Երբ հերթական անգամ կանգնած էի «ճանկող արծվի» դեմ, փորձում էի մտաբերել մյուսները, և հասկանալ օրինաչփություն, կապ կա՞ խնդրո առարկա պատկերագրությունը կրող տապանաքարերի միջև:
Համադրելով ինձ հայտնի տապանաքարերի պատկերագրությունները, այն անցկացնելով հարգելի Karen Matevosyan -ի առաջ քաշած վարկած պրիզմայի միջով, մի հետաքրքիր մտքի հանգեցի /այն կարող եք կարդալ այ էստեղ՝http://www.armenianart.org/books/noravank_book_web.pdf/ :
Նախ ասեմ, մտորումների ժամանակ հիշեցի մեր գյուղի խաչքարը, որի քիվին առկա է ճանկող արծիվը: Բայց խաչքարը հիշելու պահին, հիշեցի նաև, որ մոռացել եմ արձանագրության բովանդակությունը:
Որոշեցի, եթե կարդամ արձանագրությունը և գտնեմ այն, ինչ ենթադրում եմ, ուրեմն պատկերագրության նշանակություն, իմաստային արտահայտությունը, գոնե էս պահին ու ինձ համար /Գեղարքունիքի խաչքար-տապանաքարերի տվյալների հիման վրա/ արդեն պարզ է: Եվ գտա այն, ինչ ենթադրում էի:
Հիմա բացեմ փակագծերը:
Հիշյալ տապանաքարերում առկա պատկերագրությունները թույլ են տալիս ենթադրել, որ գործ ունենք վաղաժամ մահվան հետ: Նույնը հանդիպում ենք խաչքարի դեպքում, այն էլ արձանագրության տեսքով՝ հայրը կանգնեցնում է խաչքարը որդու համար /այլ կերպ վաղաժամ մահ չի լինում/:
Հայտնի է, թե՛ խաչքարերի և թե՛ տապանաքարերի վրա շատ հազվադեպ են հիշատակում կյանքի ավարտի մասին: Եվ եթե հիշատակվում է, միմիայն վաղաժամ, անժամանակ մահերը նշելու համար՝ այն էլ հատուկ ձևով՝ տվյալ անձը չի մահացել, այլ ուղղակի փոխել է կենսաձևը, նա փոխվել է կատարյալ միջավայր՝ Քրիստոսի մոտ /հիշում ենք Կարամազով եղբայրների այն դրվագը, երբ սրբահայր Զոսիման մխիթարում էր որդեկորույս մորը/:
Ոմանց համար թույլ, մյուսների համար հզոր ինքնապաշտպանական միջոց, հնար բնազդ /ինչպես կարող եք անվանել/ վշտին դիմադրելու, մահվան, ավելի ճիշտ վաղաժամ մահվան առկայության հետ համակերպվելու համար /և ոչ թե մահվանը հաղթելու/:
Ինչ կուզեմ ասել, կարող ենք նշել՝ «արծիվը»՝ «ճանկողը» «վեր, կատարյալ միջավայր, երկնային արքայություն է տանում» մահացածին /անժամանակ՝ «ԿԵՍՕՐԻՆ» երկնային կյանքը լքածին/ ՝ «ճանկվածին»․ և այդ տեղափոխությունը պատկերելը տապանաքարերի վրա որպես հիշեցում ու ապացույց է՝ մահ չկա, կա ուղղակի կայքի ձևի փոփոխություն․ համոզմունք, որն այնքան անհրաժեշտ է վշտակիր մարդկանց /հատկապես ծնողներին/ համար:
Նման մի օրինաչափություն էլ կա այն խաչքարերի միջև, որոնցում առկա «դժոխքի ավերում»-ը : Դրա մասին հետո, երբ երկար- բարակ գրելու ցանկությու կլինի: