Արտյոմ Բաբայանն այն քիչ հայերից է, ովքեր իրենց կյանքի մի մասը ճանապարհրոդրություններին են նվիրել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Արտյոմը պատմեց՝ արժե՞ արդյոք ավտոստոպով երկար ճանպարհ անցնել, ինչպես ապրելու տեղ գտնել, երբ գումարը շատ քիչ է ու թե ինչպես են ճանապարհորդությունները փոխում մարդուն։
Traveliving կամ կյանքը ճանապարհորդության մեջ վերջին տարիներին երիտասարդների, մեծապես, արևմտյան երիտասարդների կյանքում շատ լայն տարածում ստացած երևույթ է։ Հայերի շրջանում էլ կան մարդիկ, որոնց գրավում ու ձգում է ճանապարհը, սակայն նրանց կարելի է մատների վրա հաշվել։ Լրագրող, բլոգեր Արտյոմ Բաբայանը սկսել է ավտոստոպով ճանապարհորդել մոտ տասը տարի առաջ։ Այդ ընթացքում նա եղել է Չինաստանում, Թայլանդում, Թայվանում, Ֆիլիպիններում, Լաոսում, Մալազիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Բելառուսում, իսկ վերջին երկու ճանապարհորդությունները՝ դեպի Վրաստան ու Իրան, իրականացրել է իր ընկերուհի Նանե Խաչատրյանի հետ։
Թե ինչու պետք չէ վախենալ, գնալ անհայտին ընդառաջ ու վստահել ճակատագրին, Արտյոմն ու Նանեն պատմել են Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։ Զրուցել է Լիլիթ Հովհաննիսյանը:
-Արտյոմ, վտանգ ավո՞ր չէ ավտոստոպով հեռու ճանապարհ գնալը։
— Չէ, ինչու՞։ Ապրելն էլ է վտանգավոր։ Ասում են՝ մարդիկ դրանից մահանում են (ժպտում է)։ Արևմուտքում տարածված մի երևույթ կա, երբ բուհում սովորող երիտասարդները դադար են առնում, ասենք մեկ տարով, ու ճանապարհորդության են մեկնում։ Կարծում եմ՝ անկախ ճանապարհորդությունները, հատկապես սեփական երկրով, պետք է շատ լինեն։ Դրա համար շատ բան պետք չէ, հատկապես Հայաստանում, եթե որոշես Երևանից Մեղրի գնալ, ճանապարհին հաստատ մի տեղ կտանեն, կհյուրասիրեն, օղի կխմեցնեն ու քնելու տեղ կտան։ Միշտ այսպես է լինում։ Երբ ճանապարհորդում ես, նորովի ես բացահայտում երկիրդ։
– Ի՞նչ ես կարծում, հայերը «փակ» մարդիկ են։
Ե՛վ այո, և՛ ոչ։ Լրիվ պատահական մարդ, որը քեզ ճանապարհից է վերցրել, հինգ րոպեից կարող է քեզ իր ընտանիքի անդամի նման վերաբերվել, բարեկամների հետ ծանոթացնել, իր տունն առաջարկել։ Երբեմն էլ ընկերոջ հետ ավելի «փակ» են լինում, քան օտարերկրացու։
— Կարո՞ղ է արդոք այս ապրելակերպի տարածումն ազդել երիտասարդների մտածելակերպի վրա։
— Այդ առումով շատ բան է փոխվել։ Կարող եմ ինձանով դատել։ Այն մարդը, որը կար մինչև իմ՝ ճանապարհորդի կյանքով ապրելը ու ես ներկայումս՝ բոլորովին տարբեր մարդիկ են։ Սա կյանքի լավագույն դպրոցն է։
– Ի՞նչ է հատկապես փոխվել քո մեջ։
— Սկսել եմ ավելի շատ ժպտալ (ժշտում է)։ Ամեն մարդ իր ճանապարհն ունի, իր ճշմարտությունը, որը նա կարող է այդ ճանապարհին գտնել։ Այն ճշմարտությունը, որը ինչ-որ մեկը բացահայտել է, պարտադիր չէ, որ մյուսի համար էլ ճշմարտություն դառնա։ Բայց, այսպես թե այնպես, ճամփորդությունը քեզ որպես մարդ ձևավորում է։
– Դե, այդպիսի հարդքորից հետո․․․
— Միշտ չէ, որ դա հարդքոր է, տարբեր է լինում։ Չինաստան այցելության ժամանակ առաջին մի քանի օրը բացառապես 4 աստղանի հյուրանոցներում էի ապրում, ընդ որում՝ բացառապես անվճար։
– Ինչպե՞ս։
— Տեղացիների շնորհիվ։ Ես հյուրանոց էի գալիս տեղեկատվության, քարտեզների հետևից, ինձ սկսում էին հարցնել՝ ով եմ, որտեղից եմ, ուր եմ գնում, հետո առաջարկում էին գիշերել իրենց մոտ։ Իսկ մի անգամ, դա Կենտրոնական Չինաստանում էր, հյուրանոցում ինձ մի մարդ մոտեցավ ու անգլերեն խոսեց։ Պարզվեց՝ նա տեղացի հայտնի լուսանկարիչ է։ Հետո էլ ասաց՝ «արի այստեղ մի փոքր ապրի, ես հյուրանոցում մեկ շաբաթվա համար կվճարեմ, դու ոչ մի բանի մասին մի մտածի»։ Ու նա իսկապես վճարեց, այնտեղ համարը մոտ 150 դոլար արժեր, չինացիների համար դա քիչ գումար չէ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am