«Ունենք զինատեսակներ, որ կարող են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական և ռազմական ներուժը». Վ. Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Ունենք զինատեսակներ, որ կարող են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական և ռազմական ներուժը». Վ. Հարությունյան

Երբ մենք գնահատում ենք Ադրբեջանի զորավարժությունները, պետք է հասկանանք, որ ադրբեջանական կողմի՝ նման ծավալի զենքի ցուցադրությունն ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին: Այս մասին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ սպառազինությունը ներքին սպառման համար ցուցադրվում էր այն պատճառով, որ առաջիկայում ընտրություններ են, իսկ Ադրբեջանն ուզում է իր ժողովրդին ցույց տալ, որ այն փողերը, որ իրենք ծախսել են, բանակի զարգացմանն են ուղղել. «Վերջին 5 տարվա ընթացքում իրենք ծախսել են մոտ 20 մլրդ: Զորավարժությամբ նրանք ուզում են ցույց տալ, որ փողը ծախսել են դրա վրա և Ղարաբաղի հարցը լուծելու են նաև ուժով: Մյուս կողմից սա պետք է դիտել որպես ուժի ցուցադրում ոչ միայն Հայաստանին և Ղարաբաղին, այլ նաև համանախագահներին»:

Նախկին նախարարի ձևակերպմամբ՝ նույն ապրիլյան գործողությունները պետք է գնահատել այն տեսանկյունից, որ Ադրբեջանը փորձում է այդպիսի ոչ լայնածավալ պատերազմով, այդպիսի գործողություններով ստիպել համանախագահներին, որ եթե նրանք չբերեն Ղարաբաղի լուծման տարբերակ, որը կբխի իրենց շահերից, ապա ինքը՝ Ադրբեջանը, կարող է պատերազմ սկսել. «Դրա հետևանքները պարզ են՝ նավթային, գազային ապահովումը կարող է վտանգի ենթարկվել, դա մի կողմից: Մյուս կողմից նրա հիմնական ռազմավարությունն այն է, որ պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ փորձում է դժգոհություն ձևավորել Հայաստանում և Ղարաբաղում, որ Ղարաբաղի հարցը չի լուծվում, զոհվում են մեր երեխաները, և դրանով ազդել ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որ գնան Ղարաբաղի հարցի լուծման՝ զիջումների տարբերակով»:

Բացի այդ, ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ կան զուտ ռազմական նպատակներ, իրենք ստուգում են իրենց ծրագրերը, իրենք ունեն ծրագիր, ըստ որի՝ պետք է պատերազմով վերադարձնեն Ղարաբաղը, և դա ստուգում են: Զորավարժությունների ժամանակ ստուգում են, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն էր Ադրբեջանի սպառազինությունը՝ հայկական կողմի հնարավորությունների համեմատ, պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է. «Իհարկե, այդքան գումար ծախսելը նշանակում է ունենալ այնպիսի զենք, որ համապատասխանում է ժամանակակից պահանջներին: Նրանք ունեն համապատասխան զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանություն, հրետանի»:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ ժամանակակից զենքեր և զինատեսակներ կան, որոնց հարցում Ադրբեջանն ունի առավելություն: Գնահատելով՝ երկրների ռազմական բալանսը՝ պետք է հաշվի առնել, որ բանակի մարտունակությունը մի չափանիշ է, զենքը, զենքի քանակը և դրա որակը՝ մեկ ուրիշ: Այստեղ ադրբեջանական կողմն ունի խնդիրներ. «Ապրիլյան գործողությունները ցույց տվեցին, որ իրենք չկարողացան արդյունավետ օգտագործել այդ բարդ զինատեսակները, և մեր զինվորները, սպաները ցույց տվեցին՝ այն զենքը, որ մենք ունենք, շատ էֆեկտիվ գործում է: Եթե մեր զինվորը կարողանում է նռնականետով խոցել ուղղաթիռը, եթե ֆագոտի օպերատորը կարողանում է մի քանի տանկ խոցել, սա վկայում է այն մասին, որ մեր բանակում մասնագիտական, տակտիկական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի է»:

Նախկին նախարարի մեկնաբանմամբ՝ եթե Ադրբեջանն ունի առավելություն տարբեր զինատեսակների տակտիկական օղակում, ապա հայկական կողմի առավելությունը, բացի նշվածներից, ռազմավարական օղակում առավելությունն է:

«Մենք ունենք զինատեսակներ՝ «Սկադ» հրթիռային համակարգ, «Իսկանդեր», որն ի վիճակի է ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ տնտեսական և ռազմական ներուժը: Սա բերում է այն բալանսին, ինչի մասին մենք ասում ենք, որ ռազմաքաղաքական բալանսն ապահովված է»,-եզրափակել է Վաղարշակ Հարությունյանը:



Նման նյութեր