Ամանորյա տոների ժամանակ թունավորմամբ հիվանդանոցնեում հայտնված մարդկանց թիվը կտրուկ աճում է, ինչպես պնդում է Առողջապահության նախարարության գլխավոր տոքսիկոլոգ Միքայել Գաբրիելյանը: Դեկտեմբերի 31-ի երեկոյից սկսած տոքսիկոլոգիայի բաժանմունք են սկսում դիմել ալկոհոլային թունավորմամբ հիվանդներ, իսկ մի փոքր ավելի ուշ արդեն սննդային, ինչպես նաեւ շմոլ գազով թունավորմամբ մարդիկ:
Սննդային թունավորումներ
Տոքսիկոլոգը խորհուրդ է տալիս սննդամթերք գնելիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետին: Նախաամանորյա իրարանցման ժամանակ շատերը մոռանում են այս մասին եւ արդեն հնացած մթերք են գնում, որոնք մի քանի օրից ավելի վտանգավոր են դառնում:
Թունավորումներից խուսափելու համար տոքսիկոլոգը խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում հին մթերքներ եւ ճաշատեսակներ չուտել. եթե չնչին կասկած կա, որ այն փչացել է, պետք թափել:
Առանձին խնդիր է բոտուլիզմը՝ մահացու վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն, որով մարդիկ, որպես կանոն, վարակվում են տանը պատրաստված պահածոներ օգտագործելիս: Ամանորյա տոներին բոտուլիզմը հազվադեպ է հանդիպում, քանի որ քչերն են այդ օրերին տնային պահածոներ ուտում: Դրա փոխարեն, տոներից անմիջապես հետո մարդիկ հիշում են պահածոների մասին, եւ հիվանդանոցներում բոտուլիզմով հիվանդների թիվը սկսում է աճել:
Ալկոհոլային թունավորումներ
Ինչպես նշեց տոքսիկոլոգը, Հայաստանում դեռեւս չի գրանցվել դեպք, որ մարդը ալկոհոլի քիչ քանակությունից թունավորվի. որպես կանոն, բոլոր թունավորումները տեղի են ունենում խմած ալկոհոլի մեծ քանակության հետեւանքով:
Մասնագետի խոսքով՝ չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին խորհուրդ տրվող ալկոհոլի նորման է. մեկի մոտ կարող է մեկ բաժակ գինին թունավորման ախտանիշներ առաջացնել, մեկ ուրիշը կարող ավելի շատ խմել՝ առանց որեւէ լուրջ հետեւանքի: Տոքսիկոլոգը խորհուրդ է տալիս սեփական «նորման» իմանալ եւ չխմել ավելի, քան անհրաժեշտ է:
Գազով թունավորում
Ամանորյա տոներին պատրաստվելիս հաճախ գրանցվում են նաեւ շմոլ գազով թունավորման դեպքեր: Տոքսիկոլոգի խոսքով՝ տոների ժամանակ մարդիկ խոհանոցում շատ ժամանակ են անցկացնում եւ կարող են գազի արտահոսքը չնկատել:
Նման թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում սենյակը պարբերաբար օդափոխել եւ սարքերի հանդեպ ուշադիր լինել, որոնք օդում շմոլ գազ հայտնվելիս գազի հասանելիությունը փակում են: Այս սարքերը ոչ մի դեպքում չի կարելի անջատել:
med.news.am