Նույնիսկ փոքր քանակությամբ յոգուրտը չափազանց բարենպաստ է ազդում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա՝ սրտի կաթվածի հավանականությունը նվազեցնելով մոտ 17-21 տոկոսով: Այս մասին նշված է American Journal of Hypertension հրապարակված հոդվածում:
«Մենք վաղուց էինք ենթադրում, որ յոգուրտի երկարաժամկետ օգտագործումը կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, քանի որ համանման արդյունքներ էին հայտնաբերվել մի քանի այլ կաթնաթթվային մթերքներում: Մենք ցույց տվեցինք, որ դա իսկապես այդպես է՝ հետևելով շատ մեծ թվով տղամարդկանց և կանանց, որոնք բարձր ճնշում ունեին, և որոնց կյանքին մենք որոշ դեպքերում հետևել ենք ավելի քան 30 տարի»,- պատմում է Բոստոնի համալսարանից (ԱՄՆ) Ջասթին Բուենդիան:
Բուենդիան և նրա գործընկերները, ուսումնասիրելով ԱՄՆ-ում 1980-ից 2012 թվականներին անցկացված բուժքույրերի (NHS) և բուժաշխատողների (HPFS) շրջանում առողջության մոնիթորինգի նախագծի շրջանակում սոցիալական և առողջապահական ծառայությունների հավաքած տվյալները, պարզել են, որ յոգուրտները բարերար են ազդում արյան շրջանառության օրգանների վրա:
Ընդհանուր առմամբ, գիտնականներին հաջողվել է ստանալ ավելի քան 73 հազար միջին տարիքի և տարեց ամերիկացիների սննդակարգի և առողջության մասին տվյալներ, որոնցից մոտ 4 հազարը մահացել է այս նախագծերի աշխատանքի ընթացքում: Սա Բուենդիային և նրա գոծընկերներին թույլ է տվել հասկանալ, թե նրանց սննդակարգի որ բաղադրիչներն են կապված եղել վաղաժամ մահվան հետ, և որ բաղադրիչներն են մահը հեռացրել ու առողջությունն ամրացրել:
Ինչպես ցույց է տվել այս տվյալների վերլուծությունը, նույնիսկ փոքր քանակությամբ յոգուրտի օգտագործումը՝ շաբաթական մոտ 2 չափաբաժին, ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ բավականին ուժեղ է ազդել սիրտ-անոթային համակարգի վրա:
Օրինակ՝ այսպիսի դեպքերում բուժքույրերի և բժիշկների սրտի կաթվածների հավանականությունը նվազել է մոտ 17 և 21 տոկոսով: Ի հավելումն՝ սրտի և անոթների ցանկացած այլ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը նվազել է կանանց դեպքում 16 տոկոսով, տղամարդկանց՝ 31 տոկոսով, եթե նրանք առողջ սննդակարգով են սնվել:
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե ինչու է սա տեղի ունենում, սակայն ենթադրում են, որ յոգուրտի բարերար ազդեցությունը կապված է ազոտի մոնօքսիդի արտադրումը խթանելու հետ, որը թուլացնում է անոթները և դրանց ստիպում ընդարձակվել, իսկ դրա մեջ պարունակվող ֆերմենտները կարող են խոչընդոտել դրանց պատերին խոլեստերինային վահանիկների առաջացմանը: