Սյունե Սևադայի Facebook-յան գրառումը.
«Տասներկու տարի առաջ՝ հունվարի ութին, դեդոյենց տանը զեյթունի ձեթով բլինչիկ կերանք, որովհետև այլ ձեթ չկար, իսկ դեդոն շատ էր բլինչիկ ուզում։ Ծիծաղելով, անսովոր հոտից բողոքելով կերանք, վերջում պապայի հետ պայմանավորվեցին՝ առավոտյան պապին կգա մեր տուն, կարթնացնի պապային, որ սրճեն ու գնա աշխատանքի։ Դեդոն գիշերը կարեց իրենց տան վարագույրները, որովհետև նոր էին տեղափոխվել մեր դիմացի շենք, ու ես բողոքում էի, որ ակվարիումի մեջ են ապրում։ Կարեց աթոռների համար պատրաստած բարձիկները, որովհետև ես բողոքել էի, որ աթոռները չոր են։ Առավոտյան քնեց սովորականից շատ, մորքուրն ուրախացավ՝ թող քնի, էս ոնց եղավ, որ 69 տարվա մեջ վերջապես սովորել ա հանգստանալ։
Հետո հունվարի իննին դեդոն արթնացավ, միացրեց էլեկտրական սափրիչը, որ թրաշվի, քանի որ երեկ ես բողոքել էի, որ ինձ պաչելուց ծակծկում ա։ Հավանաբար վատ ա զգացել, սափրիչը միացրած դրել ա հայելու մոտ, նստել բազմոցին, գլուխը ետ գցել ու մահացել։ Ժպտալով։ Երևի էլի ինձ, որ չբողոքեմ, քանի որ չէի սիրում որ խոժոռվում ա։ Բժիշկներն ասացին ՝ աորտան ա պայթել, միլիվայրկյան ա տևում, մենք չենք ուշացել, մահն ա շուտ եկել, կներեք, ամենազոր չենք։
Թաղմանը չեմ եղել։ Գերեզմանը տեսել եմ 11 տարի առաջ, մեկ անգամ։ Տապանաքարը մինչ օրս չեմ տեսել, ուժ չունեմ։ Չեմ կարողանա։ Տեղը չգիտեմ ու չեմ ուզում իմանալ։
12 տարի առաջ միասին վերլուծական շարադրություն էինք գրել կարդացածս գրքերի հիման վրա՝ տոնական արձակուրդի ընթացքում։ Ինքն էդպես էլ չիմացավ, որ ես գերազանց գնահատական ստացա, որ հետո էդ տեքստը ուսուցչուհիս տարել էր ավագ դասարաններ։ Դասից վազելով եկա տուն՝ գնահատականը ձեռքս, մեխվեցի իրենց բակում. իմ գնահատականին սպասող չկար, իմ տեքստերը էլ ոչ մեկին պետք չէին։
Դեդոն սովորեցրեց ինձ ընտրել՝ ընկերներ, գրքեր, զգացողություններ, պատմությունների ավարտներ, մրգեր։ Մասնագիտությամբ ուսուցիչը իմ կյանքի ուսուցիչն էր, որը ամենավատ ժամանակ որոշեց, որ պիտի ես ինքս ինձնով արդեն սովորեմ։
Դեդոն հասկացել էր, որ ինձ՝ ատելի դպրոցը սիրելու ու վերջապես տառերը սովորեցնելու համար պետք ա թույլ տալ գրել էն, ինչ ես կուզեի։ Իսկ ես սեփական հորինածս հաճույքով էի գրում։ Ես սեփական հեքիաթներովս սովորեցի տառերը, հետո կամաց-կակաց սովորեցի գրել, միտք գրել, զրույց գրել։ Ես սովորեցի տեսնել դետալներ, որովհետև պապիկի տուփերի բոլտերն էի հաշվում, դրանց կորուստի համար ես էի պատասխանատու։ Ես սովորեցի լսել մարդկանց, որովհետև դեդոն պատմում էր՝ փախուփախի ժամանակ արկերն էնքան բարձր էին պայթում, որ երեխեքիս անունները չէի լսում։ Ղարաբաղի մասին հաղորդում դիտելիս միշտ դուրս էր գալիս սենյակից, որովհետև ես իրավունք չունեի իրեն լացելուց տեսնել։ Ինձ սովորեցրեց ազատ խոսել մեր բարբառով, էնպես, ասես Մաղավուզում եմ ծնվել ու ապրել միշտ։ Իր հետ, իր համար, իր կողքը։
Էս նկարը տանել չեմ կարողանում։ Մի օր ուզում էի պատռել, ասացի՝ շատ գեշ եմ էստեղ, յախք, պապի, ճղում եմ։ Ասաց՝ դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես, մի ճղի, պահի, դրա փոխարեն արի հեքիաթ հորինենք աղջկա մասին, որը նկար ա ճղում։
Տարիներ առաջ հարևան մի կին եկավ մեզ հյուր։ Երբ բաբոն հեռու գնաց, էդ կինը նայեց դեդոյի նկարին, ասաց՝ գիտես, ժամանակին Բորյային էի սիրահարված, շատ սրտակեր էր, բեղեր ուներ, մազերը հետ էր սանրում, սպիտակ սառոչկան հագնում՝ դոշի մազերը երևում էին…Խելքներս գնում էր։ Ասացի՝ գիտեք, տարիներ առաջ ինձ ասել ա, որ ես աշխարհի ամենասիրուն աղջիկն եմ՝ իմ ու իրա ամենավատ նկարում։ Ասաց՝ ամուսինս Բորյային նմանություն ունի։ Աչքերը լցրեց։
Արդեն տասներկու տարի՝ անտեր լինելու զգացողությունը ինձ չի լքում։ Ինչքան էլ ծնողներս լավագույն ընկերներս են։ Չկա էն մարդը, որը ինձ սովորեցրեց տառերը, ստիպեց ինձ հորինել, փորձել, ու ես դարձա էն, ինչ հիմա եմ՝ լավից-վատից, էսքան եմ ձգել։
Ու հիմա սա իմ ամենասիրած նկարն ա։ Ես ստեղ ամենասիրուն աղջիկն եմ, որովհետև այո, կարելի ա մազերը չսանրել ու տան մեջ հենց հեծանիվ քշել՝ մամային ու պապային տնից ցրելուց հետո։ Որովհետև ես դեդո ունեի։ Չնայած երբ նեղացնում են, էլ ֆիզիկական պաշտպան չունեմ, բայց նույն լկստված լակոտն եմ, որովհետև սովորեցրած տառերի մեջ դեդոն միշտ կա։ Ի սկզբանե էր խոսքը, ու հավերժ ա։
Էնքան բան կտայի, էլ չէի մրթմրթա, կնստեի ակվարիում տան մեջ՝ չոր աթոռին, թող էլ երբեք չթրաշվեր ու միշտ ծակծկեր ինձ, մենակ էս կարոտը հետս քաշ չտայի։
Էս էլ մեր ամենասիրուն նկարը։ Անունը՝ տնեցիքից թռածները ու կյանքը սիրողները»։