Դիաբետով տառապող կանանց մոտ դաշտանադադարն ավելի վաղ է սկսվում, քան նրանց, ովքեր դիաբետով հիվանդ չեն, պնդում է Գերմանական դիաբետիկ միության փորձագետ, պրոֆեսոր Պետրա Մարիա Շումմ-Դրեգերը: Նրա խոսքով՝ դիաբետով հիվանդ կանանց ձվաբջիջների պաշարն ավելի արագ է սպառվում, ինչն էլ բերում է ավելի վաղ դաշտանադադարի:
Էստրոգենի մակարդակի նվազումն, իր հերթին, կարող է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի տատանումներ առաջացնել՝ վատթարացնելով դիաբետիկ կանանց վիճակը: Պրոֆեսորի խոսքով՝ այս բոլոր պահերը անհրաժեշտ է հաշվի առնել այդպիսի հիվանդներին հետազոտելիս և բուժելիս:
Դաշտանադադարը սկսվելուն պես կնոջ օրգանիզմում նկատվում է էստրոգեն հորմոնի մակարդակի նվազում, որը նաև ազդում է ինսուլինի նկատմամբ զգայունության վրա: Հիվանդ կանանցից շատերն այս մասին չգիտեն և անպատրաստ են դրա հետ կապված արյան մեջ գլյուկոզայի պարունակության տատանումներին:
Այս խնդրին բախվում են նաև այն հիվանդները, որոնք նախկինում դեղերի միջոցով իրենց հիվանդությունը լավ վերահսկել են: Որոշ դեպքերում էստրոգենի մակարդակը շատ կտրուկ է նվազում, որին հավելվում է նաև ուժգնացած սթրեսը, որը պայմանավորված է քնի խանգարումներով և «մակընթացության» նոպաներով: Այս պատճառով բժիշկները, պրոֆեսորի խոսքով, պարտավոր են հիվանդ կանանց նախապատրաստել համանման դրսևորումներին: Խոսքը ոչ միայն մանրամասն տեղեկատվության մասին է, այլև կանանց նոր, պակաս կալորիական սննդակարգի անցնելուն տրամադրելու անհրաժեշտության, որը կօգնի դիաբետը վերահսկել և ինքնազգացողությունը բարելավել: