Ուսանողը կընտրի իր դասախոսին և ուսման տեւողությունը, չի լինի հեռակա ուսուցում. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ուսանողը կընտրի իր դասախոսին և ուսման տեւողությունը, չի լինի հեռակա ուսուցում. armtimes.com

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո համակարգում շատ բան է փոխվելու: Օրինակ, ուսանողը հնարավորություն կստանա ինքը որոշել, թե քանի տարում է ավարտելու բարձրագույն ուսումնական հաստատությունը, կարող է միաժամանակ սովորել երկու բուհում, հեռակա ուսուցման ծրագիր այլեւս չի լինի, ընդունելության անցողիկ միավորները սահմանելու են բուհերը եւ այլն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը armtimes.com-ի հարցմանն ի պատասխան պարզաբանումներ ու մանրամասներ է ներկայացրել առաջարկվող մի շարք փոփոխությունների եւ օրինագծում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ:

Ինտեգրված ծրագրով ուսուցում

Սա նշանակում է, որ ուսանողը կարող է միաժամանակ սովորել բարձարագույն կրթության երկու աստիճաններում՝ բակալավրիատում եւ մագիստրատուրայում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում եւ ստանալ մեկ ավարտական վկայական:

Ռ.Ս. – Ինտեգրված ուսուցման ձեւ մենք այսօր էլ ունենք: Բժշկական կրթության դեպքում համադրված են բակալավրի եւ մագիստրոսի աստիճանները, իսկ ուսումնառության ավարտին շնորհվում է ավելի բարձր, այսինքն՝ մագիստրոսի աստիճանը: Այս պահին գործող օրենսդրությամբ դա վերաբերում է միայն բժշկական կրթությանը, բայց օրենքի նախագծով այդ հնարավորությունն ավելի ենք ընդլայնել՝ հետագայում արդեն համակարգը շատ ավելի ճկուն թողնելու համար: Բացառվում է, որ այդ փոփոխությունները վերաբերեն բոլոր մասնագիտություններին: Օրենքի նախագծում մենք նախատեսել ենք, որ դրանց ցանկը հաստատելու է կառավարությունը: Բայց եթե ընդհանուր փորձն ենք նայում, կան երկրներ, որոնք դա կիրառում են, ասենք, ճարտարապետություն, մանկավարժություն, անասնաբուժություն մասնագիտությունների դեպքում: Խոսքը չորս-հինգ մասնագիտության մասին է: Յուրաքանչյուր երկիր դա որոշում է՝ կապված աշխատաշուկայի պահանջներից: Ժամանակը ցույց կտա, թե մեզ մոտ որ մասնագիտությունները կներառվեն այդ ցանկ մեջ: Ինչ վերաբերում է ուսումնառության ժամկետին, կարող է լինել 4+1, 3+2 կամ առավելագույնը 4+2 տարի՝ կախված տվյալ մասնագիտության առանձնահատկությունից:

Համատեղ կրթական ծրագիր

Դիմորդը կարող է սովորել միաժամանակ երկու բուհում, բայց ստանալ մեկ մասնագիտություն:

Ռ.Ս. – Համատեղ կրթական ծրագիրն այն է, երբ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ իրար հետ կնքում են պայմանագիր կամ համաձայնագիր, որպեսզի տվյալ ծրագրով իրականացնեն ուսուցում: Ենթադրենք մագիստրոսական ծրագիր է: Ելնելով իրենց կնքած պայմանագրից եւ դրա կետերից՝ ուսումնառության մի հատվածն ուսանողն իրականացնելու է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում, մի մասը սովորելու է մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունում: Դա կարող է լինել երկրի ներսում, կարող է լինել երկրից դուրս: Հիմնականում սա իրականացվում է արտասահմանյան բուհերի հետ, որը կրթության միջազգայնացմանն ուղղված քայլերից մեկն է: Բայց երբ որ բուհերը ընտրում են, պետք է այդ ծրագրերը համադրելի դարձնել, որպեսզի որակավորում ստանալիս շրջանավարտը որեւիցե խնդիր չունենա: Այս հնարավորությունը նախատեսվում էր ենթաօրենսդրական ակտով, բայց կային որոշակի բացեր: Հիմա արդեն կարգավորում ենք օրենքի մակարդակով, որպեսզի ուսումնական հաստատությունները շատ ավելի ճկուն լինեն, որովհետեւ առաջիկայում սա լինելու է մեր բուհերի համար հատկապես կարեւոր ուղղություններից մեկը:

Ինչ է նոր օրենքի նախագծում տեղ գտած «նախաբակալավր» հասկացությունը:  Եվ արդյո՞ք սա գալիս է փոխարինելու քոլեջներին:

Ռ.Ս. – Նախաբակալավրը դեռ չի գալիս քոլեջներին փոխարինելու: Նախաբակալավրը ընդունված տերմին է, այսպես ասենք, եվրոպական տարածքում Short cycle-կարճ շրջափուլ կոչվող ուսուցման ձեւն է, ամերիկյան մոդելներում՝ social degree-ն: Կարճ շրջափուլով ուսուցումն ավելի շատ ուղղված է աշխատաշուկայի պահանջարկը բավարարելուն: Այսինքն՝ դպրոցի շրջանավարտը, եթե ընտրի այդ մեթոդը, ուսումնառությունը կենտրոնացված է լինելու հիմնականում մասնագիտական հմտությունների տրամադրման վրա եւ ավելի քիչ ակադեմիական մասին: Նա կստանա անհրաժեշտ բոլոր հմտությունները, որոնցով շատ արագ կարող է մտնել աշխատաշուկա: Բայց եթե հետագայում ցանկություն ունենա ուսումնառությունը նաեւ շարունակել, այն կրեդիտները, որոնք ստացել է նախաբակալավրում սովորելու երկու տարվա ընթացքում, բուհը կճանաչի, եւ ուսանողը բակալավրիատը կավարտի արդեն ավելի կարճ ժամկետում՝ մինչեւ երկու տարում: Ըստ դասակարգման, նախաբակալավրը համարվում է միջինից բարձր, իսկ բարձրագույն կրթության առաջին աստիճանից ցածր մակարդակ:

Այստեղ անցումային դրույթ ենք նախատեսել, եթե չեմ սխալվում՝ երեք տարի, որպեսզի այդ ընթացքում համապատասխան ծրագրերը մշակվեն: Նաեւ նախատեսել ենք, որ ուսանողը նախաբակալավրիական կրթությունը կստանա բուհերում, բայց չենք բացառում, որ հետագայում նման հնարավորություն տրվի նաեւ մեկ-երկու մասնագիտացված քոլեջների: Այս փոփոխությունը նույնպես ոչ բոլոր մասնագիտությունների վրա է տարածվելու, այլ միայն առավել պրակտիկներին:

Նոր օրենքով բակալավրիատում եւ մագիստրատուրայում ավարտական քննություններ չեն լինելու եւ միայն ավարտական աշխատանքի պաշտպանությո՞ւն:

Ռ.Ս. – Ավարտական քննությունները, որպես այդպիսին, մենք հանել ենք: Նոր օրենքի նախագծում թողնված են ամփոփիչ ատեստավորումները, որոնք կընտրի յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ելնելով նաեւ մասնագիտության ծրագրից:

Բարձրագույն կրթության աստիճաններում ուսումնառության հստակ ժամկետ սահմանված չէ:

Օրենքի նախագծում նշվում են միայն նվազագույն շեմերը: Ուսանողն, իր ընտրությամբ, կարող է, օրինակ բակալավրիատում անհրաժեշտ 240 կրեդիտը հավաքել ոչ թե չորս, այլ ասենք 8 տարում, ինչից հետո ստանալ ավարտական փաստաթուղթ:

Ռ.Ս. – Բուհերում հեռակա ուսուցման հնարավորությունը դադարեցնում ենք: Անցում ենք կատարում ամբողջական կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպմանը: Բայց քանի որ այս գործընթացում բավական մեծ աշխատանք կա կատարելու, անցումը նախատեսել ենք երրորդ ուսումնական տարում: Մենք առաջարկում ենք, որ ուսանողն ինքը ընտրություն կատարի ամբողջական եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության տարբերակների միջեւ: Եթե խոսենք բակալավրիատի օրինակով, ապա ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում անհրաժեշտ 240 կրեդիտը պետք է ձեւավորել չորս տարում, բայց եթե ինչ-ինչ պատճառով չի կարողացել հավաքել տարեկան 60 կրեդիտը, բայց ունի դրա առնվազն 75 տոկոսը, ուսանողը չի հեռացվում բուհից: Նա մնում է համակազմում եւ նրան հնարավորություն է տրվում երկու ուսումնական տարվա ընթացքում լրացնել պակասող կրեդիտները:

Քանի որ ուսանողների մի խումբ կա, որոնք նաեւ աշխատում են, ուսանողը կարող է որոշել իր ուսումնական բեռնվածությունը: Օրինակ բակալավրի աստիճանում նա կարող է ուսումնառությունն ավարտել մինչեւ 8 տարում: Եթե նվազագույն պահանջները բավարարի, կմնա ուսանողական համակազմում: Մասնակի բեռնվածության դեպքում բուհից չհեռացվելու համար պետք է ապահովել տարեկան 60 կրեդիտի 50 տոկոսը: Այս փոփոխությունն ամբողջությամբ կներդրվի երեք տարի հետո, որովհետեւ վերանայվելու է ուսուցման ամբողջ գործընթացը: Հնարավորություն է տրվելու, որ ուսանողն ընտրի իր դասաժամերը, իր դասախոսին եւ այլն, եւ այլն: Սրան բուհական համակարգը պետք է պատրաստվի: Անկախ այն բանից՝ դիմորդն ուսումնառության համար կընտրի ամբողջական, թե մասնակի ծանրաբեռնվածություն, վարձավճարը մնալու է նույնը, որովհետեւ նա վճարելու է կրեդիտի համար, իսկ կրեդիտը նույն 240-ն է:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: