Եթե Ձեր շրջապատում կան ճարպակալում ունեցող շատ մարդիկ, Ձեր քաշ ավելացնելու սեփական ռիսկը մեծանում է: Իսկ եթե հաշվի առնվեն լրացուցիչ գործոնները, օրինակ՝ գենետիկան, ապա կարելի է հանգել այն եզրակացության, որ ճարպակալումը որոշակի աստիճանում սոցիալական վարակ է:
«Ճարպակալմամբ վարակվել՝ նշանակում էր, որ ինչքան Ձեր շուրջը շատ են մարդիկ ավելորդ քաշով, այնքան ավելի բարձր է հավանականությունը, որ Դուք նույնպես կգիրանաք: Այլ խոսքերով՝ կեցությունը հասարակությունում, որտեղ ճարպակալումը համարվում է նորմա, բերում է այն բանին, որ նստակյաց կյանքը, անառողջ սնունդը և ավելորդ քաշը դառնում են սոցիալապես ավելի ընդունելի»,- hightech.fm-ի հաղորդմամբ՝ ասում է Աշլեշա Դատարը՝ գիտությունների դոկտոր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից, հետազոտության հեղինակներից մեկը:
Հետազոտությունը կատարվել է զինծառայողների ընտանիքների օրինակի վրա, որոնք սովորաբար չեն ընտրում իրենց կեցության վայրը: Դրանում մասնակցել են ավելի քան 2 հազար երեխաներ և մեծահասակներ ԱՄՆ-ի 38 զինվորական ավաններից: Մեծահասակների տոկոսը, որոնք տառապում են ճարպակալմամբ, տատանվել է տարբեր զինվորական ավաններում 21-ից մինչև 38 տոկոս: Արդյունքում՝ պարզվել է, որ ընտանիքի անդամները, որոնք տեղափոխվել են այնտեղ, որտեղ այդ տոկոսը բարձր է, ավելի հեշտ են հավաքել ավելորդ քաշ:
«Եթե ընտանիքը տեղափոխվում է ճարպակալման ցածր տոկոսով ավան, ինչպիսին, օրինակ, Կոլորադո նահանգի Էլ Պասոն է, որտեղ տոկոսը հավասար է 21-ի, ապա երեխաների ավելորդ քաշ հավաքելու շանսերն իջնում են մինչև 29 տոկոսի: Ծնողների գիրանալու շանսերն իջնում են մինչև 23 տոկոս»,- ասել է Դատարը:
Սա առաջին աշխատանքը չէ, որն առաջ է քաշում վարակի ձևով ճարպակալման տարածման մասին հիպոթեզը, ինչպես գրիպը փոքր քաղաքում: 2007 թվականին New England Journal of Medicine-ը հրապարակել է 30 տարվա դիտարկումների արդյունքները: Ուսումնասիրվել է 12 հազար մարդուց բաղկացած սոցիալական ցանցը՝ բացահայտելու համար ավելորդ քաշ հավաքելու հավանականության կապը ճարպակալում ունեցող հարազատների և մտերիմների: Պարզվել է, որ ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը 57 տոկոսով ավելի է, եթե ավելորդ քաշ ունի ընկերը: Իսկ եթե դա շատ մոտիկ ընկեր է, ապա այդպիսի հավանականությունը շատ ավելի մեծ է: Հետաքրքիր է, որ այդպիսի էֆեկտը չի գործել հարևանների դեպքում, բայց աշխատել է եղբայրների և քույրերի դեպքում, չնայած ավելի քիչ, քան ընկերների:
Արդյունքները ցույց են տալիս, որ «ճարպակալման համաճարակ» արտահայտությունը պետք է հասկանալ ավելի բառացի: Բնականաբար, դա վիրուս չէ, որը փոխանցվում է մարդուց մարդուն, բայց ինչպես գրում է New Atlas-ը՝ այն փոխանցվում է հասարակության մեջ՝ որպես սոցիալական վարակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը