ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի Facebook-յան հրապարակումը.
«Իմ վերջին հարցազրույցներից մեկում արտահայտված մտքերը որոշ տարակարծություն են առաջացրել մտածող հասարակության մոտ: Այդ իսկ պատճառով կարծում եմ որոշ հստակեցումների կարիք կա: Այսօր անդրադառնամ բժիշկների՝ «սուրբ» լինելուն: Ահա իմ հիմնական թեզերը.
1) Մարդ բժշկելը, մարդուն առողջություն և կյանք պարգևելը իրոք սուրբ առաքելություն է: Բժշկի կոչումը մարդկության մեջ ամենաբարձր կոչումներից է: Մի գուցե, նման վերաբերմունքը բժիշկների նկատմամբ ձևավորվել է մայրիկիս՝ հիսունհինգ տարվա մասնագիտական փորձ ունեցող մանկական բժիշկի ազդեցության տակ, բայց դրանից բան չի փոխվում:
2) Մենք չափազանց խստապահանջ պիտի լինենք բժշկական համալսարանի գործառույթների նկատմամբ. հասարակության ողջ ուժով պիտի բացառենք անորակ և անկիրթ «բժիշկների» բուծումը, դրանք մեր ժողովրդի գլխին իսկական պատուհաս են դառնում հետագայում: Հուսով եմ, որ իմ լավ բարեկամ Արմեն Մուրադյանին կհաջողվի դա անել՝ մեր բոլորի օժանդակությամբ:
3) Հայաստանում կան, առանց չափազանցության, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բժիշկներ, սակայն նրանք հաճախ ստիպված են գործել ճորտատիրականին նմանվող համակարգի ներսում՝ պետության կողմից անմիտ և անպատասխանատու կերպով առողջապահական ոլորտը տեղական օլիգարխիայի քմահաճույքին հանձնելու արդյունքում:
4) Առողջապահական համակարգի տասնամյակներ շարունակ ձևավորված ցցուն արատները՝ երբ հիվանդը ստիպված է ամեն քայլափոխին անհասկանալի վճարներ կատարել և անիծել դրանք ստացողներին, բժիշկների մեղքը չէ, այլ՝ համակարգի կազմակերպիչների և պատասխանատուների, և ճիշտ չէ այդ երևույթը դասել որպես կոռուպցիոն երևույթ: Մենք պիտի գիտակցենք նաև որ ամեն դեպքում թերավճարում ենք բժշկական ծառայությունների դիմաց, քանզի դրանց իրական արժեքը անհամեմատ բարձր է մեր վճարած գումարներից:
5) Աշխարհում գրեթե չկան երկրներ՝ առողջապահական անթերի և կատարյալ համակարգով. ամենուր առկա է դժգոհությունը և անբավարարվածությունը: Մեզանում, ի դեպ, կան անվճար առողջապահության՝ նախկինից մնացած հրաշալի ձեռքբերումներ (շտապ օգնություն, պոլիկլինիկական ամրակցումներ և սպասարկում), որոնց մասին կերազեին աշխարհի անգամ ամենազարգացած երկրները:
6) Ծխելը պետք է արգելել համատարած և ամենուր՝ առողջությունը չեք խնայում, գոնե ձեր բրդյա շորերը խնայեք: Այլ հարցերի շուրջ՝ հաջորդիվ»: