2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում արգելվել է ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ պարզվել է, որ սիգի պաշարների ավելացման միտում կա, բայց դրան խոչընդոտում է անկառավարելի որսը:
«Սևանում առկա արդյունագործական միջոցներն ու սիգը ռազմավարական նշանակություն ունեն: Ժողովուրդը պետք է ընդունի, որ պաշարը 500 տոննայից պակաս չպետք է լինի, որովհետև մեր վիճակը տարածաշրջանում ստաբիլ չէ: Սա շատ կարևոր է մեր զորքի համար: Մեծ գումարներ խլող ու վիտամին չպարունակող «կանսերվա»-երին կարող է փոխարինել վիտամիններով հարուստ սիգը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի խոսքով՝ շրջիկ հսկողություն է իրականացվում Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կազմակերպվում են ստուգայցեր.
«Հանրապետության տարածքում որտեղ սիգ տեսնենք, ուրեմն դա Սևանից է: Մարդկանց որոշ տոկոս կա, խեցգետնի որսի անվան ներքո մտնում ու սիգ է որսում, ուստի որոշվել է նաև դա արգելել»,-ընդգծեց Իգոր Սարգսյանը:
Շարունակելով նրան՝ Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ խեցգետնի պաշարներն էլ են նվազել այս տարի: Կողակը, բեղլուն ցածր մակարդակի վրա են շարունակում մնալ, ինչը լուրջ խնդիր է: