Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ «STEPS» ազգային հետազոտություն։
Նպատակն է ՀՀ 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում ՈՎՀ-ի (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, չարորակ նորագոյացութուններ, շաքարային դիաբետ, թոքի օբստրուկտիվ հիվանդություններ) ռիսկի գործոնների տարածվածության գնահատմամբ դրանց կանխարգելումն է և քաղաքականության մշակումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ ծխախոտի տարածվածության վերաբերյալ Հայաստանում հետազոտություններ են իրականացվում 2004 թվականից:
STEPS ազգային հետազոտության հարցմանը մասնակցել է 18-69 տարեկան 2.349 քաղաքացի։ Հարցման արդյունքներով ծխում են տղամարդկանց կեսից ավելին` 51.5%-ը, կանանց՝ 1.8%-ը։ Նրանց 94.3%-ն օգտագործում է գործարանային արտադրության ծխախոտ։
Ծխելը սկսելու միջին տարիքը 18.1 է։
Ուշագրավ է, որ չափահաս բնակչության 56.4%-ը ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվում է տանը, իսկ 26.6%-ն` աշխատավայրում:
Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների 1300-1500 նոր դեպք: 2016 թվականին ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 1930, որից 1624-ը` տղամարդիկ, 306-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 64.6), իսկ մահացությունը՝ 1170 դեպք, որից 975-ը` տղամարդիկ, 195-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 39.1):
Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է, քան կանանց։ Դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ:
Միաժամանակ, Հայաստանում ամեն տարի գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների շուրջ 55.000 նոր դեպք, որոնց զարգացման հիմնական պատճառներից մեկը համարվում է ծխելը: