«Հանրամատչելի տնտեսագիտական մտքեր ընկերներիս համար 2»
Advertisement 1000 x 90

«Հանրամատչելի տնտեսագիտական մտքեր ընկերներիս համար 2»

Սևակ Լալայանի Facebook-յան գրառումը.

«Բյուջեում փող չկա դրա համար»։ Հենց լսեք նման արտահայտություն, չհավատաք։ Բյուջեում փող շատ կա, մեր պատկերացումների համեմատ մեր պետական բյուջեն հսկայական է, կվախենաք, որ պատկերացնեք ինչքան մեծ։ Օրինակ 1 միլիոն դոլարը մեր բյուջեի համար չնչին բան է։ Բայց։ Բյուջեն պահեստ չէ, որտեղ փող է լցված, ու կարող է լինել լիքը կամ դատարկ, կամ մեկը գլխին նստած որոշում է, էս մեկի ուզած փողը հանեմ տամ, էս մեկինը չտամ։ Չկա տենց բան։ Բյուջեն ընդամենը պրինտերով տպած թուղթ է, էն հաստ դափոնը, որ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ դրած է լինում պատգամավորների սեղանին, իրանք էլ վախեցած վրեն էն նայում, որովհետև իսկականից վախենալու խառը բան ա՝ լիքը թվերով։ Էդ թուղթը ցույց է տալիս, թե տարվա ընթացքում մի շարք խողովակներով որտեղից և ինչքան գումարներ են գալու և գնալու հազարավոր ուղղություններով։ Այ այդ հազարավոր ուղղությունների մեջ եթե ուզում եք որ ինչ-որ բանի համար էլ գումար լինի ու համարում եք, որ դա ավելի կարևոր է, քան այն մյուսը, որով նախատեսված է որ գնա, փորձեք հարցը հասցնել Ազգային Ժողով։ Էնպես որ «Բյուջեում փող չկա դրա համար» իրականում նշանակում է «Դա ավելի կարևոր չէ, քան այն մյուս խնդիրը/ները, որոնց լուծմանը գումարները գնում են»։

Վերաֆինանսավորման տոկոսադրույք։ Ժողովուրդ, հենց սա լսում եք, առաջ անցեք, մի փորձեք հասկանալ, չեք կարողանալու։ Ուղղակի մի բանի նայեք` էդ բարդ բառով տոկոսադրույքը ավելացա՞վ, պակասե՞ց, թե մնաց նույնը։ Դա որոշում է Կենտրոնական բանկը և այդ որոշումները միշտ հրապարակվում են։ Եթե ավելացրեց տոկոսադրույքը, ուրեմն իմացեք, որ գնաճային ճնշումներ կան, պայքարում է դրանց դեմ։ Եթե նվազեցրեց, ուրեմն հակառակ ազդակների ժամանակահատված է, և ԿԲ-ն որոշել է օգնել տնտեսությանը աճելու։ Իսկ եթե դուք իմ պես, տարիների փորձից ելնելով, անվերապահ հավատում եք Կենտրոնական բանկին, բացարձակապես կարող եք չհետաքրքրվել վերաֆինանսավորման տոկոսադրույքով։ Միևնույն է դրա (ու ոչ միայն դրա, իհարկե) միջոցով Կենտրոնական բանկը ինչ էլ որ լինի, ինչքան ակցիզ էլ ավելանա, քանի հանրահավաք էլ լինի կամ չլինի, որքան խիստ ելույթներ կամ գովասանքներ են լինեն, միևնույն է իր գործն անելու է, ու 1 տարվա մեջ գնաճը պակաս է լինելու 4 տոկոսից։ Էնտեղ իմ ընկերներն են աշխատում ու ես գիտեմ, որ տենց էլ լինելու է։ Մենք արանքներում կռվելու, բարիշելու, մոռանալու ենք, իրենք իրենց գործը անելու են։

Հաջորդ կոֆեի ընդմիջմանը կգրեմ նաև ակցիզային հարկի մասին, որ գազի թանկացման մասին Շուռի տված հարցին հնարավոր լինի պատասխանել։

Հ.Գ. Նորից խնդրում եմ, տնտեսագետները կարող են լայքել, բայց քոմենթ գրել՝ ոչ։ Եթե չգիտեք ինչի եմ սա ասում, նայեք թե դրանք ինչ արեցին իմ նախորդ գրառման տակ:



Նման նյութեր