Ռուբեմ Շուխյանի գրառումը.
«1921-ին ռուս-թուրքական համաձայնության արդյունքում ստեղծված հարևան հանրապետության ղեկավարը կրկին արծարծել է իր զավեշտալի դարձած և վաղուց արդեն բոլորին հոգնեցրած այն թեզը, թե Երևանն, իբր, «ադրբեջանական քաղաք է և այն պետք է անպայման ազատագրվի հայերից»: Զավեշտը՝ զավեշտով, բայց այստեղ հարց է առաջանում. իսկ մենք ի՞նչ ձեռնարկեցինք անկախության այս տարիների ընթացքում ի հակակշիռ այդ բարբաջանքի:
Հիշում եք, երևի, մոտ ութ տարի առաջ առաջարկվել էր մի նախագիծ, ըստ որի «Մոսկվա» կինոթատրոնի այն ժամանակ արդեն չօգտագործվող, լքված ու կիսաքանդ ամառային դահլիճի տեղանքում նախատեսվում էր վերականգնել Երևանի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Պողոս-Պետրոսը: Մի կողմ թողնենք այդ նախագծի մանրամասները՝ ես ինքս կտրուկ դեմ եմ Հայաստանում նոր եկեղեցիների շինարարությանը և կողմ եմ միայն պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնմանը: Բայց, արի ու տես, այդ պահին մի այնպիսի կազմակերպված և ուղղորդվող գործընթաց սկսվեց Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնման նախագծի դեմ (անգամ պետական հիմնարկներում), որ այդ ամենն իրոք շատ կասկածներ հարուցեց: Ինչևէ, այդ նախագիծը հենց սկզբից ձախողվեց, բայց, երևի թե, խելամիտ ու հեռատես մոտեցման դեպքում, լավ թե վատ՝ այսօր մենք գուցեև կունենայինք հայոց բնօրրան Երևանի սրտում հեռավոր 5-րդ դարում հիմնադրված հայկական եկեղեցու վերականգնված տարբերակը, որը շատ կարևոր էր՝ առաջին հերթին հարևանների վերը նշված անհեթեթությունների կանխարգելման առումով:
Անցան տարիներ, և եթե հիմա Թումանյան փողոցի կողմից այցելեք ամառային կինոթատրոնի նույն այդ տեղանքը, ապա նրա մուտքի մոտ ձեզ կհառնի ընդամենը հերթական երևանյան մի շարքային սրճարան՝ «Նյու Կադր» օտարահունչ անվանումով: Այսինքն, եղավ այնպես, ինչպես մեզ մոտ միշտ լինում է ներկա արմատավորված արժեհամակարգում՝ երևի թե ինչ որ մեկին այդ պահին շատ պետք էր, որ այդ նախագիծը չիրականանա, և այն շատ բարեհաջող խափանվեց: Դե ինչ, մնում է միայն հուսալ, որ մի օր ի վերջո պետականամետ, այլ ոչ զուտ սեփականատիրական, մտածողությունը կդառնա մեզ մոտ գերիշող, և հինավուրց Պողոս-Պետրոս եկեղեցին վերջապես ինչ որ կերպ հնարավոր կլինի վերականգնել իր նախկին տեղանքում»:
Սուրբ Պողոս-Պետրոսը Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի մասին մանրամասն նկարագրություններ են թողել 17-րդ դարում Երևան այցելած եվրոպացի ճանապարհորդները: Պատկանում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկ եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել էր 5-րդ դարում և 7-րդ և 12-րդ դարերում ենթարկվել վերանորոգումների: 1679-ի աղետալի երկրաշարժի ժամանակ Երևանի մի շարք եկեղեցիների նման ավերվել էր։ Երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա կառուցվում է նույնանուն նոր եկեղեցի, որից հետո հիմնովին վերանորոգվում է 19-րդ դարում։ Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով գուցեև գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսանկյունից Երևանի կենտրոնում մեծ նշանակություն է ունեցել իր տարողությամբ, կառույցի ամրությամբ և արժեքավոր բազում մանրանկարներով, միաժամանակ նաև կարևորագույն դեր է ստանձնել հարևանությամբ գտնվող Կաթողիկե և Գեթսեմանի եկեղեցիների հետ՝ քաղաքի քրիստոնեական կերպարի պահպանման առումով: 1931-ին Սուրբ Պողոս-Պետրոսը բոլշևիկյան իշխանությունների կողմից բարբարոսաբար քանդվել է և նրա տեղում կառուցվել է ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի շենքը։