Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համաձայն չէ, թե ծխախոտի օգտագործումը սահմանափակող օրենքի նախագծում նախատեսված բարձր տուգանքները բյուջեն լցնելու միջոց են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Լևոն Ալթունյանն ընդգծեց, որ բյուջեն լցնելու միջոց կլինի այդ տուգանքների էժանացումը: «Եթե մենք էժանացնենք այդ տուգանքները, դա կհամարվեր բյուջեն լցնելու միջոց։ Եթե տուգանքը բարձր է, արգելելու միջոց է, եթե ցածր է, առևտրի առիթ է՝ մի քիչ փող տանք, որ կարողանանք ծխել։ Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ճանապարհով»,- նշեց Ալթունյանը։
Մյուս հարցին, թե հնարավո՞ր է հետ կանգնի նախարարությունը այդքան բարձր տուգանքներից, Ալթունյանը հստակ պատասխան չտվեց և ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի խորհրդարանում քննարկումների ժամանակ։ «Այն ճանապարհը, որը ընտրեց Խորհրդարանը, դա էլ կլինի այն ուղեցույցը, որով կշարժվի նախարարությունը», – ասաց նախարարը։
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման» մասին նախագծի՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ մեկ սպառողական փաթեթում քսան հատ սիգարետից ավելի կամ պակաս լինելու դեպքում, արգելվում է ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ կամ ծխախոտի փոխարինիչներ վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց, արգելվում է ծխախոտի վաճառքը բուժհաստատություններում և այլն։ Արգելվում է նաև վաճառքը մանկապատանեկան կազմակերպությունների տարածքներում, նախադպրոցական, հանրակրթական, ներառյալ 100 մետր շառավղով դրանց հարող տարածքներում, ինչպես նաև՝ խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում։
Տարբեր վայրերում ծխելու համար տուգանքը 50 հազար դրամից հասնում է 250 հազար դրամի։ Ծխախոտի գովազդի համար, օրինակ, նախագծով սահմանվում է 700 հազար դրամ, հատով վաճառքի համար՝ 300 հազար դրամ, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար՝ 100 հազար դրամ, տարածքում ծխելը չարգելելու համար ղեկավարին սպառնում է 500 հազար դրամ տուգանք։