Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է.
Կանանց տոնը նշվում է տարի մեկ անգամ այն պատճառով, որ տարվա բոլոր մնացած օրերը տղամարդկանց տոնն է: Ուզում եք կանանց տո՞ն նշենք: Առաջարկում եմ հետևյալ տարբերակը՝ հռչակենք այդ օրը ոչ աշխատանքային ՄԻԱՅՆ կանանց համար: Այսինքն տղամարդկանց համար թողնենք դա սովորական աշխատանքային օր ՝ և տեսնենք, թե դրանից ինչ է ստացվելու: Պատկերացրեք՝ առավոտյան սովորականի պես բացվում են խանութները, դրպոցները, ԲՈՒՀ-երը, հիվանդանոց-պոլիկլինիկաները, սրճարաններն ու ճաշարանները, փոքր ու մեծ արհեստանոցները: Բայց առանց կանանց: Տրանսպորտն անսովոր դատարկ է: Մեքենաներով սլացող տղամարդիկ զարմանքով նայում են միմյանց, դեռ չհասկանալով, թե ի՞նչ է պատահել: Հաշված րոպեներ անց սկսվում են առաջին անախորժություններն ու անհեթեթությունները:
Պարզվում է, որ դպրոցներն ամբողջությամբ և բուհերի մեծամասամբ պարապության են մատնված՝ դասատուներ-դասախոսները չկան: Չեն եկել: Հիվանդանոցներում և շատպ օգնության կայաններում խուճապ է՝ չկան բժիշկների մեծ մասը և ընդհանրապես ոչ մի բուժքույր: Խանութները ստիպված են փակվել, քանի որ ոչ դրամարկղում, ոչ վաճառասեղանների մոտ աշխատող չկա: Հիմնարկներում դժգոհ ՛՛շեֆերը՛՛ ինքնուրույն են եփում իրենց առավոտվա սուրճը, թափելով հատակին և չգտնելով բաժակները, սակայն շուտով գիտակցում են, որ առանց քարտուղարուհու դեռ հնարավոր է, իսկ հաշվապահի, փոխտնօրենի, գործավարի բացակայությամբ աշխատանքը փակուղի է մտել: Փողոցներով աննպատակ ու մոլորված տեղաշարժվում են հարկային ու մաքսային տեսուչները, շփոթված սուլում են ոստիկանները: Բոլորը, բնականաբար, արական սեռի:
Ընդմիջմանը սոված ու ջղայն տղամարդիկ հայտնաբերում են սրճարանների ու խորտկարանների փակ դռներն ու դատարկ ցուցապեղկերը: Քաղաքային կենսապահովման միակ գործող օղակ է մնում երթուղային և սովորական տաքսիների եռուզեռը, սակայն գրեթե դատարկ վիճակում: Օրվա կեսին հասկանալի է դառնում, որ կյանքն այլևս անիմաստ և անհնար է: Կանայք լիաթոք ծիծաղում են, հետևելով այս ամենին պատուհաններից և կիսելով իրար մեջ տպավորությունները հեռախոսներով:
Կասեք՝ նույնքան անհեթեթ ու աներևակայելի է հակառա՞կ պատկերը: Ոչ: Այցելեք Շիրակի ու Լոռվա, Սևանի կամ Տավուշի շատ ու շատ բնակավայրերը: Դուք կտեսնեք միայնակ կանանց աշխարհը, որոնք տասնամյակներով ապրում, աշխատում, երեխաներ են մեշացնում, երկիր են պահում առանց տղամարդկանց: Ամուսինները օտար հող են մշակում, օտարների համար տներ են կառուցում, օտար կանանց են սիրահետում:
Հայաստանը դարձել է կանանց երկիր, մնալով տղամարդկանց աշխարհի օրենքներով ապրող, տղմարդկանց լծի տակ տառապող, տղամարդկանց քմահաճույքներին, բարդույթներին, դաժանությանը ու տհասությանը ծառայող կանանց տարածք:
Կանանց տոնը մի նշեք: Իշխանությունը փոխանցեք կանանց: Եթե ուզում եք փրկել մեր երկրից ու ազգից մնացած այս բուռը: