Գրիպի համավարակը կարող է ընդամենը 200 օրում 33 մլն մարդու կյանք խլել, և նման համավարակի կասեցումն անհնարին է թվում, պնդում է գրիպի մասնագետ, պրոֆեսոր Ռոբերտ Դինգվալը:
Նրա խոսքով՝ գրիպի վիրուսի տարածումը կարող են դանդաղեցնել այնպիսի հասարակ միջոցները, ինչպիսին են ձեռքերը պարբերաբար լվանալը և փռշտալիս բերանը փակելու սովորությունը: Սակայն եթե անգամ շրջապատում բոլորը հետևեն այս կանոններին, հազիվ թե հաջողվի վիրուսը կասեցնել:
Ոչ այնքան վաղուց Global Health Council-ի բժիշկ Ջոնաթան Քվիկը նույնպես նախազգուշացնում էր, որ գրիպի վիրուսը ցանկացած պահի կարող է վտանգավոր մուտացիաների ենթարկվել, ինչը կարող է բերել մարդկանց շրջանում սարսափելի համավարակների:
Ինչպես նշել է բժիշկ Դինգվալը, գրիպը չափազանց վարակիչ հիվանդություն է, և ոչ մի բան չկա, որը կկարողանար այս վիրուսի տարածումը կանգնեցնել:
«2009 թվականին օդանավակայաններում փորձել են սքրինինգ անցկացնել, սակայն դա չգործեց, քանի որ գրիպով մարդիկ վարակիչ են գրիպի առաջին ախտանիշների հայտնվելուց դեռևս 4 օր առաջ,- ասել է մասնագետը: – Միակ բանը, որ կարող եք անել (չվարակվելու համար) այն է, որ հետևեք ձեր հիգիենային, ձեռքերը լվանաք, իսկ կեղտոտ մակերևույթներին հպվելուց հետո բերանին չդիպչեք: Սակայն, միևնույն է, դուք կարող եք գրիպով վարակվել ձեր կողքին փռշտացող մարդուց»:
Բժիշկ Դինգվալը վստահ է, որ գրիպի համավարակ է բռնկվելու, որը ընդամենը 200 օրում տասնյակ միլիոնավոր մարդկանց կսպանի: Իսկ առաջիկա 2 տարում գրիպի հետևանքով կարող է մահանալ ոչ պակաս 300 մլն մարդ, որը կարող է բերել գլոբալ տնտեսական կոլապսի:
Դինգվալը հիշեցրել է, որ 2009 թվականին խոզի գրիպի համավարակը «ծնվել» է հսկա արդյունաբերական ֆերմաներում և ամբողջ աշխարհում մոտ 575 400 մարդու սպանել: Մասնագետի պնդմամբ՝ բացառված չէ, որ գրիպի հաջորդ խոշոր համավարակը նույնպես կմեկնարկի գործարանային ֆերմաներում: