Եփրեմ Խան
Advertisement 1000 x 90

Եփրեմ Խան

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է պարսկահպատակ գործիչ, հայազգի Եփրեմ Խանի կյանքի պատմությունը:

Կարիպալտին՝ Հռովմինն է, եւ Բոնաբարդ՝ Ոճիրին.–

Կը պատկանիս դո՛ւն միայն Ազատութեան Ոգիին։

Ըզքեզ խրճիթ մը ծնաւ, Հայ վիշտը քեզ օրօրեց.–

Այդ վիշտին չափ եղար մեծ։

Դանիել Վարուժան

Հայի ռազմական տաղանդը շատ երկրներում է փայլել: Դեռևս վաղ միջնադարից սկսած Պարսկաստանի արքաներն իրենց ռազմարշավներում միշտ օգնության էին դիմում հայոց փառապանծ այրուձիին: Տեղին է հիշել պարսից ահեղ Շապուհ Բ Երկարակյաց արքայի խոսքերը. ,,Երանի հայոց գնդի տիրոջը, աշխարհում չկա նման քաջ ու հավատարիմ զորք,,.. Հետագայում էլ, բազում հայ ռազմիկներ իրենց քաջությամբ ու անվեհերությամբ աչքի ընկան պարսկական բանակում: Սակայն, եթե միջնադարում հայերը լծվում էին պարսկական ռազմակարքին կամ միջպետական դաշինքից ելնելով, կամ հարկադրաբար, արդեն նորագույն շրջանում շատ հայ զինվորականներ կամավորագրվեցին պարսկական զինուժին՝ իրենց նպաստը բերելով պարսիկ եղբայր ժողովրդի ազատագրությանը: Այդ շարքում անվանին, ինչ խոսք, Պարսկաստանի ազգային հերոս, հայ ազատամարտի նշանավոր գործիչ Եփրեմ խան Դավթյանն է:
Եփրեմ Դավթի Դավթյանը ծնվել է 1868 թվականին հայոց Գարդմանք գավառի Բարսում գյուղում, շինականի ընտանիքում (Ներկայիս Ադրբեջանի Շամքորի շրջանում): Սակայն նա տակավին պատանի՝ զրկվեց հորից և մեծացավ տարեց մոր դաստիարակության տակ: Բայց Եփրեմին, որպես ծեր մոր միակ զավակ, բախտ չէր վիճարկված կրել մոր հոգսը:

Դեռ պատանի՝ նա ուխտեց կյանքը նվիրել հայ ազատամարտին, ու քսան տարեկան չկար, երբ գաղտնի հատելով պարսկա-թուրքական սահմանը՝ հայտնվեց Արևմտյան Հայաստանում և միացավ Վասպուրականի և Սասնո լեռներում գործող ֆիդայական խմբերին: 19-ամյա Եփրեմը շուտով աչքի ընկավ Մշո դաշտում ու Սասնո լեռներում պայքարող հայ ֆիդայիների խմբում և նրանք եղան կնքահայրը Եփրեմի մարտական մկրտության: Սակայն շուտով, իրադարձությունների բերումով, Եփրեմը կրկին Կովկաս է անցնում՝ զենք-զինամթերք հայթայթելու նպատակով:

Եփրեմը 1889 թվականին Թիֆլիսում ծանոթանում է Սարգիս Կուկունյանի հետ, որոշում միանալ նրա ձեռնարկին ու նրա հետ գործի է լծվում: Նա հիսնապետ Հունոյի հրամանատարությամբ, իբրև տասնապետ իր ջոկատով միացավ Կուկունյանին: Սակայն Կուկունյանի արշավանքը ողբերգական ավարտ ունեցավ և ի թիվս այլ մասնակիցների՝ Եփրեմ Դավթյանն էլ 1890 թվականին ձերբակալվեց ու Կարսում կարճ բանտարկությունից հետո աքսորվեց Սախալին կղզի:

Վեց տարվա տաժանակիր աքսորից հետո Եփրեմին հաջողվում է ընկերների հետ փախուստի դիմել: Նա իր հայ ընկերոջ և ևս երեք ռուս աքսորյալների հետ լաստանավ է սարքում, լաստանավով հաղթահարում ծովը, ապա երեք ամսում ոտքով անցնելով հազարավոր կիլոմետրեր՝ 1896 թվականին հայտնվում Պարսկաստանում: Թավրիզում նա անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Կուսակցական գործունեության հետ մեկտեղ Եփրեմը ուսուցչություն էր անում Սալմաստի Աղաղան հայկական գյուղում: Նա շարունակ ճամփորդում էր ու հայության շրջանում պայքար քարոզում, ուղղորդելով երիտասարդությանը դեպի զենք, դեպի Էրգիր:

19-րդ դարի վերջին Պարսկահայքը կարևորագույն պատվար էր՝ Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժումների ծավալման համար: Հենց Պարսկահայքում էին կենտրոնանում հայ զինավառ խմբերը՝ Էրգիր թափանցելու համար, այստեղ էր նաև հայոց զինանոցը, այստեղ էին վարժանքներն անցկացնում երիտասարդ, անփորձ զինագրյալները: Եվ Եփրեմը ակտիվ մասնակցություն ուներ այս աշխատանքներին: Նա որոշ ժամանակ աշխատեց նաև Թավրիզում հաստատված դաշնակցության ,,Խարիսխ,, զինագործարանում:

1897 թվականին Եփրեմ Դավթյանը որպես հեծելազորի տասնապետ մասնակցեց Խանասորի արշավանքին, որի նպատակը քրդական մազրիկ ավարառու ցեղին պատժելն էր:

Խանասորի արշավանքից հետո Եփրեմը ՀՅԴ Ոսկանապատի կոմիտեության ցուցումով կարճ ժամանակով հաստատվում է Արցախում, ուր ուսուցչությամբ ու կուսակցական գործունեությամբ էր զբաղվում:

Եփրեմի երազանքն ու նպատակը Արևմտյան Հայաստան՝ Սասուն անցնելն ու հայ զինյալներին միանալն էր: Բայց նրան այդպես էլ բախտ չէր վիճարկված դա անել: Նա պետք է փայլեր այլ ճակատում: 1902 թվականին ՀՅԴ ղեկավարներից Ռոստոմի հանձնարարությամբ նա վերջնականապես հաստատվեց Ատրպատականում՝ Պարսկահայքում:

Այստեղ նա սեփական գործը հիմնեց՝ աղյուսի արտադրության փոքրիկ ձեռնարկություն: Եփրեմն ամուսնացավ ու հաստատվեց Ռաշտ քաղաքում:

1905 թվականին Պարսկաստանում բռնկվում է հակաավատատիրական, բուրժուական հեղափոխությունը: Եկել էր Եփրեմ Դավթյանի աստեղային ժամը… Իրանական հեղափոխությունը անմիջականորեն կապված էր մեծ հայորդու անվան հետ, քանզի նա դարձավ նրա կազմակերպիչներից ու առաջնորդներից մեկը:

Ռաշտի ՀՅԴ Վրեժ կոմիտեությունը Ռոստոմի գլխավորությամբ որոշում ընդունեց անմասն չմնալ համաիրանական հեղափոխությանը: Հին, փորձառու ֆիդայիներից ջոկատ կազմվեց և դրվեց հենց Եփրեմի հրամանատարության տակ՝ հանձնարարելով նրան լծվել հեղափոխական պայքարին:

ՀՅԴ փորձոռու մարտիկներից կազմված ջոկատը Եփրեմի հրամանատարությամբ մարտադաշտ ուղարկեց: Եփրեմն ամենուր փայլեց ռազմավարական տաղանդով, անկուն կամքով, հաղթելու վճռականությամբ: Իրանի ժողովուրդը փառապանծ հայորդուն խանի տիտղոս և Արդարության և Ազատության մարտիկի կոչում շնորհեց: Փաստորեն, Ռոստոմը համակարգում էր իրանական հեղափոխության ժամանակ հայության դիրքն ու մարտավարությունը, իսկ Եփրեմն առաջնորդում էր իր քաջերին մարտադաշտ:

1909 թվականի հուլիսի 10-ին հեղափոխականները գրավեցին մայրաքաղաք Թեհրանն ու տապալեցին շահական կառավարությունը: Եփրեմ խանին այս պայքարում գործուն աջակցություն ցուցաբերեցին Դաշնակցականներ Քեռին և Խչոն՝ իրենց զինավառ ջոկատներով: Եփրեմ խանը նախ նշանակվեց Թեհրանի, ապա՝ Իրանի ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար՝ սարդար և ոստիկանապետ: Սա եզակի ու նախադեպը չունեցող երևույթ էր Իրանի պատմության մեջ, երբ երկրի զինված ուժերը վստահվում էին օտարականի: Ցավոք, այս փաստը սվիններով ընդունեցին ՀՅԴ վերնախավի շատ գործիչներ, ասելով, թե հեղափոխականի համար հարիր չէ նման պաշտոնը…

Իր պաշտոնում նա հիսունից ավել հաղթական ճակատամարտեր տվեց հակահեղափոխական ուժերի դեմ ու իրեն փառավորեց որպես աննկուն ու անհաղթ զորավար:

Հերոսն ընկավ 1912 թվականի մայիսի 5-ին, Սուրջեի հաղթական ճակատամարտում՝ Համադան քաղաքի մատույցներում: Ճակատամարտի ավարտին նա շտապում էր օգնության վիրավոր ընկերոջը, երբ տապալվեց դարանակալ գնդակից: Նրա դին հանդիսավորությամբ ամփոփվեց Թեհրանի Հայկազյան վարժարանի բակում:



Նման նյութեր