«Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանի «Քամի» երգը մրցակցային չէ, բացի այդ՝ այն շատ եմ նմանեցնում Արամ MP3-ի «Not alone» երգին: Առհասարակ, երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ, որ մեր տղա մասնակիցներից շատերը մրցույթին ներկայացել են պալատական երգերով, այնինչ` ավելի հետաքրքիր կլիներ ռիսկի դիմել՝ թեկուզ գործիքավորման առումով: Երգի ընտրության հարցում մենք գրեթե միշտ սխալվում ենք»- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, գործիքավորող ԴերՀովան, ով «Քելե, քելե» երգի երաժշտության հեղինակն է: Հիշեցնենք` «Քելե, քելե» երգով Սիրուշոն Հայաստանը 2008-ին ներկայացրեց «Եվրատեսիլ»-ում և զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:
ԴերՀովան պարզաբանեց, որ ռիսկային քայլ ասելով՝ նկատի չունի, որ հարկավոր էր, օրինակ, Կամիլ շոուին ուղարկել «Եվրատեսիլ». «Հայերիս կարող է թվալ, որ Կամիլ շոուն Եվրոպայում կաշխատեր, բայց ինձ այդպես չի թվում: Նա կարծես ծաղրում էր մրցույթը, չեմ ասում՝ մեզ խայտառակում էր, պարզապես ծաղրում էր, բայց մենք բավական լուրջ ենք մոտենում «Եվրատեսիլ»-ին»-մեկնաբանեց ԴերՀովան: Նրա խոսքով՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակչում հայտնված երգերից ոչ մեկն իրեն չի հետաքրքրել. «Կուզեի, օրինակ, «Գաթա բենդ»-ը գնար «Եվրատեսիլ», բայց ոչ այն երգով, որ ներկայացրել էր: Եզրափակիչ անցած երգիչներից ինձ համար ամենաուժեղը Մհերն էր, բայց նա էլ ներկայացրեց ոչինչ չասող, հնացած մի երգ, Սևակը ևս հոյակապ երգիչ է, բայց երգն անհաջող է»:
Ամեն դեպքում, «Դեպի Եվրատեսիլ»-ի ֆորմատը շատ է դուր եկել ԴերՀովային, նա գովելի է համարում այն փաստը, որ մրցույթին երգիչները կարող են ներկայանալ հեղինակային գործերով. «Մրցույթի մասնակիցներից շատ հավանեցի «Նեմրա» և «Ալտերնատիվ» խմբերին, ի դեպ՝ վերջինիս՝ ավելի շատ: Ուրախ եմ, որ ռոքն այսքան ակտիվորեն ներկայացվում է մրցույթում»,- ասաց գործիքավորողը: Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած 10 մասնակիցներն էին՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրա»-ն, Կամիլը, Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը։ «Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։