Հայաստանում այսօր՝ մարտի 1-ից, ուժի մեջ է մտնում դեղերի բացթողման նոր կարգը. երկրում որպես դեղատոմսային գրանցված դեղերի մի մասը կվաճառվի միայն բժշկի դեղատոմսով: Դրանց թվում են՝ հակաինֆեկցիոն դեղամիջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Դեղերի ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է 2017 թվականի նոյեմբերի 9-ին: Որոշման համաձայն՝ մշակվել են դեղատոմսերի 4 նոր ձեւեր: Դրանցից երկուսը դեղերի համար, որոնք պարունակում են թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր: Եվս երկուսը՝ մնացյալ բոլոր դեղատոմսային դեղերի համար, որոնցից մեկը՝ բազմակի օգտագործման համար:
Դեղատոմսային մեկ ձեւաթղթի վրա կարելի է դուրս գրել առավելագույնը 2 անվանում դեղ՝ բացառությամբ թմրամիջոցների եւ հոգեմետ դեղամիջոցների: Հոգեմետ եւ թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսերը ուժի մեջ են 10 օր, մնացյալ բոլոր դեղերի, ներառյալ բազմակի օգտագործման դեղատոմսերը՝ 6 ամիս:
Նշենք, որ կառավարության այս որոշումը Հայաստանի բնակիչների շրջանում խուճապ էր առաջացրել, որոնք սկսել են դեղատներից անխտիր ամեն ինչ գնել: Խուճապը մասամբ հրահրվել էր նաեւ Առոջապահության նախարարության գործողություններով, քանի որ նոյեմբերի 9-ի նշված որոշումը վերաբերում է ընդամենը դեղատոմսային ցուցակի դեղերին, եւ ԱՆ հրահանգով դեղատներում հայտարարություն է փակցվել ամբողջ ցուցակի համար դեղատոմսերի անցնելու մասին: Ավելի որշ ԱՆ-ն որոշում ընդունեց նոր նորմը փուլային ներդնելու մասին. մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն հակաբիոտիկները եւ հորմոնալ դեղամիջոցները, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկվող դեղամիջոցները, հոկտեմբերի 1-ից՝ մնացյալ բոլորը: Սակայն դեղատներում փակցված է մնացել նախկին որոշումը:
Դեղագործների տվյալներով՝ վերջին շաբաթում վաճառքը 2-3 անգամ աճել է, բնակչությունն անխտիր ամեն ինչ գնել է՝ մանրամասների մեջ այնքան էլ չխորանալով, թե որ դեղերն են դեղատոմսերով լինելու, որոնք՝ առանց դեղատոմսի:
Նորամուծությունը դժգոհություն է հարուցել ոչ միայն Հայաստանի բնակիչների շրջանում, այլեւ դեղագործական եւ բժշկական հանրույթի: Կասկածի տակ չդնելով, որ համապատասխան դեղերի, մասնավորապես՝ հակաբիոտիկների, դեղատոմսերով վաճառքը ճիշտ նորմ է, շատերը այս կարգը եւ դեղամիջոցների նման քանակությամբ հատկապես հիմա ներդնելու ճիշտ լինելու կասկած են հայտնել: Շատերը համարում են, որ Հայաստանի առողջապահության համակարգը դրան դեռեւս պատրաստ չէ: