Յոդի դեֆիցիտի 11 նշան
Advertisement 1000 x 90

Յոդի դեֆիցիտի 11 նշան

Յոդը հանքանյութ է, որը կենսականորեն անհրաժեշտ է լավ առողջության համար: Այն կարևորագույն դերակատարում ունի վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի մեջ, որոնք անհրաժեշտ են ուղեղի զարգացման, աճի, վերքերի առողջացման և նորմալ նյութափոխանակության համար: Յոդի պակասը սահմանափակում է հորմոններ արտադրելու վահանաձև գեղձի ունակությունը՝ առաջացնելով հիպոտիրեոզ:

2017 թվականին անցկացված հետազոտության համաձայն՝ մարդկանց մոտ երրորդ մասը յոդի պակաս ունի: Ներկայացնում ենք 11 նշան, որոնք ցույց են տալիս, որ մարդու մոտ կարող է յոդի դեֆիցիտ լինել:

Քաշի կտրուկ ավելացում

Յոդի դեֆիցիտի առավել նկատելի նշաններից մեկը քաշի անսպասելի ավելացումն է: Երբ մարդու մոտ առողջ նյութափոխանակություն է կատարվում, սնունդն էներգիայի է վերափոխվում: Հիպոտիրեոզը նյութափոխանակությունը դանդաղեցնում է, և կալորիաները սկսում են ճարպի տեսքով նստվածք առաջացնել, ինչը բերում է քաշի կտրուկ ավելացման: Կարևոր է հիշել, որ գիրանալը ոչ միշտ է յոդի դեֆիցիտի նշան: Քաշի ավելացման ավելի տարածված բացատրությունը մեծ քանակությամբ ավելորդ կալորիաների օգտագործումն է կամ շատ ուտելը: Սակայն եթե քաշի մեծացումն անհնար է այս գործոններով բացատրել, ապա արժի զգուշանալ:

Թուլության զգացում

Երբ մարդու մոտ առկա է յոդի դեֆիցիտ, նա մշտապես թուլություն է զգում: Նա դժվարանում է սովորական առարկաները բարձրացնել, շարժվել, արագ քայլել և այլն: Սա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ հիպոտիրեոզը դանդաղեցնում է մարդու նյութափոխանակությունը, և օրգանիզմը նույն քանակությամբ սնունդից ավելի քիչ էներգիա է ստանում: Մկանները սկսում են այնքան էլ արդյունավետորեն չգործել, ինչպես նախկինում, ինչը մարդուն ստիպում է թուլություն զգալ:

Հոգնածության զգացում

Նյութափոխանակության մակարդակի նվազումը մարդուն նաև ստիպում է մշտական հոգնածություն զգալ: Ինչպես քաշի ավելացումը, հոգնածության զգացումը ոչ միշտ է նշանակում յոդի դեֆիցիտ: Սակայն եթե մարդը բավականաչափ հանգստանում է, իսկ նրա հոգնածությունն անբացատրելի է, դա կարող է յոդի դեֆիցիտի ախտանիշ լինել:

Մազաթափություն

Մազաթափությունը ևս մեկ հնարավոր նշան է, որ մարդու մոտ կարող է յոդի դեֆիցիտ լինել: Վահանաձև գեղձի հորմոններն աջակցում են մազապարկերի վերականգնմանը: Հիպոտիրեոզի դեպքում հորմոնների պակասի հետևանքով պարկերը դադարում են թարմանալ, և ժամանակի ընթացքում մազերը նկատելիորեն քչանում են:

Չոր մաշկ

Հիպոտիրեոզի նշան կարող է լինել չոր, թեփոտվող մաշկը: Վահանաձև գեղձի հորմոնները բջիջներին օգնում են վերականգնվել: Դրանց բացակայությունը կարող է բերել մաշկի եղջերացած մեծ հատվածների առաջացման, որոնք ուժեղ թեփոտվում են:

Մրսելու մշտական զգացողություն

Մրսելու մշտական զգացողություն է առաջանում նաև նյութափոխանակության դանդաղման հետևանքով: Մարդն էներգիայի պակաս ունի ոչ միայն ակտիվ շարժումների համար, այլև նույնիսկ սեփական օրգանիզմը տաքացնելու: Եթե հանկարծ սկսել եք մշտապես մրսել, չնայած սովորական կլիմայի պայմաններում եք գտնվում, սա նույնպես կարող է էնդոկրինոլոգին դիմելու առիթ լինել:

Դանդաղած երակազարկ

Յոդի դեֆիցիտը կարող է սրտին ստիպել ավելի դանդաղ զարկել՝ նաև մկանային թուլության պատճառով, որն առնչվում է ոչ միայն կմախքային մկանունքին, այլև օրգանիզմի բոլոր մնացյալ մկաններին: Սրտի դանդաղ զարկի պատճառով կարող է նաև ցավ առաջանալ սրտում, ինչպես նաև գլխապտույտներ, որ առաջանում են թթվածնի պակասից:

Ուսանելու և հիշողության խնդիրներ

Վահանաձև գեղձի հորմոններն անհրաժեշտ են ուղեղի զարգացման համար: Յոդի դեֆիցիտը կարող է այս հորմոնների անբավարարություն ստեղծել, ինչը կբերի հիշողության և նոր բան սովորելու խնդիրների: 2014 թվականին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հիպոկամպը՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության և ուսանելու ունակության համար, վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակով մարդկանց մոտ փոքր չափեր է ունեցել:

Հղիության բարդություններ

Հղի կնոջ համար դժվար կլինի բավարար քանակությամբ յոդ ստանալ, քանի որ այս միկրոտարրն անհրաժեշտ է ոչ միայն իրեն, այլ նաև ապագա երեխայի օրգանիզմին: Յոդի ոչ մեծ անբավարարության դեպքում երեխայի ուղեղն ավելի վատ կզարգանա, մեծ անբավարարության դեպքում հնարավոր է նույնիսկ պտղի ներարգանդային մահ:

Ցավոտ կամ անկանոն դաշտան

Վահանաձև գեղձի հորմոնի ցածր մակարդակը կարող է ազդել դաշտանային ցիկլի կանոնավորման վրա: Յոդի դեֆիցիտի դեպքում դաշտանն ավելի ցավոտ է ընթանում, քան առողջ ցիկլի դեպքում:

Խպիպ

Յոդի մեծ և քրոնիկական անբավարարության դեպքում տեղի է ունենում վահանաձև գեղձի չափերի մեծացում:

med.news.am