Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը Ալեքսանդր Սուվորովի մասին:
Դարերի պարտադրանքով հայը միշտ ռազմիկ է եղել: Մի ձեռքին սուր, մյուսին` բազուկ ու գրիչ, ապրել է, մաքառել, ստեղծագործել: Դարերի պարտադրանքով հայը սփռվել է աշխարհով մեկ: Եվ ուր էլ ապրել է` նա չի դադարել մաքառելուց, ստեղծագործելուց: Անգամ օտար ափերին` հայը երբեք չի մոռացել ռազմիկի իր ունակությունը և հարկ եղած դեպքում` սուր է վերցրել` արյունով սրբագրելու իր ապրելու, արարելու իրավունքը:
Օտար դրոշի տակ մաքառած, ու օտար դրոշներին իրենց բազկով ու հմտությամբ փառավորած շատ հայորդիներ կան: Նրանցից ամենանշանավորն, ինչ խոսք, ականավոր զորավար, մեծագույն ռազմական գործիչ, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովն է:
Նա Ռուսաստանում հաստատված արցախցի Շահսուվարյանների զարմից է: Ծնվել է 1729 թվականի նոյեմբերի 24-ին: Ծննդյան ճիշտ վայրը հայտնի չէ: Հայրը` Վասիլի Սուվորովը, գեներալ էր, ժամանակի կիրթ անձանցից մեկը, որ մտերիմ էի Պետրոս Ա հետ: Վասիլի Սուվորովը ռուսական առաջին ռազմական բառարանի հեղինակն է: Մայրը` Ավդոտյա Թադևոսի Մանուկովան, թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:
Մանկության տարիներին Սուվորովը թուլակազմ էր և ոչ ոք նրա հետ հույսեր չէր կապում, թե նա կարող է զինվորական ծառայության անցնել: Ամեն ինչ արեցին գրքերը. Սուվորովը կարդում էր հին աշխարհում գործած զորավարների, հռոմեական կեսարների կյանքի մասին: Եվ նա վճռականորեն որոշում ընդունեց: Ամեն օր տենդագին մարզվում էր, շատ էր կարդում, իր գիտելիքները հարստացնելով զինվորական գրականությամբ, որ առատորեն կար հոր գրադարանում:
Սուվորովը ծառայությունն սկսել է 1748 թվականից, Սեմյոնովյան գնդում: Մի անգամ երիտասարդ կապրալը ժամապահ էր կանգնած Ձմեռային պալատում, երբ տեղով անցնող Ելզավետա Ա կայսրուհին կանգ առավ նրա մոտ: Սուվորովը պատվի առավ: Կայսրուհին հարցուփորձ արեց նրան, և իմանալով թե ում որդին է, ողորմածաբար մի ոսկեդրամ մեկնեց նրան: Ի զարմանս բոլորի` Սուվորովը մերժեց, ասելով, որ ժամապահին արգելված է ծառայության ժամանակ որևէ իր վերցնել անցորդներից… կայսրուհին հիացած մնաց:
Առաջին մարտական մկրտությունը Սուվորովն ստացավ Յոթնամյա պատերազմի ժամանակ /1756-1763/: Ճիշտ է, նա ծառայում էր թիկունքում, բայց առիթ ունեցավ երբեմն վառոդից հոտոտելու:
1762 թվականին Սուվորովն արդեն գնդապետ էր: Նույն թվականին Ռուսաստանում պետական հեղաշրջման արդյունքում գահ է բարձրանում Եկատերինա Բ կայսրուհին: Ռուսաստանի համար սկսվում են նոր, փառավոր ժամանակներ: Կայսրուհին, որ ժամանակի ուսյալ և կիրթ անձանցից էր, կարողանում էր գնահատել մարդկանց և նրանց վաստակը: Եվ ահա նրա ուշադրությունից չի վրիպում երիտասարդ գնդապետը, որ իր մարտական բնավորությամբ փառքի էր ձգտում: Եվ շուտով առիթը ներկայացավ: 1769 թվականին Լեհաստանում շլյախտան ապստամբեց Եկատերինա Բ դրածո լեհաց թագավոր Ստանիսլավ Պոնյատովսկու դեմ և ապստամբությունը ճնշելու համար Վարշավա արշավեց հենց Սուվորովը: Նա արագ երթով հասավ Լեհաստան, մեկ ամսում հաղթահարելով շուրջ 850 վերստ ճանապարհ, նույնքան արագ էլ վճռեց ապստամբության հարցը: Լեհաստանը բաժանվեց Ռուսաստանի և Ավստրո – Հունգարիայի միջև:
Լեհական արշավանքիր համար Սուվորովը հաջորդ տարի ստացավ գեներալ – մայորի կոչում:
1768 – 1774 թվականների ռուս – թուրքական պատերազմի ժամանակ Սուվորովի զորաբանակը կռվում էր Բալկաններում` ֆելդմարշալ Պյոտր Անդրեյիչ Ռումյանցևի հրամանատարության ներքո: Այստեղ քիչ էր մնում, Սուվորովին կործանեին իր համարձակությունն ու քաջությունը:
Թշնամու թիկունքում հետախուզության ժամանակ Սուվորովը որոշում է իր սակավաթիվ ուժերով գրոհել թուրքական ամրոցը, որ կարևորագույն ռազմավարական դիրք էր զբաղեցնում: Որոշումը կյանքի է կոչում մեծ հաջողությամբ, որ հեշտացնում է հարձակվող ռուսական բանակի գործը: Սակայն սա առաջ է բերում ֆելդմարշալ Պ.Ռումյանցևի դժգոհությունը, որ Սուվորովին ինքնագործունեության համար ռազմական տրիբունալի առաջ է կանգնեցնում: Տրիբունալը որոշում է գնդակահարության դատապարտել զորավարին, բայց այստեղ տրիբունալի վճիռը բեկանում է Եկատերինա Բ կայսրուհին, հայտարարելով, որ «Հաղթողին չեն դատում»:
Զինվորական փառքի արժանացավ արդեն 1787 – 1791 թվականների ռուս – թուրքական պատերազմում, երբ Ռիմնիկի մոտ ջախջախեց թուրքական մեծաքանակ զորաբանակը, գրավեց Իզմայիլ և Ազով բերդաքաղաքները:
Ռիմնիկի մոտ ավստրիական բանակը հայտնվել էր թուրքական 100000 բանակի շրջափակման մեջ: Ավստրիացիները օգնություն խնդրեցին Սուվորովից: Վերջինս արագ երթով, երկու օրում անցնելով ավելի քան 100 կմ ճանապարհ, հայտնվեց Ռիմնիկի տակ: Ավստրիական հրամանատարությունն առաջարկեց պաշտպանական մարտավարություն ընդունել: Սուվորովը կտրուկ առարկեց և ուժգին հարվածով ջախջախեց քառապատիկ մեծաքանակ թուրքական բանակը:
Այս ճակատամարտից հետո Սուվորովը Եկատերինա Բ հրամանով արժանացավ Ռիմնիկյան կոմսի պատվանվանը: Հենց Ռիմնիկի հաղթանակից հետո Սուվորովի հրամանատարությամբ ռուսական բանակը գրավեց Իզմայիլ ամրոցը, որը վճռական ներգործություն ունեցավ պատերազմի ելքի վրա:
1799 թվականին նա կայացրեց համաշխարհային ռազմարվեստի ամենահերոսական ձեռնարկումներից մեկը` Ալպյան արշավանքը: 1800 թվականին Սուվորովը նշանակվեց Աստրախանյան զորամիավորման հրամանատար, որ պետք է իրականացներ Վրաստանի և Հայաստանի ազատագրումը, բայց ցավոք, իշխան Գրիգորի Ալեքսեևիչ Պոտյոմկին – Տավրիդյանի նախաձեռնած այդ արշավանքը կյանքի չկոչվեց:
Սուվորովը երբեք չի մոռացել իր հայկական արմատները: Նա ակտիվ հայանպաստ գործունեություն էր իրականացնում:
1776 թվականին նշանակում ստանալով Ղրիմում, հենց Սուվորովը իշխան Գրիգորի Պոտյոմկինի նախագծով, հայերի գաղթի կազմակերպիչը եղավ: 1778 թվականին նրա գլխավորությամբ Ղրիմից Դոնի տափաստան են գաղթել մոտ 13000 հայեր և հիմնել Նոր Նախիջևան քաղաքը: Նա բաժանորդագրվել էր Շահամիր Սուլթանում Շահամիրյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գրքին: Նամակագրական կապ ուներ ժամանակի ազգային գործիչներ Հովհաննես Լազարյանի, Հովսեփ Արղությանի հետ:
Շուտով սակայն, Սուվորովի համար դժվարին օրեր սկսվեցին: Վատացան նրա հարաբերությունները ամենազոր իշխան Պոտյոմկինի հետ: Նա մեկուսացավ: Չնայած` Պոտյոմկինն արդարադատ մարդ լինելով` միշտ հարգում ու գնահատում էր զորավարին: Իսկ 1796 թվականին Եկատերինա Բ կայսրուհու մահից հետո Սուվորովի վիճակն ավելի վատացավ: Նա, փաստորեն, տնային կալանքի ենթարկվեց:
Սուվորովի ռազմական ամենամեծ սխրանքն, անկասկած, 1799 թվականի Ալպյան արշավանքն էր: Մինչ այդ ֆելդմարշալ Սուվորովը Պավել Ա կայսեր հրամանով ՙպատվավոր՚ աքսորի էր դատապարտված` հրամանը չկատարելու մեղադրանքով: Բանն այն է, որ Սուվորովը դեմ էր Պավել Ա իրականացրած ռազմական ՙբարեփոխումներին՚, որով, փաստորեն, ռուսական բանակը «գերմանականացվում» էր: Սուվորովի փաստարկը հիմնավոր էր. նրա պնդմամբ, ռուսները չէ, որ պիտի սովորեին գերմանացիներից: Վերջին հաշվով, միայն Յոթնամյա պատերազմի ընթացքում ռուսական բանակը երեք անգամ գրավել է Պրուսիայի մայրաքաղաք Բեռլինը:
Ինչևէ, երբ ֆրանսիական հեղափոխության սպառնալիքը Եվրոպայում իրական դարձավ, դաշնակիցների խնդրանքով Պավել Ա հենց Սուվորովին հանձնարարեց գլխավորել Իտալական արշավանքն ու այնտեղ ջախջախել Նապոլեոնի բանակները:
Սուվորովը գլխավորելով ռուս – ավստրիական միացյալ բանակը, հաջողությամբ կատարեց խնդիրը և ջախջախեց Իտալիայում ֆրանսիական զորքերի խմբավորումը և պատրաստվում էր ներխուժել Ֆրանսիա: Սակայն Պետերբուրգի արքունիքից նոր հրամանը Սուվորովին ստիպեց ձեռնարկել Շվեյցարական արշավանքը:
Զորքը կենտրոնացնելով Ալպերի ստորոտում` Սուվորովը 1799 թվականի սեպտեմբերի 11-ին սկսեց արշավանքը: Սեպտեմբերի 24-ին Սուվորովը ջախջախելով ֆրանսիական զորաբանակը` գրավեց Սեն Գոթարդի լեռնանցքը, երկու օրում հասավ Լյադեռնի լճի մոտ: Սկսվեց Ալպերի հաղթահարումը: Ծանր մարտեր մղելով` ռուսական բանակը խոր անդունդներով, ձյունապատ լեռներով ու անանցանելի կիրճերով մետր առ մետր նվաճում է Ալպերը:
Գլարիուսի, Շվիցի արյունահեղ ճակատամարտերում Սուվորովը ջախջախեց ֆրանսիական գեներալ Մասսենի մինչ այդ անպարտելի համարվող զորաբանակը:
Այսպիսով, շուրջ քսան օր տևած դժվարին անցումից հետո Սուվորովը տալով 6000 զոհ,դուրս եկավ ֆրանսիական շրջապատումից:
Սուվորովը, փաստորեն, կրկնեց մթա 216 թվականին Կարթագենի զորավար Հաննիբալի սխրանքը` զորքով ու ողջ սպառազինությունով հաղթահարելով Ալպերը:
Սուվորովի բոլոր տիտղոսներն էին. Իտալիայի իշխան, Ռիմնիկի կոմս, Հռոմեական սրբազան կայսրության կոմս, ռուսական ցամաքային և ծովային ուժերի գեներալիսիմուս, Սարդինական թագավորության իշխան: Ավստրիական և սարդինական բանակների ֆելդմարշալ:
Անպարտելի զորավարը, որ կյանքում ավելի, քան 60 հաղթական ճակատամարտ է վարել և երբևէ չի պարտվել, վախճանվեց 1800 թվականի մայիսի 6-ին: