Հրաչ Մարտիրոսյանի Facebook-յան գրառումը.
19-րդ դարում հնդեվրոպաբանները կարծում էին, թե հայերենը իրանական ճյուղի լեզու է: Պատճառը, իհարկե, հայերենում առկա իրանական փոխառությունների ստեղծած թյուր տպավորությունն էր: Եվ ահա մեծ հայագետ ու հնդեվրոպաբան Հայնրիխ Հյուբշմանը (Աճառյանի ուսուցիչը) 1875 թ.-ին գիտական մեթոդաբանություն մշակեց` հնչյունական օրինաչափություններով հստակորեն սահմանազատելով բնիկ բառերը փոխառություններից, ու ապացուցեց, որ հայերենը հնդեվրոպական ընտանիքի ինքնուրույն ճյուղ ներկայացնող լեզու է, ոչ թե իրանական ճյուղին պատկանող լեզու:
Միայն այս փաստը հերիք էր, որ մեր նույնիսկ ամենաազգայնամոլ հայրենակիցները մեծագույն հարգանքով խոսեին Հյուբշմանի մասին ու նրա անունով երդվեին: Այնինչ հաճախ են մարդիկ քամահրանքով խոսում նրա մասին: Մասնավորապես` Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ասում է. «Էն խեղճ Աճառյանն էլ ընկավ Հյուբշմանի ջրերի մեջ, 4015 բառ հայտարարում են պարսկական` հայերենը ընդհանրապես ջախջախելով»:
Սա մեծ անարդարություն ու անտեղյակություն է: Նախ` իրականում այդ 4016-ը, իհարկե, բոլոր փոխառությունների ընդհանուր քանակն է, ոչ թե միայն պարսկական (իմա` իրանական) փոխառություններինը (տես, օրինակ, ԱճառՀԼՊատմ 1, 1940, 185): Եվ հետո` այդ փոխառությունները Հյուբշմանը կամ Աճառյանը չեն հորինել: Դրանք հայերենի ինքնուրույն գոյության (մայր լեզվից տրոհվելուն հաջորդած հազարամյակների) ընթացքում տարբեր լեզուների հետ ունեցած հարաբերությունների արդյունք են: Ոչ մի լեզու փորձանոթի մեջ մեկուսացած չի եղել. բոլոր լեզուներն էլ ունեն մեծ թվով փոխառություններ: Ընդ որում` հայերենը ոչ միայն փոխառել է, այլև ինքն էլ շատ լեզուների տվել է բազմաթիվ բառեր:
Եվ ամենաէականն այն է, որ հայերենը, բազմաթիվ փոխառությունների կողքին, ունի կարևորագույն բառաֆոնդ և քերականական համակարգ, որոնք լրիվ բնիկ հայկական ծագում ունեն: Սա է գլխավորը: Ու այս բնիկ ժառանգության ուսումնասիրողներն են եղել հենց Հյուբշմանը, Մեյեն, Աճառյանը և այլ անխոնջ ու բարեխիղճ հայագետներ, որոնց վաստակն այսօր կորչում է հակագիտական հնարանքների հեղեղի մեջ:
Լուսանկարում` Հալլեի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանն ու ես: Վերևում Հյուբշմանի դիմանկարն է: