռոլանդն ու ծառայակից մյուս երկու ընկերները շարունակում են մնալ Թալիշում հատուկջոկատայինների հետ: Որևէ գործողություն կատարելու հրաման չունեին:

Հետո հատուկջոկատայինները կապ են հաստատում իրենց հրամանատարի հետ, որ հետագա անելիքներն իմանան:

– Սպեցնազի գնդապետ էր, սրտացավ մարդ, չէիր ասի՝ հրամանատար է, նվիրված ընկեր էր իր տղերքին, նույն նվիրվածությունը մեր հետ ունեցավ,- պատմում է Ռոլանդը հատուկջոկատայինների հրամանատարի մասին:-

Գնացինք իր ասած տեղը, գիշերը պատսպարվեցինք, կերանք, քնեցինք, հանգստացանք ու ամսի 3-ի առավոտյան արդեն դուրս եկանք Թալիշը հսկելու:

Ամբողջ գյուղում սպեցնազի տղերքն էին, մենակ մենք երեքով էինք զինվոր: Գյուղը հսկելու ընթացքում հանկարծ բարձունքի վրա՝ դիրքերից մեկի խաչի մոտ, մի քանի կասկածելի կերպարներ են նկատում: Գնում են նրանց ուղղությամբ:

– Ես սիգարետը կպցրել եմ, դրել եմ բերանիս ու շարժվում եմ առաջ սպեցնազի տղերքի հետ: Մոտենում ենք սրանց, հարցնում ենք՝ ովքե՞ր եք: Հայերեն պատասխանում են.

«Մենք ենք, ախպեր, եկե՛ք»: Ու մենք առաջանում ենք: Մենակ էն պահին, երբ երեքն էլ նստում են գետնին, որ դիրքավորվեն, հասկանում ենք, որ թուրք են: Սկսում են մեզ կրակել: Ես պառկում եմ ու գլորվում առվի մեջ: Տղերքին ասում եմ՝ տղե՛րք, կրակե՛ք, ես սրանց հերը…:

Այդ ողջ ընթացքում, երբ տղաներն առաջ էին շարժվում, նրանց թիկունքն աննկատ հսկել է հայ դիպուկահարը: Տղաներն անգամ չեն էլ իմացել նրա գոյության մասին: – Մեկ էլ էն ենք զգում, որ մեր թիկունքից ինչ-որ մեկը խփում է թուրքերին:

Սրանք 6 հոգով են, 3-ը փռվում են գետնին, էն մյուս 3-ն ուզում են փախչել:

Վազում եմ առաջ, թուրքի դիակի մոտից ավտոմատը վերցնում եմ, ընկնում սրանց հետևից: Հետևիցս տղերքը կրակելով գալիս են: Մեկ էլ մեր սնայպերն էս փախչողներից մեկին էլ է փռում գետնին, ու էն երկուսն անկախ իրանցից կանգնում են:

Մոտենում եմ սրանց, ասում եմ՝ ռուկի վերխ: Արդեն շանս չունեն, տեսան՝ հետևից էլ տղերքն են գալիս, հայվանները զենքերը գցեցին ու հանձնվեցին: Ավտոմատի կոթով տվեցի սրանցից մեկի գլխին, ընկավ: Սկսեցինք սրանց մի երկու հատ խփել, տղերքը ձեռքները կապեցին, որ սրանց տանենք ներկայացնենք սպեցնազի գնդապետին, դրանից հետո էլ մեր գնդապետին՝ Ամիրխանյան Հարութին:

Ռոլանդն ասում է, որ գերի ընկածներն ադրբեջանցիներ չէին, հավանաբար՝ վարձկան այլազգիներ: Ասում է՝ այդ ընթացքում հակառակորդի շատ դիակներ է տեսել, բայց ոչ մեկի մոտ ադրբեջանցու փաստաթղթեր չեն եղել: – Հետ եկանք գյուղ:

Ահավոր հոգնած էինք, շատ ծանր օր էր: Մնացած օրն էլ անցկացրինք կրակելով, սնարյադ գցելով, կամիկաձե (անօդաչու սարք) ուղարկելով:

*** Ապրիլի 4, լուսաբաց:

Տղաներն իմանում են, որ կամավորականներ են գալու Թալիշ, նրանց պետք է դիրքեր բարձրացնեն:

– Ես շոֆեր էի, հրամանատարս հանձնարարեց, որ ես տանեմ կամավորներին: Մի կերպ «Ուրալը» խոդի գցեցի (էդ անտերները շատ դժվար էին խոդի ընկնում): Գնացի, որ իրենց վերցնեմ, բարձրանանք: Գյուղից մի 100 մետր հեռավորության վրա՝ բաց դաշտում, կամավորականները հավաքված սպասում էին: Մեկ էլ մեկն ասեց՝ տղե՛րք, եկեք հաց ուտենք, նոր բարձրանանք, հաց կա մոտներս: Ջա՜ն, ասեցի՝ սոված մեռնում եմ: Նստեցինք, մի լավ կերանք:

Ասեցի՝ էստեղ մենակ կոֆեն էր պակասում: Բուժքույրերից մեկն ասեց՝ կոֆե էլ կդնենք:

Կոֆեն էլ խմեցինք, պրծանք, մեկ էլ էն եմ լսում, որ տղերքն օդ են կրակում: Նայում եմ վերև, տեսնեմ՝ բեսպիլոտնիկը գլխներիս վերևը ֆռֆռում է: Ու էն եմ լսում, որ ասում են՝ փախե՛ք: Փախչում ենք: Ու տրաքում է:

Ռոլանդն արթնանում է ձայներից: Սկզբում չի հասկանում, թե ինչ է կատարվում, կարծես մղձավանջի մեջ լիներ: Գիտակցությունը մերթ գալիս էր, մերթ գնում:

– Աչքերս մի կերպ բացեցի, աջ եմ նայում՝ դիակ, ձախ եմ նայում՝ դիակ, չեմ կարողանում վեր կենալ ու նորից անջատվում եմ: Էն եմ լսում, որ ասում են՝ եկեք սրան օգնեք, սա մեռավ, դին բերեք, սրան տարեք…

Ուզում էի հեռախոսս հանել գրպանից, որ զանգեմ մերոնց, ասեմ՝ ամեն ինչ կարգին է, բայց չէի կարողանում շարժվել: Դեմքս դեպի հողը, կողքի ընկած՝ պառկած էի, զգացի՝ մոտս մարդիկ են հավաքվում, որ տեսնեն՝ ողջ եմ, թե մեռած: Մեկ էլ մեկն ասում է՝ չէ, տղերք, էս էլ է մեռած, եկեք, տարեք: Աչքերս մի կերպ բացում եմ ու մատս տնկում վերև: Չեմ էլ կարողանում խոսել, թոքս արդեն ծակ էր, սկսում էի դժվար շնչել: Բժիշկներից մեկը վազելով մոտենում է, պատռում Ռոլանդի հագուստն ու հսկա բեկորը թոքից դուրս քաշում: Շնչահեղձ զինվորը սկսում է շնչել:

***

Այս պատմությունը շունչս պահած լսելու ընթացքում հանկարծ զգում եմ, որ իմ շունչն էլ է կտրվում, բայց մինչև այն պահը, երբ Ռոլանդի թոքից բեկորը հանում են… Խորը շունչ քաշելով՝ խնդրում եմ, որ շարունակի:

– Դե ինձ արդեն տեղափոխում են Մարտակերտի հոսպիտալ, վիրահատում և ուղղաթիռով տեղափոխում Երևան: – Ի՞նչդ էր վնասվել:

– Ավելի լավ է հարցնես՝ ինչդ չէր վնասվել: Էսպես ասեմ՝ մենակ սիրտս է աշխատել,- ասում է Ռոլանդը:

Մայրը՝ տիկին Հռիփսիմեն, որ մինչ այդ լուռումունջ երևի արդեն հարյուրերորդ անգամ լսում էր որդու պատմածները, էլ չի դիմանում ու ինքն է շարունակում.

– Որ հիմա մարմինը տեսնես՝ կվախենաս: Կեսուրս ասում է՝ Ռոլանդիս մարմինը Հայաստանի ու Ղարաբաղի քարտեզն է դարձել: Ազատ տեղ չկա: Բոլոր օրգանները շարքից դուրս եկած են եղել՝ երկու թոքերը, լյարդը, փայծաղը, ստամոքսը, 12-մատնյա աղիքը, կերակրափողը, ողնաշարը»:

– Լավ, մա՛մ, հերիք է, էս խեղճ աղջիկը վախեցավ,- ընդհատում է Ռոլանդը մորն ու ծիծաղելով շարունակում:

– Ամենահետաքրքիրն էն է, որ Մարտակերտի հիվանդանոցում ինձ թուրքի տեղ են դրել, քանի որ ոչ մի փաստաթուղթ մոտս չի եղել:

Հարցեր են տվել՝ ռուսերեն եմ պատասխանել: Թե ինչի՞, չգիտեմ: Հետո թուղթ են տվել, ասել են ծնողներիցդ մեկի համարը գրի, հորս համարն եմ գրել, կողքին էլ անունը՝ Քաջիկ:

Մի խոսքով, էլ ի՞նչ գլուխդ ցավացնեմ, ուզում էի չվել տաք երկրներ, էն էլ բժիշկները չթողեցին, կյանքս փրկեցին:

***

Ռոլանդ Ապրիլյան քառօրյայից գրեթե 2 տարի է անցել: Այս ընթացքում Ռոլանդ Սահակյանը 12 վիրահատության է ենթարկվել, 3 անգամ միայն աջ թոքն են վիրահատել: Ողնաշարը նույնպես վնասված է, որի հետևանքով ոտքերն անշարժացած են: Մինչ օրս չի վերադարձել հայրենի գյուղ՝ Այգեշատ:

Այժմ էլ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մի հատվածում տեղակայված զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնում (որը գործում է «Աջակցություն վիրավոր զինվորներին» հիմնադրամի միջոցներով) բուժում է ստանում: Բժիշկներն ասում են՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ կլինի: – Շանսեր ունեմ ոտքի կանգնելու,-ասում է Ռոլանդը,-մեկ էլ տեսար՝ հետ գնամ ծառայության:

Մայրը խեթ-խեթ նայում է որդուն: Բայց Ռոլանդը լուրջ է խոսում: Նա կարծում է, որ անկախ ամեն ինչից տղամարդը պիտի ծառայի: – Էն տղերքը, որ ծառայությունից խույս են տալիս, տղավարի քայլ չեն անում: Գնացեք ծառայեք, արա՛: էսօր աղջիկների 90 տոկոսն էդ տղերքից դուխով ա: Շատ ծանոթ աղջիկներ ունեմ, որ պատրաստ են ծառայելու: Ասում են՝ հայ տղերքը քիչ են, չեն կարող պոստերը պահել: Ասում եմ՝ տղերքը քիչ չեն, ուղղակի փողերն են շատացել, ազատվում են:

Հիմա, որ ես գնացել եմ, էս օրն եմ ընկել, ինձ ո՞վ է պարգևատրել, ոչ ոք, բայց ես հո չե՞մ գնացել իշխանությունների համար, ես գնացել եմ իմ երկրի համար, իմ հոր, իմ մոր, իմ քրոջ, իմ հարևանի, իմ ժողովրդի համար,- ասում է Ռոլանդն ու ամփոփելով զրույցը՝ իր սենյակից անցնում մարզասրահ, որտեղ նրան սպասում է բժիշկ-կինեզիստը՝ հերթական վերականգնողական վարժություններն անելու համար:

Ankakh.com