Վրաստան
Advertisement 1000 x 90

Վրաստան

Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը իր միկրոբլոգում՝ Վրաստանի մասին:

Վրաստանը (Վիրքը) Առաջավոր Ասիայի հյուսիսային հատվածում է գտնվում: Գուցեև այդ պատճառով հայերս այս երկիրը Վիրք ենք կոչել՝ վերին երկիր իմաստով, իսկ տեղաբնակներին՝ վրացի: Վրացիներն իրենք իրենց քարթվել են կոչում, ռուսները՝ գռուզին, եվրոպացիները՝ ջեորջի, որ պարսկերեն գյուրջի բառի աղավաղված ձևն է:

Վրացիներն իրենց նախահայր են համարում Քարթլոսին: Վրաց միջնադարյան պատմիչ Լեոնտի Մրովելին գրում է, որ Թորգոմն ինը որդի ուներ: Նա մահից առաջ իր հսկա տիրույթների ուղիղ կեսը շնորհում է ավագ որդուն՝ Հայոսին (Հայկ), իսկ մյուս կեսը բաշխում մյուս որդիների՝ Քարթլոսի, Ռանոսի (Կովկասյան աղվանների նախահայրն է), Կովկասոսի, Եգերոսի և այլոց միջև: Իր պատմության վերջում վրաց պատմիչը հավելում է, որ այսպիսով Հայոսը եղավ ամենի մեջ ավագն ու հզորը…

Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվեց Կոլխիդայի թագավորությունը, որը հայոց Երվանդունիների թագավորության քաղաքական ոլորտում էր գտնվում:

Հետագայում ձևավորվում է Իբերիայի թագավորությունը: Հետաքրքիր է, Իբերիայի առաջին մայրաքաղաքը Արմազն էր…

Վրացական պետությունը շուտով հայտնվեց հայ Արտաշեսյանների քաղաքական ոլորտում:

Արտաշեսյանների թագավորության անկումից հետո Վրաստանն անցավ Հռոմի ենթակայության տակ:

Առաջին դարում Հռոմի դրածո երկու վրաց թագավորներ՝ Միհրդատն ու Հռադամիզդը հայոց գահ բարձրացան:

Հետագայում, վրաց պետությունը հայտնվեց հայոց Արշակունիների թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում; 428 թվականին կործանվեց հայ Արշակունիների թագավորությունը, իսկ Վրաստանում թագավորական իշխանությունը պահպանվեց: Սակայն չնայած, որ Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը և երկիրը կառավարվում էր մարզպանի կողմից, Սասանյան արքունիքում հայոց մարզպանն ավելի բարձր դիրք էր գրավում, քան վրաց թագավորը: Ահավասիկ, Վասակ Սյունին կոչվում էր հայոց և վրաց մարզպան: Այսինքն՝ Սասանյան արքունիքը Վրաստանի կառավարումն իրականացնում էր ոչ թե ուղղակի վրաց թագավորի, այլ՝ հայոց մարզպանի միջոցով: Սույնով Սասանյաններն էլ համարում էին, որ Վիրքը Մեծ Հայքի ազդեցության ոլորտում գտնվող երկրամաս էր:

Նույնն  էր և հավատքի ոլորտում: Նախաքրիստոնեական շրջանում Վիրքում տարածված էր հայոց աստվածների պաշտամունքը: Իսկ քրիստոնեության ընդունումից հետո վրաց եկեղեցին, մինչ քաղկեդոնականության ընդունումը, ենթակա էր Հայ առաքելական եկեղեցուն:

Հինգերորդ դարում Վրաստանը հզորացավ Վախթանգ Գորգասալ թագավորի իշխանության տարիներին: Գայլ Վահան Մամիկոնյանն իր հակապարսկական ապստամբությունը 480 թվականին սկսեց հենց վրաց արքայի դրդմամբ: Ամենայնիվ, 523 թվականին Սասանյանները Վրաստանում էլ վերացրին թագավորական իշխանությունը և երկրի կառավարումն իրականացնում էին մարզպանների միջոցով:

Շուտով արաբները նվաճեցին Հայաստանը, Աղվանքն ու Վրաստանը: Ձևավորվեց Արմինիա ոստիկանությունը, որի կազմի մեջ մտան նաև Վրաստանն ու Աղվանքը:

9-րդ դարում Հայաստանն անկախացավ: Վրաստանը դարձյալ հայոց թագավորության ազդեցության ոլորտում էր: Հայոց Սմբատ Ա արքան (890-914) 899 թվականին իր ազգական Ատրներսեհ Բագրատունուն կարգեց վրաց թագավոր, որով հիմք դրվեց վրաց Բագրատունիների թագավորությանը, որ իր գոյությունը պահպանեց մինչև 1801 թվականը;

Բագրատունիների թագավորության օրոք Վրաստանը հայոց պետությանը ենթակա փոքր թագավորություն էր: Հայ Բագրատունի արքաները կրում էին ,,Թագավոր հայոց և վրաց,, տիտղոսը:

11-րդ դարում Վրաստանի մեծ մասը ենթակա էր Լոռվա Կյուրիկյան թագավորությանը: Դավիթ Անհողին թագավորը (990-1048) գրավեց և իրեն ենթարկեց Դմանիսի և Թիֆլիսի ամիրայությունները, գրավեց Կախեթն ու այնտեղ գահ բարձրացրեց կրտսեր որդուն՝ Գագիկ Կյուրիկյանին:

1045 թվականին կործանվեց Անիի Բագրատունիների թագավորությունը, և Բագրատունյաց տիրույթներում առաջնության համար պայքար սկսվեց վիրաափխազական թագավոր Բագարատ Դ և Լոռվա Կյուրիկյան թագավոր Կյուրիկե Բ միջև: Վրաց արքան 1064 թվականին Քվեշի անտառում ծուղակ լարեց հայոց արքայի դեմ, կալանեց նրան և եղբոր՝ Սմբատի հետ գամեց խաչափայտին, սույնով ստիպելով, որ Լոռվա թագավորությունը Վրաստանին զիջի Սամշուլդե քաղաքը: Մեկ տարի անց, Կյուրիկե Բ դաշնակցելով սելջուկների հետ՝ վրեժ լուծեց վրացիներից՝ իր զորքով ավերելով վրաց շատ բնակավայրեր:

Ամենայնիվ, հայ-վրացական հակամարտությունն ավարտվեց վրացիների օգտին և վրաց Դավիթ Դ Շինարար արքան (1089-1125), 1118 թվականին գրավեց Լոռվա թագավորությունը:

Վրաստանը հզորացավ Դավիթ Շինարարի օրոք: Նա բարենորոգումներ իրականացրեց երկրում, ինչպես ժամանակին հայոց Աշոտ Գ Ողորմած (954-977) արքան: Վրաստանն իրենից ներկայացնում էր յոթ առանձին թագավորությունների միություն, որոնցից մեկը Սոմխիթն էր՝ Հայաստանը, որ ընդգրկում էր Լոռվա թագավորության տարածքը, իսկ Կյուրիկյան հայոց թագավորների սերունդները ձևականորեն դեռևս կրում էին ,,Հայոց թագավոր,, տիտղոսը: Այս յոթ թագավորությունները դաշնային հիմունքներով միավորվել էին և թագավորության գլուխ կանգնած էր վրաց Բագրատունի արքան: Մի խոսքով՝ Դավիթ Շինարարը պետական կառավարման ոլորտում կիրառեց hայ Բագրատունիների փորձը: Ի տարբերություն նախորդ դարերի, արդեն վրաց Բագրատունիներն էին կրում ,,Թագավոր Վրաց և Հայոց,, տիտղոսը:

1177 թվականին վրաց արքա Գյորգի Գ դեմ հզոր ապստամբություն բռնկվեց: Ապստամբության առաջնորդները Օրբելիներն էին, իսկ ապստամբների հիմնական ուժը հայ ազնվականությունն էր: Ապստամբները ցանկանում էին գահ բարձրացնել օրինական թագաժառանգ Դեմետրեին, ով խոստացել էր գահ բարձրանալով՝ վերականգնել հայոց թագավորությունը: Սակայն ապստամբներին վճռական պահին դավաճանեց և Գյորգի Գ կողմն անցավ Սարգիս Զաքարյանը: Արդյունքում՝ ապստամբությունը դաժանորեն ճնշվեց:

Բայց Գյորգի Գ առատ վարձահատույց եղավ Սարգիս Զաքարյանին՝ Օրբելիների փոխարեն նրան վստահելով վրաց զորքի սպարապետությունը:

Սարգսի որդիները՝ Զաքարեն և Իվանեն՝ բազմապատկեցին Վրաստանի փառքը: Հայոց զորքով մղած շուրջ քսանամյա պատերազմների ընթացքում Զաքարյաններն ազատագրեցին գրեթե ողջ հայկական բարձրավանդակը՝ ոչնչացնելով սելջուկյան զորությունը տարածաշրջանում:

Ուրճացրած է վրաց Բագրատունիների, հատկապես՝ Թամար թագուհու (1184-1213) դերակատարությունը Զաքարյան Հայաստանի հզորության գործում: Իրականում, հենց Զաքարյանների անվան հետ է կապված Վրաստանի փառքը. Բավական է նշել, որ վրաց պետության մեջ առկա հինգ հիմնական գործակալություններից չորսը Զաքարյանների ձեռքին էին: Զաքարյանները կարող էին իրենց անգամ թույլ տալ տնօրինել վրաց թագուհու անձնական կյանքը… հետևաբար՝ վրաց պետության զորության այդ ժամանակաշրջանը միմիայն պայմանավորված էր հայ Զաքարյանների զորությամբ:

Պետք է նշել, որ Զաքարյանների շրջանի հայ-վրացական միասնական պետության մեջ լուրջ առճակատում առաջացավ հայ և վրաց եկեղեցիների միջև: Բանը հասավ նաև բանադրանքներին և լուրջ առճակատումներին… անգամ՝ զինված առճակատման:

Սակայն Զաքարյանների, ինչպես նաև վրացական պետության հզորությունը կործանվեց մոնղոլական արշավանքների պատճառով: Մոնղոլները գրավեցին թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը:

15-րդ դարում Վրաստանը պառակտվեց երեք թագավորությունների՝ Քարթլի, Կախեթ, Իմերեթիա:

1625 թվականին Վրաստանում հզոր հակապարսկական ապստամբություն բռնկվեց զորավար Գյորգի Սահակաձեի գլխավորությամբ: Գյորգի Սահակաձեն սերում էր Ջավախքում՝ Թմբկաբերդում հաստատված Զաքարյանների կրտսեր ճյուղից;

18-րդ դարում Վրաստանում որոշ դրական տեղաշարժեր կատարվեցին Վախթանգ Զ թագավորի գահակալման շրջանում:

Երկիրը շենացավ ու հզորացավ նաև Հերակլ Բ թագավորության շրջանում (1764-1798): Հերակլը միավորեց Քարթլին ու Կախեթը: Նա մի քանի անգամ ջախջախեց Երևանի խանի զորքերին, Արարատյան դաշտից և Արցախից կազմակերպեց հայության գաղթ դեպի Կախեթ:

Նա հայկական գյուղերով Կախեթում մարդկային պատնեշ ստեղծեց՝ Վրաստանը հաճախ ասպատակող լեզգիների ու հյուսիսկովկասյան մյուս ցեղերի դեմ:

1783 թվականին Գյորգիևսկում կնքված պայմանագրով Ռուսաստանն իր հովանու տակ առավ Վրաստանը:

Հերակլ Բ հետ հայ քաղաքական միտքը մեծ պլաններ կապեց: Մասնավորապես, Հովսեփ Էմինը և Մադրասի հայոց խմբակը, ցանկանալով ազատագրել Հայաստանը, հայ-վրացական գահի միասնական թեկնածու դիտարկում էին հենց Հերակլ Բ արքային:

Սակայն այս ծրագիրը չիրականացավ հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու դավաճանության և Հերակլ Բ թուլակամության արդյունքում: Ավելին՝ պարսից Աղա Մուհամմեդ խանը 1795 թվականին գրավեց Թիֆլիսն ու ավերեց: Վրաց բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցուցաբերել պարսիկներին:

Հերակլ Բ հետո վրաց գահ բարձրացավ նրա որդին՝ Գյորգի ԺԳ: 1801 թվականին մահացավ վրաց վերջին արքան, և ռուսական կաբինետը արգելեց Վրաստանում նոր թագավորի օծումը՝ Վրաստանը բռնակցելով Ռուսաստանին: Պետք է նշել, որ այդ գործում անմասն չէր նաև հայ հոգևորականությունը՝ հանձինս արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի…

19-րդ դարում Վրաստանում մի քանի հզոր ապստամբություններ բռնկվեցին՝ ռուսական տիրակալության դեմ, բայց ռուսները դաժանորեն ճնշեցին այդ ելույթները:

Ամեն դեպքում՝ ռուսական տիրակալության ժամանակաշրջանում Վրաստանը տնտեսապես զարգացավ: Թիֆլիսը դարձավ Կովկասի խոշորագույն քաղաքն ու կենտրոնը:

Միաժամանակ, Թիֆլիսը, որ հայաքաղաք էր դեռ վաղ միջնադարից, 19-րդ դարում դարձավ հայկական կապիտալի ամենամեծ կենտրոնացման վայրը: Թիֆլիսը նաև դարձավ արևելահայոց մշակութային մայրաքաղաքը: Առհասարակ, միջնադարից մինչ 1930-ական թվականները Թիֆլիսի գրեթե բոլոր քաղաքապետերը, բացառությամբ երկուսի, ազգությամբ հայեր էին:

Թիֆլիսում կենտրոնացավ հայոց կապիտալը, որի արդյունքում Թիֆլիսը կառուցապատվեց, շենացավ, գեղեցկացավ՝ դառնալով աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը:

Թիֆլիսի դիմագիծը կերտեցին հայ առևտրաարդյունաբերական խավի ներկայացուցիչները՝ Միքայել Արամյանց, Ալեքսանդր Մանթաշյանց, Մելիք-Ազարյաններ, Ղուկասովներ, Թումանովներ…

1918 թվականի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի դեմոկրատական հանրապետությունը: Նույն թվականի դեկտեմբերին ծագեց հայ-վրացական պատերազմ: Վրացական զորքերը գրավել էին Լոռին, և հայոց բանակը Դրոյի հրամանատարությամբ ջարդեց վրացական զորաբանակները՝ ազատագրելով Լոռին:

1920 թվականին Վրաստանը օգտվելով Հայաստանի հանարապետության ծանր իրավիճակից՝ դարձյալ գրավեց Լոռին: 1921 թվականի փետրվարին Լոռիում հակավրացական հուժկու ապստամբություն սկսեց, որի արդյունքում ոչ միայն ազատագրվեց Հարավային Լոռին ու միացավ Խորհրդային Հայաստանին, այլև՝ Վրաստանում տապալվեց իշխանությունն ու Վրաստանը խորհրդայնացավ: Սակայն Ստալինի ջանքերով, հայկական շատ հողեր՝ Հյուսիսային Լոռին և Ջավախքը, մնացին Վրաստանի սահմաններում…



Նման նյութեր